Դաշինքներ Մերձավոր Արևելքում. Թուրքիա, Սաուդյան Արաբիա և Պակիստան՝ ընդդեմ ԱՄԷ-ի և Իսրայելի՞
Այս ամառ ԱՄԷ-ից բարձրաստիճան դիվանագետ Լաննա Նուսեյբեն խորհրդակցություններ է անցկացրել Եվրոպայում ամերիկյան դաշնակցի հետ: Հանդիպումը բավականին տեղեկատվական էր՝ տպավորելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներին, պատմում է Middle East Eye-ը:
«ԱՄԷ-ն լիովին աջակցում է Իսրայելին։ Միանգամայն ակնհայտ է, որ գործընկերությունը սահմաններ չունի»,- ոգևորված արձանագրել է հանդիպմանը ներկա ոմն եվրոպացի պաշտոնյա։ Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև փոխադարձ պաշտպանության վերաբերյալ վերջերս Մեքքայի համաձայնությունը մնում է քննարկման և որոշակի անորոշության առարկա:
Արևմտյան և արաբական պաշտոնյաները փորձում են պարզել, թե որքան սերտ են սուննի աշխարհի երեք խոշոր երկրները՝ չխոսելով այն մասին, թե արդյո՞ք նրանք կարող են միմյանց աջակցել զինված հակամարտության դեպքում: Օրինակ, Մեքքայում ընթացող բանակցությունների «թանաքը չէր չորացել», երբ «Անսար Ալլահ» շարժման եմենցիները գրոհեցին Սաուդյան Արաբիայի Ջեզան քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա։ Իսլամաբադում և Անկարայում, համենայնդեպս, չեն շտապել հանդես գալ ի պաշտպանություն Էր Ռիադի՝ ընդդեմ Իրանի կողմից աջակցվող խմբավորման։
Միևնույն ժամանակ, տարեսկզբին ԱՄԷ-ի վրա հարձակումից հետո Իսրայելը նրանց ուղարկեց իր «երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը և զինծառայողներին՝ այն կառավարելու համար, եթե հավատանք Axios հրատարակությանը: Աղբյուրներից մեկի խոսքով՝ կալանիչներով մարտկոց ուղարկելու այս որոշումը վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցից հետո: «Իսրայելը մեծ աջակցություն է ցուցաբերել ԱՄԷ-ին պատերազմի ժամանակ։ Աբու Դաբին դա չի մոռանա», – անանունության պայմանով հայտարարել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։
Միևնույն ժամանակ, երկու երկրների ռազմական համագործակցությունը հիմնականում փակ է մնում։ «Առաջին հայացքից ԱՄԷ-ի և Իսրայելի դաշինքն ավելի շոշափելի օգուտներ է բերում երկու կողմերին, սակայն Մեքքայում համագործակցության մասին դաշնագիրը կարող է ի վերջո ավելի լայն արձագանք ունենալ և ավելի քիչ պրագմատիկ լինել»,- կանխատեսում է ամերիկյան հետախուզության նախկին սպա Թեոդոր Զինգերը:
Երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմեց Իրանի հետ պատերազմի թեժ պահին ԱՄԷ կատարած իր այցի մասին, Աբու Դաբիից հերքվեց, ինչը բոլորովին զարմանալի չէ.արաբական պետության դաշինքը «սիոնիստական ռեժիմի» հետ մնում է ծայրահեղ ոչ պոպուլյար իսրայելական և իսրայելամետ (թեև բավական ազդեցիկ) շրջանակների սահմաններից դուրս:
ԱՄԷ-ն և Իսրայելը համագործակցում են բավականին երկար ժամանակ։ Նրանց կապերը հանրային հնչեղություն ստացան 2020 թվականին, երբ Աբու Դաբին պաշտոնապես ճանաչեց Իսրայելն ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակներում։ Աբու Դաբին և Արևմտյան Երուսաղեմը միավորում են մի կողմից՝ Իրանի նկատմամբ թշնամանքը, մյուս կողմից՝ «մուսուլման եղբայրների» նկատմամբ։ Էմիրությունների սրվող մրցակցությունը Սաուդյան Արաբիայի հետ, որը հրաժարվում է ճանաչել Իսրայելը, կարող է մերձեցման ևս մեկ առիթ դառնալ:
