Բրիտանացի գիտնականները փոքր չափի մարդկային օրգաններ են աճեցնում դեղամիջոցների փորձարկման համար
Բրիտանացի գիտնականները պլանավորում են Ազգային առողջապահական ծառայության (NHS) պացիենտների բջիջներից փոքր չափերի մարդկային օրգաններ և այլ հյուսվածքներ աճեցնել՝ դեղերը փորձարկելու և բժշկական հետազոտություններում կենդանիների օգտագործումը նվազեցնելու համար․ գրում է The Guardian-ը։
Հետազոտողները կստեղծեն ստանդարտացված օրգանոիդների գրադարան՝ մարդկային հյուսվածքների փոքր հավաքածուներ, որոնք կարող են վերարտադրել լիարժեք ֆունկցիոնալ օրգանների հիմնական առանձնահատկությունները՝ ներառյալ հիվանդությունների և դեղերի նկատմամբ դրանց արձագանքը։ Որոշ օրգանոիդներ չափի մեջ մեկ միլիմետրից պակաս են։
Նախագիծը կիրականացվի Քեմբրիջի հետազոտական կենտրոնում՝ Մեծ Բրիտանիայի բժշկական հետազոտությունների խորհրդի կողմից 20 միլիոն ֆունտ ստեռլինգ ֆինանսավորմամբ։
Հիվանդների հյուսվածքներից աճեցված օրգանոիդները թույլ կտան նրանց ուսումնասիրել դեղերի արձագանքի տարբերությունները և վաղ փուլում բացահայտել անարդյունավետ դեղամիջոցները։ Ապագայում գիտնականները հույս ունեն օգտագործել այս մոդելները՝ բուժումն առանձին հիվանդներին հարմարեցնելու համար։
Սկզբում հետազոտողները կկենտրոնանան աղիքային բորբոքային հիվանդությունների, այդ թվում՝ խոցային կոլիտի և Կրոնի հիվանդության վրա։ Այլ թիմեր կաճեցնեն ուռուցքային հյուսվածք՝ քաղցկեղի բուժման հետազոտությունների համար, և ուղեղի օրգանոիդներ՝ նյարդաբանական հիվանդությունների ուսումնասիրությունների համար։
Հոդվածում նշվում է, որ կենդանիների վրա փորձարկումները հաջողությամբ անցած դեղամիջոցների ավելի քան 90%-ը ձախողվում է մարդկանց վրա փորձարկումների ժամանակ։
Քեմբրիջի ցողունային բջիջների ինստիտուտի մանկական գաստրոէնտերոլոգիայի կլինիկական պրոֆեսոր Մաթիաս Զիլբաուերը նշել է, որ կենդանիների օգտագործման լիակատար վերացումը մոտ ապագայում հնարավոր չի լինի։

