Ինչ գին են պատրաստ վճարել ՔՊ վերարտադրության համար
Իշխանությունը կորցնելու սարսափը հոգեվարքի մեջ է գցել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին։
Նախընտրական ամբողջ շրջանում մի կողմից՝ պատերազմով էին վախեցնում ժողովրդին, մյուս կողմից՝ պետական միջոցներն ու իշխանական լծակներն էին գործի դրել, հանուն ՔՊ վերարտադրության՝ քաղաքացիներին կաշառելու համար։ Ընդդիմությանը համատարած ահաբեկում էին, քրեական գործեր էին հարուցում նախընտրական շտաբներում օրինական հիմունքներով աշխատողներ ընդունելու համար, օրինական վճարվող աշխատավարձը կաշառք, փողերի լվացում էին որակում ու մարդկանց տանում կալանավորում էին, իսկ իրենք բյուջեից փողեր է, որ անկաշկանդ բաժանում էին, խոստումներ էին շռայլում, չարաշահում իշխանական դիրքը։
Տարիներ շարունակ թոշակների բարձրացումն անհնարին, նույնիսկ անիմաստ համարող իշխանությունը, ընտրությունից 2 ամիս առաջ, որոշեց բարձրացնել թոշակները։ Անկախ նրանից, թե դրան ի՞նչ անուն կկպցնեն, այն մեկ նպատակ ուներ ու այդ նպատակի գինը գրեթե 200 մլն դոլար է, որն, ըստ էության, պետական բյուջեից իշխող քաղաքական ուժին տրվող նախընտրական անուղղակի օժանդակություն էր, ինչից զրկված են ընտրություններին մասնակցող մյուս բոլոր քաղաքական ուժերը։
200 միլիոնն այն գինն է, որն իշխանությունը վճարեց պետական բյուջեից, որպեսզի ընտրությունների ժամանակ ՔՊ-ի համար ձայներ ապահովի թոշակառուների շրջանում։
Հիշեցնենք՝ թոշակառուներն ընտրողների ամենամեծ խումբն է, որի ձայները «որոշեցին գնել» 10 հազար դրամով։ Մյուս կողմից փորձեցին դրանով ծածկել իրենց յոթանիշ պարգևավճարների թեման։ Հատկապես որ, պարգևավճարներ բաժանելուց էլ հրաժարվելու մտադրություն չունեն։
Պարգևավճարներ ստացող պետական մանր ու մեծ չինովնիկները պակաս մեծ խումբ չեն կազմում ընտրողների մեջ։ Ուստի, պետական բյուջեից մեծ գումարներ բաժանելով՝ փորձեցին պահպանել նրանց ձայները։
ՔՊ-ին տրվող այս նախընտրական օժանդակությունն էլ պետության վրա նստեց 21-22 մլն դոլար։ Խոսքը միայն այն հավելյալ պարգևավճարների մասին է, որի անունը դրել են կիսամյակային խրախուսումներ։ Այդ գումարի մեջ ընթացիկ պարգևավճարները չեն մտնում։
Ընտրություններից առաջ հաջորդ նախընտրական նախաձեռնությունը, որն ի աջակցություն քաղաքական իշխանության, որոշեցին իրականացնել՝ պետական բյուջեի հաշվին անտոկոս գյուղատնտեսական վարկերի ֆինանսավորումն էր։ Այդ վարկերի տոկոսների սուբսիդավորման ամբողջ բեռը ստանձնեց պետությունը։
Թե ի՞նչ կնստի այն պետական բյուջեի վրա՝ կախված կլինի գյուղացիների կողմից ներկայացված պահանջարկից։ Որքան պահանջարկը բարձր լինի, այնքան ավելի լայն կբացեն պետության գրպանը։
Բայց, ինչպես բազմիցս համոզվել ենք, դա խնդիր չէ ՔՊ-ի համար, երբ սեղանին դրված է իշխանությունը կորցնելու վտանգը։ Իշխանությունը կորցնելու վտանգն է, որ ստիպեց ընտրություններից կարճ ժամանակ առաջ պետության հաշվին համատարած կաշառել բոլորին։ Բյուջեի հաշվին որոշեցին ոչ միայն անտոկոս վարկեր տրամադրել, այլև սուբսիդավորել պարարտանյութերի, կաթի մթերման գները։
