Եվրոպան դարձել է թուրքական ռազմարդյունաբերության ամենամեծ շուկան
Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամը» (FRS) վերլուծություն է հրապարակել, որը վերաբերում է Եվրոպայի ռազմական շուկայի վերափոխմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիային ու նշվում է, որ այդ երկիրը համարվում է եվրոպական մայրցամաքի ամենաարագ զարգացող ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանողներից մեկը։
Ըստ վերլուծության՝ Եվրոպան դարձել է թուրքական ռազմարդյունաբերության ամենամեծ շուկան։ Վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիան ռազմական արտահանման ծավալները մեծացրել են 5 անգամ։
Շնորհիվ իր առաջարկած մրցունակ գների, ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանելու կարողության՝ Թուրքիան Եվրոպայում վերածվում է մշտական խաղացողի։
Դրանով պայմանավորված՝ վերջին տարիներին թուրքական «Baykar», «ASELSAN», »TUSAŞ», «STM», «Otokar», «Nurol Makina» և «ASFAT» ընկերությունները համաձայնագրեր են ստորագրել մի շարք եվրոպական երկրների հետ։
Ընդգծվում է, որ Թուրքիան պարզապես մատչելի համակարգեր արտադրող երկիր չէ, այլ աստիճանաբար ձեռք է բերում ռազմավարական խաղացողի կարգավիճակ:

