Շուրջ 144 միլիոն դրամ, կամ 395.000 դոլար՝ «Մեր ժամանակների հերոս»-ի համար․ մատակարար ընկերությունը կրկին «Դոմինո Վիդեո փրոդաքշն»-ն է

Հերոսներին ու հերոսականությունը սեփական օրակարգերում հետ մղող իշխանությունն իշխանամուտից ի վեր սկսեց հերոսություն համարել, օրինակ, հարկ տալը, սեփական պարտականությունը, առօրյա աշխատանքը կատարելը։ Ավելին, 2019 թվականից ի վեր Փաշինյանն այդ գաղափարախոսությունն ամրապնդելու համար մեկնարկեց պետական բյուջեի վրա շուրջ 150 միլիոն դրամ արժեցող «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։

Օրերս Փաշինյանի աշխատակազմն այս մրցանակաբաշխության կազմակերպման նպատակով հերթական պայմանագիրն է կնքել՝ մատակարար ընկերությանը հատկացնելով 143 միլիոն 997 000 դրամ, կամ 394,242.30 ԱՄՆ դոլար (պայմանագրի կնքման օրվա՝ 2026 թվականի օգոստոսի 18-ի Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով ԱՄՆ դոլարի պաշտոնական միջին փոխարժեքը եղել է 365.25 դրամ): Միջոցառումը նախատեսված է դեկտեմբեր ամսին։

Մատակարարի ու պայմանագրի առանձին դրվագների մասին։

Պետգնումների էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք, որ այս մրցանակաբաշխության համար մատակարարն ընտրվել է բաց մրցույթ ընթացակարգով, և, ով զարմանք, մրցույթին մասնակցել է միայն մեկ ՍՊԸ՝ նախորդ տարի այս նույն մրցանակաբաշխությունը կազմակերպած «Դոմինո Վիդեո փրոդաքշն»-ը։

Կարդացեք նաև

«Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման ծառայությունների տեխնիկական բնութագրում մասնավորապես նշվում է՝ միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի դեկտեմբերի վերջին «Մերիդիան» էքսպո կենտրոնում:Միջոցառումը տեսաձայնագրվելու է և հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերությամբ 2027 թվականի հունվարի 1-ին։

«Միջոցառման հայեցակարգ/կոնցեպտ․ Պետությունը տանիք է, որի տակ մարդն իրեն կարող է զգալ անվտանգ և ապահով։ Միևնույն ժամանակ, հենց դու ես հանդիսանում այն հիմնասյունը, որը պահում է տանիքը՝ հիմք և իմաստ հաղորդելով նրան։ Այսպիսով, ՀՀ քաղաքացին և Հայաստանի Հանրապետությունը փոխլրացնում են մեկը մյուսին՝ դարձնելով միմյանց ավելի կայացած և ամբողջական։

Յուրաքանչյուր մարդ, անկախ իր մասնագիտությունից կամ գործունեության ոլորտից, այն մեկ մարդն է, ով կանգնած է այդ տանիքի տակ։

«Մեր ժամանակների հերոսը 2026»-ը պատմում է հենց այդ մարդու մասին, ով իր ապագայի հույսը չի դնում ուրիշների վրա, այլ ամեն օր սեփական գործով ինքն է հենք հանդիսանում հայրենիքի համար՝ գիտակցելով, որ այդպիսով իր պետությունն էլ հովանի է դառնում իր համար։

Տանիքը ներկայացվում է որպես օջախի՝ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ, իսկ մարդը՝ որպես այդ տանիքի իրական ուժն ու հիմնասյունը։

Մեր ժամանակների հերոսին հովանի կանգնող պետության գաղափարը ներկայանում է որպես տան տանիք։ Ինչպես հայկական խոսույթում է տարածված՝ «մի տանիքի կամ մի հարկի տակ», Մեր ժամանակների հերոս 2026-ում տանիքը դառնում է պետության, երկրի խորհրդանիշը։Սյունը կարևոր դեր է կրում հայկական մշակույթի և ճարտարապետության մեջ։ «Այս հիմքով սյունը դառնում է Մեր ժամանակների հերոս 2026»-ի հիմնական խորհրդանիշներից մեկը։

Մրցանակի դիզայնի կոնցեպտ․ «Մեր ժամանակների հերոսը 2026»-ի գլխավոր խորհրդանիշը՝ մրցանակի կոնցեպտի հիմքում ընկած է տանիքը, այն ամուր պահող և նրա տակ ապահովության մեջ գտնվող անհատը։ Դա պատկերավոր կերպով արտահայտում է այն միտքը, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ «Մեր ժամանակների հերոսը», ով իր կյանքը և կայունությունը կապում է հայրենիքի՝ Հայաստանի հանրապետության հետ։ Այս միտքն ու գաղափարը մրցանակի տեսքով արտահայտվում է արտիստիկ լուծումների միջոցով։ Մրցանակը հանդիսանում է յուրովի արվեստի գործ, քանդակ։

Առաջարկվում է մրցանակի 2 տարբերակ, որոնք արտացոլում են նույն՝ ձեռքերում իր ապագան, իր գործը, իր տանիքը, իր հայրենիքը պահելու գաղափարը։

Տարբերակի ընտրությունը կատարում է Պատվիրատուն»,- նշվում է պայմանագրում։

Նախորդ տարի 168amգրել էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար բյուջեից հատկացվել էր 130 միլիոն 570 միլիոն դրամ․ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը համապատասխան պայմանագիրը ստորագրել էր «Դոմինո վիդեո փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Գնումը կատարվել էր «բաց մրցույթ» ընթացակարգով։ Մրցանակաբաշխության անցկացման վայրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն էր։

Նախորդ տարի  շեշտը դրվել էր Արագած-Արարատ հակադրության վրա․ բեմահարթակի համար առաջարկված տարբերակներից առաջինում, օրինակ, նշվել էր, որ հիմքում դրվելու է «Արարող հերոս-Արարող Հայաստան» և Արագած լեռան գաղափարը, իսկ մրցանակները՝ մետաղի ու ապակու համադրությամբ 4 թիթեղներ, որոնք խորհրդանշելու էին հաղթողին և նրան շրջապատող մարդկանց, ինչպես նաև՝ Արագածի 4 գագաթները։

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության կազմակերպման ծառայությունների ընտրված մատակարարի՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ի մասին

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ 2010 թվականին հիմնադրված ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Աշոտ Առաքելյանին, որի անունը մեզ հայտնի է նաև պետգնումներում 2018 թվականից հետո ակտիվացած «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ից։ Նկատենք՝ թեև այդ ՍՊԸ-ի «իրական շահառուների թվում Աշոտ Առաքելյանի անունը չկա, սակայն այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է նրա կնոջը՝ Ռուզաննա Վարդանյանին։

«Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ի մասին․ 2019 թվականին այս ՍՊԸ-ից 3 գնում է կատարվել և 3-ն էլ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով։ 168am-ն այս ընկերությանն անդրադարձել էր դեռ 2021 թվականի սեպտեմբերին, երբ հակառակ պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների բողոքի բազմաթիվ միջոցառումների՝ սգացող երկրում, փաշինյանական ձևակերպմամբ՝ Անկախության օրվան նվիրված «գունագեղ» միջոցառումն իրականություն դարձավ:

Այդ օրերին 168.am-ն Աշոտ Առաքելյանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր՝ որքա՞ն գումար է կառավարությունը հատկացրել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջացառման համար, հաստատո՞ւմ են տեղեկությունները, թե պետական բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ, ինչպե՞ս կմեկնաբանի այն պնդումները, թե մտերիմ հարաբերություններ ունի ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ՝ ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանի հետ, արդյոք «Դոմինո փրոդա՞քշն»-ն է նկարահանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական հոլովակները և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քարոզչական տեսահոլովակը, արդյո՞ք իր ղեկավարած ընկերությունը սեփական նախաձեռնությամբ է իրականացնում ՀՀ հիմնի նոր տեսահոլովակի նկարահանումները, և, թե ինչ արձագանքներ ունի այն հավաստիացումներին, թե նոր տեսահոլովակից հանվում են Արցախի կադրերը:

Պատասխանները չէինք ստացել։

Հարցումից հետո հեռախոսազանգով «Դոմինո փրոդաքշն» կազմակերպության ղեկավարից ևս մեկ անգամ հետաքրքրվել էինք, թե ի՞նչ ծախսեր են արվել «գունագեղ» շոուի համար: Մեր հարցերը, սակայն, նյարդայնացրել էին նրան, և նա հորդորել էր այլևս չզանգահարել իր հեռախոսահամարին:

Նա սուտ էր որակել տեղեկությունները, թե դրոնների վարձակալության 10 րոպեն արժեցել է 110.000 ԱՄՆ դոլար, բայց նաև չներկայացրեց իրական թիվը: Առհասարակ միջոցառման ծախսերի մասին մեր հարցերը ևս մնացել էին անպատասխան։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս միջոցառման կազմակերպման համար մրցույթ չէր հայտարարել: Մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենում 2019 թվականից ի վեր՝ նախ ՀՀ անկախության տոնի առթիվ, այսօր՝ խառը ժամանակացույցով, ըստ պաշտոնական մեկնաբանության՝ նպատակ ունի «քաջալերել և ոգեշնչել ստեղծարար, աշխատասեր, համառ և ձեռներեց քաղաքացուն»։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31