Ապրիլի 1-ից բարձրացրեցին մայրաքաղաքի շտապօգնության, սոցապ նախարարության ենթակայության տակ գտնվող խնամքի կենտրոնների աշխատողների աշխատավարձերը։ Մայիսի 1-ից էլ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը։
Թե ինչո՞ւ հենց ապրիլի կամ մայիսի 1-ից, երբ տարին հունվարի 1-ից է սկսվում, էլի պարզ է։
Տևական ժամանակ է, ինչ դադարեցրել էին սահմանամերձ բնակավայրերում պետության օժանդակությամբ բնակարանների կառուցման ծրագիրը։ Խոսքը 16 միլիոնների ծրագրի մասին է։ Որոշել էին, որ այդ ծրագիրն այլևս չի վերսկսվելու, որովհետև բացի այն, որ բազմաթիվ խնդիրներ էին ծագել դրա հետ կապված, այլև այն դարձել էր միջոց՝ որոշ մարդկանց համար սահմանամերձ բնակավայրերում ամառանոցներ կառուցելու համար։
Ի զարմանս շատերի, դա էլ վերաբացեցին ու կրկին քաղաքական ակնկալիքներով։
Ընտրություններից 2 ամիս առաջ կտրուկ նվազեցրեցին էլեկտրամոբիլների գույքահարկը։
Քաղաքական ակնկալիքներով, անգամ արցախցիների համար զիջումների գնացին՝ բնակարանային պահովման ծրագրում։ Որոշ տարածքներում բնակարանի ձեռքբերման գումարը 1 միլիոն դրամով ավելացին։
Մինչև այդ կտրականապես դեմ էին արտահայտվում դրան, ընտրություններից առաջ արցախցիներին էլ հիշեցին։
Հանուն ՔՊ-ի վերարտադրության՝ միայն քաղաքացիներին չէ, նաև բիզնեսին կաշառեցին։ Որոշեցին վերանայել հարկերը չվճարելու պատճառաբանությամբ բիզնեսին քրեական պատասխանատվության ենթարկելու պայմանները։
Հայտնի է, որ 10 մլն դրամից ավել հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր հայտնաբերելու ժամանակ բիզնեսի վրա քրեական գործեր են կարվում ու մարդկանց տանում կալանքի։ Սա լուրջ դժգոհություններ էր առաջացրել բիզնեսի շրջանում։ Բայց այն ոչ երեկ, ոչ էլ երեկ չէ առաջին օրն էր հայտնի։ Տարիներով այդպես էր, սակայն միայն ընտությունների նախաշեմին հիշեցին այդ մասին ու մեղմացրեցին պայմանները։
Ընտրություններից առաջ խոշոր բիզնեսին նախընտրական ավելի լավ կաշառք չէին կարող առաջարկել։
Փոքր բիզնեսի համար էլ նվազեցրին անկանխիկ առևտրի ժամանակ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարները։
Հանպատրաստից ու առանց ֆինանսական ապահովվածության՝ բժշկական ապահովագրություն մտցրեցին։ Նույնիսկ խմած վարելու պատճառով վարորդական իրավունքից զրկվածների վարորդական իրավունքներն «անշահախնդիր» վերականգնեցին։
Սրանք այն ոչ բոլոր նախընտրական նախաձեռնություններն են, որոնց միջոցով պետական միջոցներն ու պետական լծակներն օգտագործելով՝ ընտրություններից առաջ փորձեցին ձայներ ապահովել ՔՊ-ի համար։ Այդ շարքն այնքան երկար է, որ ամբողջը նույնիսկ անիմաստ է հիշատակելն ու թվարկելը։ Բայց դա այն է, ինչով իշխանությունը փորձեց ապահովել իր վերարտադրությունը՝ պետական միջոցների հաշվին համատարած կաշառելով ու խոստումներ բաժանելով ընտրողներին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



