ՀԱՊԿ-ում քննարկել են Մեծ Եվրասիայի անվտանգության և տարածաշրջանային համագործակցության հեռանկարները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության նախաձեռնությամբ Մոսկվայում՝ Սոցիալ-պահպանողական քաղաքականության կենտրոնում, տեղի է ունեցել «ՀԱՊԿ-ը որպես հավաքական անվտանգության ինստիտուտ Մեծ Եվրասիայի ճարտարապետությունում․ տարածաշրջանային փոխգործակցության մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով կլոր սեղան։
Միջոցառումը կազմակերպվել է ՀԱՊԿ քարտուղարության, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի (ԻԺԱ ՌԳԱ) և Սոցիալ-պահպանողական քաղաքականության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։
Կլոր սեղանին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը, ԻԺԱ ՌԳԱ տնօրեն Կիրիլ Բաբաևը, ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամները, ինչպես նաև անդամ պետությունների գիտական և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։ Քննարկումը վարել է ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Յուրի Շուվալովը։
Քննարկումների հիմնական թեմաները վերաբերում էին միջպլատֆորմային փոխգործակցության հարցերում ՀԱՊԿ-ի դերին և ներուժին, ինչպես նաև Մեծ Եվրասիայի անվտանգության ամրապնդմանն ու զարգացմանը։
Կլոր սեղանի արդյունքներով պատրաստված նյութերը կօգտագործվեն «ՀԱՊԿ-ը՝ որպես անվտանգության և զարգացման տարածք․ միջպլատֆորմային փոխգործակցության հեռանկարները» խորագրով հայեցակարգային զեկույցի նախապատրաստման ընթացքում։ Զեկույցի ներկայացումը նախատեսվում է 2026 թվականի նոյեմբերին Մինսկի IV միջազգային համաժողովի շրջանակում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային նիստի ընթացքում։
Հայեցակարգային զեկույցի նախապատրաստման շրջանակում հաջորդ գիտական-փորձագիտական միջոցառումը կանցկացվի սեպտեմբերին և կկրի «Ղազախստանում սահմանադրական բարեփոխումը՝ ինքնիշխանության և համապարփակ անվտանգության ապահովման գործոն․ իրականացման փորձը» խորագիրը։

