Մի պահ հասկացա, որ խեղդվում եմ. Ընտանիքս հրաշալի էր, բայց… Ինգա Արշակյան
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը երգչուհի Ինգա Արշակյանն է, որը երկար տարիների դադարից հետո կրկին ակտիվորեն վերադառնում է բեմ։
Զրույցի ընթացքում նա խոսեց մանկության դժվարությունների, ընտանիքի, ԱՄՆ-ում ապրելու տարիների, ամուսնալուծության մասին տարածված լուրերի, ստեղծագործական դադարի և հայրիկի կորստի մասին։

«90-ականներին սոված էինք, բայց երջանիկ»
Ինգա Արշակյանը ջերմությամբ է հիշում իր մանկությունը՝ չնայած այն համընկել է Հայաստանի ամենածանր տարիների հետ։
Իրենց ընտանիքն էլ, բոլորի նման, ստիպված է եղել հաղթահարել ջրի, հացի, լույսի և գազի պակասը, սակայն ծնողները կարողացել են այդ ամենը երեխաների համար խաղի վերածել։
«Մենք 11-րդ հարկում էինք ապրում, ջուր էինք կրում, հացի հերթերում էինք կանգնում, փայտ էինք կոտրում, բայց այդ ամենը մեզ համար արկած էր։ Ծնողներս այնպես էին ներկայացնում, որ մենք չզգայինք դժվարությունները»,- հիշում է երգչուհին։
Նա համոզված է՝ այն տարիներին մարդկանց միջև շատ ավելի մեծ համերաշխություն ու ջերմություն կար, քան այսօր։
«Փառքը երբեք գլխիս չի տվել»
Ինգա Արշակյանը խոստովանում է, որ իր և քրոջ՝ Անուշի հաջողություններում մեծ դեր են ունեցել ծնողները։
Ասում է՝ մայրը մշտապես հիշեցրել է, որ երբեք չպետք է մարդն իրեն ուրիշներից բարձր դասի։
«Մայրս միշտ ասում էր՝ բարձրանալիս երբեք չմոռանաս իջնողներին բարևել։ Այսօր դու վերևում ես, վաղը կարող ես ներքևում լինել։ Այդ խոսքերն ինձ ուղեկցում են մինչև այսօր»,- ասում է նա։
««Շարմ»-ից հեռանալը սկանդալ չէր»
Տարիներ շարունակ խոսակցություններ էին պտտվում, թե Ինգա և Անուշ Արշակյանների ու «Շարմ Հոլդինգի» միջև լուրջ խնդիրներ են առաջացել։
Երգչուհին նշում է, որ իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ էր։
Նրա խոսքով՝ պայմանագրի ժամկետն ավարտվել էր, իսկ ստեղծագործական հարցերում բնական անհամաձայնություններն ընդամենն աշխատանքային գործընթացի մի մասն էին։
«Բախումներ լինում են ցանկացած կոլեկտիվում։ Դրանք նորմալ են, և հաճախ հենց դրանց արդյունքում է ծնվում լավագույնը»,- ասում է նա։

«Մի պահ հասկացա, որ խեղդվում եմ»
Ամուսնությունից հետո Ինգա Արշակյանը տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ մեծացրել է երեխաներին։
Թեև արտաքինից ամեն ինչ բարեկեցիկ էր թվում, ներսում նա ստեղծագործական դատարկություն էր զգում։
«Մի պահ հասկացա, որ խեղդվում եմ։ Ընտանիքս հրաշալի էր, երեխաներս՝ կողքիս, բայց ես պետք է երգեի, ստեղծագործեի։ Դա իմ էությունն է»,- անկեղծանում է երգչուհին։
Նա պատմում է, որ այդ տարիներին նույնիսկ սկսել էր նկարել՝ փորձելով իր ներսի ստեղծագործական էներգիայի համար ելք գտնել։
«Ամուսնալուծության մասին լուրերը սուտ էին»
ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց հետո սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվորեն քննարկել, թե երգչուհին ամուսնալուծվել է։
«Ոչ, նման բան չկա։ Այդ պահին պարզապես ամուսինս Միացյալ Նահանգներում էր, իսկ ես՝ Հայաստանում։ Գուցե իմ խոսքերից մարդիկ սխալ եզրակացություններ էին արել, բայց մենք երբեք ամուսնալուծված չենք եղել»,- նշում է նա։
Երգչուհու խոսքով՝ այսօր իրենց ընտանիքում ամեն ինչ կարգին է։
«Ես ընկնում էի դեպրեսիայի մեջ»
Ինգա Արշակյանը նաև խոստովանում է, որ ստեղծագործական կյանքից հեռանալուց հետո սկսել էր հոգեբանական ծանր վիճակ ապրել։
«Սկզբում վայելում էի ընտանիքս, երեխաներիս, օվկիանոսը, արևը… Բայց հետո հասկացա, որ կամաց-կամաց ընկնում եմ դեպրեսիայի մեջ։ Դա շատ ցավոտ էր»,- պատմում է նա։
Հենց այդ զգացողությունն էլ դարձել է բեմ վերադառնալու գլխավոր պատճառներից մեկը։
«Մինչև այսօր ամեն օր խոսում եմ հորս հետ»
Հարցազրույցի ամենահուզիչ հատվածներից մեկը վերաբերում էր երգչուհու հորը։
Ինգա Արշակյանը չթաքցրեց, որ հայրիկի կորուստը շարունակում է ցավեցնել իրեն։
«Գրեթե ամեն օր մտքով խոսում եմ նրա հետ։ Երբ գնում եմ ամառանոց, վստահ եմ՝ նա տեսնում է ամեն ինչ»,- ասաց երգչուհին՝ դժվարությամբ զսպելով հուզմունքը։
Նա ասում է՝ հորից ժառանգել է համբերատարությունը, իսկ մորից՝ մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու կարողությունը։
Նոր վերադարձ՝ մեծ ծրագրերով

Այսօր Ինգա և Անուշ Արշակյանները կրկին ակտիվ ստեղծագործական փուլում են։
Նրանք պատրաստվում են ներկայացնել նոր տեսահոլովակներ, նոր երգեր և մեծ նախագիծ, որի շրջանակում հայկական ֆոլկլորային ստեղծագործությունները ներկայացվելու են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ։
Երգչուհին վստահ է՝ տարիների դադարից հետո եկել է նոր էջ բացելու ժամանակը։
«Մենք շատ գաղափարներ ունենք, որոնք տարիներ շարունակ սպասել են իրենց ժամին։ Հիմա ուզում ենք դրանք կյանքի կոչել»,- եզրափակեց Ինգա Արշակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

