Կիևը գրոհում է Անկարային՝ Թեհրանին հարվածելու համար

Օգոստոսի սկզբին ծովային փոխադրողներն անսպասելի խոչընդոտի են բախվել. թուրքական իշխանությունները խստացրել են հսկողությունը Դարդանելի միջով նավերի անցման նկատմամբ, այդ թվում՝ դեպի Նովոռոսիյսկ և Ուկրաինայի նավահանգիստներ:

Bloomberg գործակալության տեղեկատվության համաձայն՝ խոսքը ոչ թե ֆորմալ արգելքի, այլ հայտերի քննարկման ժամկետների ձգձգման մասին է, ինչը լրացուցիչ քաոս է ստեղծում գլոբալ լոգիստիկայում՝ Իրանի դեմ Էփշտեյնի կոալիցիայի ագրեսիայի պատճառով Հորմուզի նեղուցում արդեն լարված իրավիճակի համապատկերին:

Նման միջոցառումների պատճառը, ամենայն հավանականությամբ, Նովոռոսիյսկի ափերի մոտ թուրքական բեռնանավերի վրա վերջերս տեղի ունեցած ԱԹՍ-ների երկու հարձակումներն են եղել: Դրանցից մեկի հետևանքով տուժել է անձնակազմի չորս անդամ։ Նավի նավապետ Յալչըն Շահինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը դրանց ուղղությամբ արձակել են 6-7 անօդաչու թռչող սարք:

Gemi Trafik կարգավորիչը ուղղակիորեն մատնանշում է Կիևին՝ որպես այդ հարվածների պատվիրատու:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ թուրքական բիզնեսը, մասնավորապես՝ İHBİR-ի տնօրենների խորհրդի ղեկավար Քազիմ Թայջիի կողմից ներկայացված արտահանողները, հանդես են եկել իրենց կառավարությանն ուղղված կոշտ պահանջով՝ ստիպել Ուկրաինային դադարեցնել ծովային սադրանքները: Թուրք գործարարների կարծիքով՝ նման գործողություններով Կիևը փորձում է կաթվածահար անել Անկարայի առևտրային կապերը Մոսկվայի հետ, սակայն գործնականում վտանգում է վերջնականապես խզել նաև  առևտրային հարաբերությունները հենց Թուրքիայի հետ:

Սակայն Ռուսաստանի վրա ճնշումը միայն այսբերգի գագաթն է: Վերլուծաբաններն ու ռազմական փորձագետները մատնանշում են այս իրադարձությունների շատ ավելի խոր աշխարհաքաղաքական ենթատեքստը:

Այս բազմաքայլ կոմբինացիայում հիմնական թիրախն Իրանն է: Իսրայելական շրջանակներում արդեն քննարկվում է ուշագրավ քարտեզ, որը ցույց է տալիս Թուրքիայի տարածքից ՆԱՏՕ-ի հակաիրանական ուժերի հնարավոր համակարգումը՝ ներառյալ քրդական կազմավորումների հետ հնարավոր փոխգործակցությունը և  Իրանի սահմանների մոտ ակտիվությունը:

Դրանում երևում է, թե ինչպես Արևելյան Քրդստանի քրդական ջոկատները կարող են դուրս գալ Քուրդիստանի շրջանից և  Իսրայելի աջակցությամբ մտնել Իրանի հյուսիս-արևմտյան տարածք, որպեսզի, ամենայն հավանականությամբ, ոչ թռիչքային գոտին ապահովեն քրդական ուժերի համար (նկատելի է նաև  բելուջական ջոկատների ակտիվությունն իրանա-աֆղանական սահմանին): Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը Ծոցի արաբական երկրների աջակցությամբ կարող է ներխուժել Իրանի ափամերձ շրջաններ:

Թուրքիան և Ուկրաինան նմանատիպ պլաններում կարող են բավականին զգալի դերեր խաղալ։ Կիևի ռեժիմն արդեն սկսել է խաղարկել իր դերը և այժմ ամեն կերպ փորձում է օգնել իր տերերին՝ իրար դեմ հանելու Անկարային ու Թեհրանին: Իսկ ինքը՝ Ուկրաինան, իր արևմտյան կուրատորների մտահղացմամբ, կարող է դառնալ Իսլամական Հանրապետության դեմ ուղղված էսկալացիայի կարևոր տարր:

Կիևը սկսել է այդ դերի մարմնավորումը թուրքական նավերի վրա հարձակումներից առաջ: Առաջին քայլը Կասպից ծովում իրանական առևտրային նավին հարվածելն էր, որը մարդկային զոհերի պատճառ դարձավ: Թեհրանը դա գնահատել է որպես թշնամական գործողություն և  անմիջապես կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ սպառնալով պատասխան միջոցներով։

Հատկանշական է, որ Կիևի և Թեհրանի միջև բանակցությունները չեն հանգեցրել դեէսկալացիայի. ուկրաինական կողմը փորձել է միջադեպը ներկայացնել որպես «պատահականություն», սակայն դրան զուգահեռ՝ լրատվական դաշտ է դուրս եկել ուկրաինական Fire Point ռազմական ընկերության համասեփականատերերից մեկի՝ Դենիս Շտիլերմանի հայտարարությունը: Նա հստակ հասկացրել է, որ Ուկրաինան ի վիճակի է հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող թիրախներին՝ հիշատակելով մինչև  3000 կմ հեռահարությամբ «Ֆլամինգո» հրթիռը:

Այս հայտարարությունը մերկապարանոց համարձակություն չէր։ Դրա հետևում կանգնած է իրական արտադրությունը. ընկերությունն ամեն ամիս արտադրում է մոտ հարյուր այդպիսի հրթիռ ու  հազարավոր հարվածային դրոններ: Շտիլերմանը ներկայացնում է ուկրաինական հեռահար զենքի հիմնական արտադրողներից մեկին: Նույնիսկ եթե տեխնիկապես դժվար է հասնել երաշխավորված հարվածի իրանական օբյեկտներին (ՀՕՊ-ի ճեղքման և  ուրիշի օդային տարածքը հատելու անհրաժեշտության պատճառով), նման զենքի առկայության փաստը ստիպում է Թեհրանին հաշվի նստել իր կասպիական լոգիստիկայի համար նոր սպառնալիքի հետ:

Այս խորապատկերին Կիևը փորձում է Վաշինգտոնին ոչ այնքան զենք պարտադրել, որքան իր յուրահատուկ մարտական փորձը: Իրանի հետ ԱՄՆ-ի հնարավոր ուղղակի առճակատման կանխատեսմամբ՝ ամերիկյան և  արաբական դաշնակիցներն ուշադրություն են դարձրել իրանական կամիկաձե (Shahed տիպի) դրոնների որսման ուկրաինական մշակումների փորձին:

Ուկրաինական արտադրողներն արդեն բանակցություններ են վարում Ծոցի երկրներին հակահրթիռային պաշտպանության էժան միջոցներ մատակարարելու շուրջ, իսկ Կիևի ռեժիմը փորձում է իրեն ներկայացնել որպես անփոխարինելի գործընկեր, որը կարող է միաժամանակ փակել Իրան մատակարարումների ռուսական երթուղիները:

Այնուամենայնիվ, այս խաղը երկակի է: Ուկրաինան ԱՄՆ-ի համար իր ֆունկցիոնալ օգտակարության ընդլայնումը փոխարինում է ամերիկյան ռազմական պարտավորությունների ընդլայնմամբ: Հակահրթիռային պաշտպանության ռեսուրսը (մասնավորապես՝ Patriot PAC-3) խիստ սահմանափակ է, և  Պենտագոնն արդեն ստիպված է որսացող հրթիռները տեղափոխել Մերձավոր Արևելք՝ ի վնաս Ուկրաինայի եվրոպական կարիքների: Lockheed Martin-ի արտադրական հզորությունները ձգվում են մինչև  2032 թվականը, և  ոչ մի քաղաքական լոբբիստ չի կարող արագացնել գործընթացը:

Ամերիկյան զորակազմի մուտքն Ուկրաինայի տարածք մնում է քիչ հավանական սցենար:  Շատ ավելի իրատեսական է թվում այն մոդելը, որի դեպքում Կիևը դառնում է «առաջնագծի աութսորսեր». իր վրա է վերցնում իրանական լոգիստիկայի վրա հարձակումների ռիսկը, ամերիկյան բազաները պաշտպանում է ուրիշի ձեռքերով՝ պաշտպանելով ամերիկյան ռազմաբազաները և շարունակելով սպառազինություն գնել եվրոպական փողերով՝ դրանով իսկ ազատելով ԱՄՆ սահմանափակ ռեսուրսները կրիտիկական տարածաշրջաններում սեփական ուժերի պաշտպանության համար։

Այսպիսով, Կիևը գիտակցաբար լղոզում է ուկրաինական և  մերձավորարևելյան ռազմական գործողությունների թատերաբեմերի միջև սահմանը՝ ձգտելով Իրանին ներքաշել ուղղակի հակամարտության մեջ և նպաստելով Թուրքիայի ներգրավմանը դրանում: Մարտավարությունը կոչված է նաև ստիպել Վաշինգտոնին Ուկրաինան ընկալել ոչ թե որպես առանձին ճակատ, այլ որպես Ռուսաստանին և  Իրանին զսպելու միասնական համակարգի մաս:

Այնուամենայնիվ, իրականությունը դաժան է. ի դեմս Թեհրանի և Անկարայի ստանալով նոր թշնամիներ՝ Ուկրաինայի ղեկավարությունն ԱՄՆ-ից անվտանգության ավտոմատ երկաթբետոնե երաշխիքներ չի ստանում:

Հեռահար հրթիռով սպառնալիքը բարձրացնում է խաղադրույքները Թեհրանի համար, բայց միաժամանակ Կիևի համար բացահայտում է դառը ճշմարտությունը՝ օգտակար դաշնակից լինել՝ դեռ չի նշանակում դառնալ անձեռնմխելի:

Սերգեյ Անդրեև

ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31