Թուրքիայի արտահանումն իսլամական երկրներ գերազանցել է 41 մլրդ դոլարը
Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով՝ 2026-ի առաջին 7 ամսում Թուրքիայի արտահանումն իսլամական երկրներ հասել է 41.5 մլրդ դոլարի։ Այս ցուցանիշով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 345.7 մլն դոլարի աճ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ առևտրի նման ծավալները հնարավոր են դարձել «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) անդամ երկրների հետ գործող արտահանման զարգացման ռազմավարության շնորհիվ, որը Թուրքիայի առևտրի նախարարության կողմից ընդունվել է 2024-ին: Դրանով աջակցություն է ցուցաբերվում թուրք արտահանողների գործունեությանը իսլամական երկրներում:
Աղբյուրի համաձայն՝ 2026-2028-ը ներառող Թուրքիայի տնտեսության զարգացման «Միջնաժամկետ ծրագրում» (OVP) տեղ գտած ռազմավարության շրջանակներում էլ նախատեսվում է իսլամական երկրների մասնաբաժինը Թուրքիայի ընդհանուր արտահանման մեջ ներկայիս 27%-ից մինչև 2028-ը հասցնել 30%-ի։
Նշված ռազմավարության շրջանակներում, տնտեսական և առևտրային տվյալների մանրամասն վերլուծության արդյունքում, առաջին փուլի թիրախային երկրներ են սահմանվել 21 պետություն՝ Ադրբեջանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ), Ալժիրը, Ինդոնեզիան, Մարոկկոն, Կոտ դ’Իվուարը, Կատարը, Քուվեյթը, Լիբիան, Մալայզիան, Եգիպտոսը, Նիգերիան, Ուզբեկստանը, Պակիստանը, Սենեգալը, Սաուդյան Արաբիան, Թունիսը, Հորդանանը և Օմանը։
Այս երկրների ուղղությամբ ակտիվացվում են գովազդային և ներկայացուցչական միջոցառումները, մասնավորապես՝ առևտրային պատվիրակությունների այցերն ու ցուցահանդեսների կազմակերպումը։
Բացի այդ, 2026-ի արտահանման թիրախային երկրների ցանկում ընդգրկված այս տարածաշրջանների համար արտերկրում ապրանքային նշանի գրանցման, գովազդի և առևտրային պատվիրակությունների գործունեության համար տրամադրվում է 20% հավելյալ պետական աջակցություն։

