8 միլիոնանոց պարգևավճարներ և 100 դրամով նվազած թոշակ. դատարկ գրպաններով եկածները հարստանում են, թոշակառուն՝ աղքատանում
Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՔՊ-ն խոստացել էր մինչև 2026թ. կենսաթոշակի միջին չափը դարձնել 61 հազար դրամ։ Վերջին տվյալներով՝ միջին կենսաթոշակը Հայաստանում ընդամենը 49 հազար դրամ է՝ 12 հազար դրամով պակաս, քան խոստացել էին։
Նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո միջին կենսաթոշակը Հայաստանում բարձրացել է ընդամենը 5 հազար 626 դրամով։
Այդ ֆոնին պաշտոնյաների ստացած 7-8 մլն դրամի պարգևավճարները ծաղր է թոշակառուների նկատմամբ։ Ինչ աճպարարություններ էլ անեն առողջապահական ապահովագրության անվան տակ, սրան արդարացում չկա։ Օրերս մի իսկական շոու էին կազմակերպել խորհրդարանում ՔՊ-ականներով, իրար հերթ չտալով՝ գովաբանում էին այն «աննախադեպ» հնարավորությունները, որն առողջության ապահովագրությունն իբր ստեղծել է թոշակառուների համար։ Շնորհակալություն էին հայտնում միմյանց ու շնորհավորում թոշակառուներին, տրամադրված միլիոնանոց բուժօգնություններից էին խոսում։ Բայց մոռացել էին, որ նախկինում էլ նույն բաներն ասում էին պետպատվերի համար։ Ու հիմա, որ պետպատվերը փոխել, դարձրել են ապահովագրություն, այնպես չէ, որ դրանից թոշակառուների կյանքում մեծ բան է փոխվել։
Իսկ որ իրենց կյանքում մեծ բան է փոխվել, բոլորն էլ տեսնում են։ Նախորդ տարիներին էլ էին պարգևավճարներ ստանում, բայց ոչ 7-8 միլիոնանոց։ Նախկինում դրանք 1-1.5, գուցե 2 միլիոնի էին հասնում, անցած տարի գերազանցեցին բոլոր սպասումները։ Մի քանի անգամով ավելի շատ ստացան, քան սովորաբար ստանում էին։ Մինչդեռ՝ թոշակառուների թոշակն արդեն տարիներ շարունակ «մի քոռ կոպեկով» չեն ավելացնում։
Վերջին 2 տարիներին միջին կենսաթոշակը Հայաստանում նույնիսկ նվազել է։
Պաշտոնական տվյալներով՝ 2023թ. վերջին այն 49.132 դրամ էր, անցած տարվա վերջին տվյալներով՝ կազմել է 49.032 դրամ։
Միջին կենսաթոշակի չափը նույնիսկ 100 դրամով նվազել է։ 100 դրամը գուցե մեծ գումար չէ, բայց երևույթն ինքնին տխուր է։ Ոչ միայն նրանով, որ դա վերաբերում է հասարակության ամենաանապահով խավերին, այլև նրանով, որ դա տեղի է ունեցել պաշտոնյաների միլիոնանոց պարգևավճարների ու այն համատարած թանկացումների պայմաններում, որն ամեն քայլափոխի տեսնում ենք Հայաստանում։
Հայաստանում, ճիշտ է, վերջին 2-3 տարիներին պաշտոնապես գնաճը 1-3 տոկոսի սահմաններում է, բայց թանկացումների էլ տեղ չկա։ Դարձել ենք տարածաշրջանի ամենաթանկ երկիրը։ Շատ հաճախ խոսվում է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների մասին, բայց այնպես չէ, որ միայն դրանք են թանկացել։ Ամեն ինչ էլ թանկացել է՝ սննդամթերքից սկսած, վերջացրած ոչ պարենային ապրանքներով ու ծառայություններով։
Տավարի միսը նախորդ տարի Հայաստանում թանկացել է 11.7 տոկոսով, խոզի միսը՝ 12.7 տոկոսով, գառան միսը՝ 14.1 տոկոսով։ Հավանաբար չարժե հիշեցնել, թե նախկինում նման դեպքերում ինչեր էր ասում Նիկոլ Փաշինյանը։
Անցած տարի ձուկը թանկացել է 18.3 տոկոսով։ Դրանից 1 տարի առաջ էլ թանկացել էր 7.1 տոկոսով։
Արևածաղկի բուսական յուղի գինը բարձրացել է 8.2 տոկոսով, կարագինը՝ 7.2 տոկոսով։ Նախորդ տարի էլ էին արևածաղկի բուսական յուղն ու կարագը թանկացել, նույնիսկ ավելի մեծ տեմպերով, քան անցած տարին։ 2024թ., 2023թ. համեմատ, առևածաղկի բուսական յուղի գինը բարձրացել էր 10.6 տոկոսով, կարագինը՝ 9.1 տոկոսով։ Ու այդ թանկացումների ֆոնին անցած տարի կրկին թանկացել են ոչ պակաս բարձր տեմպերով։ Երկու տարվա ընթացքում այս ապրանքների գումարային գնաճը հասնում է 18-19 տոկոսի, իրականը՝ նույնիսկ ավելի շատ։
Անցած տարի սուրճը թանկացել է 9.5 տոկոսով։ Մեկ տարի առաջ էլ թանկացել էր 16.2 տոկոսով։
2025թ. դեկտեմբերին, 2024թ դեկտեմբերի համեմատ, ձավարի գինն աճել է 2.6 տոկոսով, հացինը՝ 3.6 տոկոսով, հաճարինը՝ 4.1 տոկոսով, մակարոնեղենինը՝ 7.9 տոկոսով, հնդկացորենինը՝ 9.4 տոկոսով, ոլոռինը՝ 10.4 տոկոսով։
Սննդամթերքի գնաճն այս տարվա սկզբին նույնիսկ ակտիվացել է։ Նշված ու բազմաթիվ այլ առաջնային ապրանքները շարունակել են թանկանալ։
Այս թանկացումներն իրենց վրա կրել ու կրում են նաև այն բոլոր թոշակառուները, որոնց թոշակները վերջին 2 տարիներին չեն փոխվել։ Նրանք կրել ու կրում են նաև հարկային այն փոփոխությունների ազդեցությունը, որը ծանրացրել է նրանց ֆինանսական բեռը։ Խոսքն ինչպես՝ գույքահարկի, աղբահանության, այնպես էլ՝ այլ հարկերի ու տուրքերի միջոցով փոխանցվող բեռի մասին է։ Ու այդքանից հետո, այդ մարդկանց թոշակները մնացել են նույնը, բայց իշխանություններն իրենց միլիոններով փող են բաժանում պետական բյուջեից։ Այն բյուջեից, որը համարում են բոլորի գրպանը, բայց միայն իրենք են օգտվում։ Բյուջեի եկամուտների ու վճարվող հարկերի ավելացման մասին են խոսում, բայց, ինչպես տեսնում ենք, դրանից թոշակառուն վերջին 2 տարում ոչինչ չի ստացել։
Միջին կենսաթոշակը Հայաստանում ոչ միայն չի բարձրացել, այլև նվազել է այն պարագայում, երբ իշխանությունները հպարտանում են իրենց արձանագրած բարձր տնտեսական աճերով։
2022թ. Հայաստանում տնտեսական աճը եղել է 12.6 տոկոս, 2023թ.՝ 8.7 տոկոս, 2024թ.՝ 5.9 տոկոս։ Անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը դեռ չի հրապարակվել, բայց ենթադրվում է, որ կլինի 6 տոկոսի սահմաններում։
Ահա այսպիսի տնտեսական աճերից կենսաթոշակառուներին գրեթե ոչինչ բաժին չի հասել։ Փոխարենը՝ պաշտոնյաները միլիոնների հասնող պարգևավճարներ են ստանում, չհաշված՝ միջին կենսաթոշակից 15-20, երբեմն էլ՝ 30 անգամով բարձր աշխատավարձերը։
Պատահական չէ, որ դատարկ գրպաններով իշխանության եկածները հարստացել ու վայելքների մեջ են ապրում, իսկ հասարակության մի մեծ հատված, նաև թոշակառուները, հազիվ գոյություն են պաշտպանում։ Մի բան էլ ավելի վատ են ապրում, քան նախկինում էին ապրում, որովհետև թանկացումների ազդեցությունն անգամներով ավելին է, քան այն մի քանի հազար դրամ թոշակի ավելացումը, որը եղել է տարիների ընթացքում։
Երբ կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղին անգամ չի հասնում, իսկ պետական պաշտոնյաները միլիոնների միայն պարգևավճար են ստանում, բացահայտ ցինիզմ ու արհամարհանք է թոշակառուի նկատմամբ։ Առողջապահական ապահովագրության անվան տակ դա անհնարին է լինելու թաքցնել, ինչքան էլ որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, փորձեն պատրանքներով կերակրել թոշակառուներին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