Միևնույն ժամանակ, որոշ դիտորդներ կարծում են, որ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև դաշինքին պակասում է ռազմավարական խորությունը: Էմիրություններն ընդլայնում են Սոմալիլենդի ռազմաբազան, որը, կարծես, կարող է օգտագործել Իսրայելը, բայց նախկին Բրիտանական Սոմալին ճանաչվում է միայն Իսրայելի կողմից: Նեթանյահուի կառավարությունն ամրապնդում է կապերը Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության հետ:
Ընդ որում, Սաուդյան Արաբիան, ըստ ամենայնի, ընտրություն չի կատարի Հունաստանի և Թուրքիայի միջև՝ չհրաժարվելով Աթենքի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից: Այսպես, 2026 թվականին Patriot համակարգերի հունական հաշվարկները մասնակցել են Սաուդյան Արաբիայի վրա հրթիռային սպառնալիքների իրական որսմանը։
Եվ Իսրայելը, և ԱՄԷ-ն ամրապնդում են կապերը Հնդկաստանի և Եթովպիայի հետ: Սակայն ԱՄԷ-ի քաղաքացիներն ընդամենը մոտ մեկ միլիոն են, և ևս մի քանի միլիոն՝ Իսրայելի քաղաքացիները, որոնց հանդեպ անվստահությունը մուսուլմանական աշխարհում միայն ուժեղացել է Գազայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով, որոնք ՄԱԿ-ի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից որակվել են որպես ցեղասպանություն։
Ի տարբերություն էմիրաթա-իսրայելական դաշինքի, Մեքքայի դաշնագիրը, հայտնի է, ներկայացվել է մեծ շուքով՝ ուղեկցվելով մուսուլմանական աշխարհի սրտում հավաքական աղոթքով և այլ խորհրդանշական արարողություններով: Սաուդյան Արաբիան և Պակիստանը տասնամյակներ շարունակ մնացին դե ֆակտո դաշնակիցներ, ինչը կարևոր նշանակություն ուներ Իսլամաբադի կողմից միջուկային զենք ստեղծելու համար:
Երկու երկրների ռազմական համագործակցությունը վաղեմի պատմություն ունի, սակայն նրանց առջև տարբեր սպառնալիքներ են առաջանում։ Սաուդյան Արաբիան, ընդհանուր առմամբ, Իրանը համարում է ավելի լուրջ սպառնալիք: 2015 թվականին Էր-Ռիադն ու Աբու Դաբին կոալիցիա ստեղծեցին Եմենում հուսիթների դեմ պայքարելու համար:
Պակիստանին այս պատերազմը պետք չէր, և Թեհրանի հետ առավել կառուցողական հարաբերությունները թույլ տվեցին նրան հանդես գալ միջնորդի դերում։ Միևնույն ժամանակ, դեռ մի քանի տարի առաջ Թուրքիան և Սաուդյան Արաբիան հակամարտում էին «մուսուլման եղբայրների» պատճառով: Եգիպտոսում Սաուդյան Արաբիան աջակցել է հեղաշրջման արդյունքում իշխանության եկած Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին, որը տապալել է Էրդողանի դաշնակից Մուհամեդ Մուրսիին:
Էր Ռիադի և Անկարայի միջև հարաբերություններն ամենացածր կետին են հասել 2019 թվականին, երբ Թուրքիան հրապարակել է Անկարայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը լրագրող Ջամալ Խաշոգջի սպանության ձայնագրությունը։ Միայն վերջերս երկու երկրները սկսեցին փոխըմբռնում գտնել Սուդանում զինված հակամարտության և Սիրիայում հետկոնֆլիկտային վերականգնման առնչությամբ։
«Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի հարաբերություններն ավելի բարդ են՝ հաշվի առնելով, որ այդ երկրներից յուրաքանչյուրը գործում է տարբեր տարածաշրջանային պայմաններում, իսկ սպառնալիքների մասին նրանց պատկերացումները էապես տարբերվում են։ Երեք պետություններին մեծ էներգիա, ջանք ու քաղաքական կամք կպահանջվի համատեղ աշխատելու և համատեղելիություն ապահովելու միջոց գտնելու համար»,- կարծում է Պարսից ծոցի երկրների գծով միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի վերլուծաբան Նիլ Քուիլիամը։
