Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխել է ակումբային գրանցումը
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ»: Այս մասին պաշտոնապես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ողջունում ենք Հովհաննեսի վերադարձը մեր ընտանիք և մաղթում նրան նորանոր հաջող մրցելույթներ ու հաղթանակներ»,- նշված է «նռնագույնների» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հայ կիսապաշտպանը նախկինում ևս եղել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: «Փյունիկի» մարզաշապիկով անցկացրած խաղերում նա դարձել է 27 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ:
Հարությունյանը երևանյան ակումբի կազմում երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն՝ 2020/21 և 2023/24 մրցաշրջաններում՝ մշտապես մեծ ներդրում ունենալով թիմի գրանցած հաջողություններում:

