ՔՊ-ական մարզպետին առնչվող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը մաքսատուրքից ազատման հերթական խոշոր արտոնությունն է ստացել կառավարությունից
Կառավարության հերթական նիստին հերթական արտոնությունն է ստացել ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպը»․ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 226 մլն դրամ։
««Ջերմուկ գրուպ» ՓԲԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 250.000 դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 564-ի՝ 260.000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.4 մլրդ դրամ»,- ասվում է հիմնավորման մեջ։
Ի դեպ, այս ընկերությունը կառավարությունից պարբերաբար ստանում է արտոնություններ․ օրինակ, 2026 թվականի հունվարին ստացել է մոտ 18 միլիոն դրամի մաքսատուրքի արտոնություն՝ արտահանման և լոգիստիկայի զարգացման նպատակով սարքավորումներ ներկրելու համար, 2024 թվականի նոյեմբերին տրամադրվել է մոտ 600 միլիոն դրամի արտոնություն՝ բեռնատարների (DAF քարշակների և Krone կիսակցորդների) ներմուծման համար, 2024 թվականի հունիսին ստացել է 576 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն, 2023 թվականի սեպտեմբերին տրամադրվել է 102.6 միլիոն դրամի արտոնություն՝ 8.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների ներմուծման համար, և այլն։