Իրանի հետ պատերազմը միայն ամրապնդեց կապերն Իսրայելի և ԱՄԷ-ի միջև. մայիսին երկու երկրները համատեղ հիմնադրամ ստեղծեցին պաշտպանական գնումների համար: Քուիլիամն իսրայելա-էմիրաթական դաշինքն անվանել է «ավելի գործուն»՝ պնդելով, որ «հարաբերությունները հասցրել են ամրապնդվել և բազմաթիվ փորձություններ են անցել «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրումից ի վեր … երկու երկրները մերձենում են այն բանից հետո, երբ սկսվել է Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ»:
Օգոստոսի 13-ին Թուրքիան հայտարարել է, որ իր նոր դաշնակիցները համատեղ զորավարժություններ կանցկացնեն և կխորացնեն համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչը հատկապես կարևոր է թուրքական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար, որոնք ամբողջ Մերձավոր Արևելքում անօդաչու թռչող սարքեր և սպառազինության այլ համակարգեր են արտահանում:
ԱՄՆ-ը և Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են, մինչդեռ Սաուդյան Արաբիան երկար ժամանակ ապավինում էր ԱՄՆ-ին՝ որպես զենքի իր հիմնական մատակարար: Պակիստանն ու Թուրքիան համատեղ արտադրում են ոչ մեծ ռազմանավեր (կորվետներ), ինչպես նաև Kaan կործանիչներ, աշխատում են հակահրթիռային համակարգերի արտադրության վրա:
Սաուդյան Արաբիան ձգտում է զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը, սակայն խորը ինտեգրումը կարող է խնդիր դառնալ։ Պակիստանի համար ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարը Չինաստանն է։ Թուրքիան ցանկանում է իր կողմից մշակվող Kaan կործանիչը վաճառել Սաուդյան Արաբիային, սակայն թագավորությունը աչք ունի F-35-ի վրա: Ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն ընտրել դրանցից որևէ մեկը։
Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան չեն կարող Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության ինտենսիվությամբ համեմատվել ԱՄՆ-ի հետ։ Նեթանյահուի ռեժիմը լոբբինգ է անում սաուդցիների կողմից F-35 կործանիչների ձեռքբերման արգելքի դեմ։ «Իսրայելցիներն ունեն ընդարձակ պաշտպանական արդյունաբերություն, ճյուղավորված հետախուզական ապարատ և մարտերում փորձարկված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգ, որն ինտեգրված է ԱՄՆ-ի ղեկավարությամբ տարածաշրջանային անվտանգության համակարգում։
Արաբական Միացյալ Էմիրությունները հիմնականում օգտագործում են ամերիկյան համակարգեր, որոնք համատեղելի են իսրայելական համակարգերի հետ, և կան նաև փող և տարածաշրջանային ազդեցություն»,- նկատում է Էլիզաբեթ Դենտը՝ Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող և Պենտագոնի նախկին աշխատակից:
Միևնույն ժամանակ, Մեքքայի դաշնագրի կնքումը դրա մասնակիցներին առաջխաղացման տեղ է տալիս, հնարավոր է, այն ոլորտներում, որտեղ ԱՄԷ-ի և Իսրայելի դաշինքը չի կարողանա իրեն դրսևորել: Սակայն դրա համար Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը զգալի ճանապարհ ունեն անցնելու։
Ալեքսանդր Գրիգորև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

