10.000 խմբաքանակը կարող եմ միայն ես ուղարկել․ հանրապետության ո՞ր ջերմոցատերն ուղարկի․ ջերմոցատեր
Ջերմոցատեր, ծաղկաբույծ Արտակ Թովմասյանը ինչպես հարյուրավոր այլ ջերմոցատերեր շարունակում են տուժել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների, գյուղմթերքի արտահանման սահմանափակումների պատճառով։
Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից։ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր՝ որոշման նպատակը բուսասանիտարական առողջ միջավայրի պաշտպանությունն ապահովելն է։
«Չնայած ՀՀ ՍԱՏՄ-ի ներկայացրած երաշխիքներին, շարունակում են հայտնաբերվել ԵԱՏՄ-ի համար կարանտինային բույսեր։ 96,2 միլիոն ծաղիկների ու բույսերի ներմուծման ժամանակ այդպիսի 135 դեպք է արձանագրվել, ինչը կազմում է ամբողջ 2025 թվականին հայտնաբերված ընդհանուր դեպքերի 77 տոկոսը»,- նշել է «Ռոսսելխոզնադզորը»։
«Ոչ մեկի հետ ոչ մի հանդիպում։ Արտահանման արգելքի օրվանից հետո միայն մեկ տարբերություն կա՝ փչացած ծաղիկների կույտը մեծացել է։ Միայն 2026 թվականին տուժել եմ 15 միլիոն դրամ»։
Դիտարկմանը, որ նախօրեին Եվրամիությունից հայտարարել են` 50 միլիոն եվրո անհապաղ օգնություն տրամադրելու և 10 000 ծաղիկների խմբաքանակ Լատվիա ուղարկելու մասին, Արտակ Թովմասյանը արձագանքեց․ «10 000 խմբաքանակը կարող եմ միայն ես ուղարկել․ հանրապետության ո՞ր ջերմոցատերն ուղարկի։
Փողը կարող է ուղարկեն, բայց այնտեղ բառերի արանքում ստորակետներ կան, ոչ բոլորն են հասկացել․ երբ ես արտահանեմ Լատվիա, իրենք մաքսատուրքը հանեն ու ամեն ծաղկի համար 37 դրամ մուծեն։ Եթե իրենք ինձ ֆիտոսանիտարիայի թուղթ չեն տալու, Լատվիա չեմ կարողանում հանել, 37 դրամը ո՞նց է ինձ հետ վերադարձնելու սուբսիդավորված։
Ուրիշ բան՝ գան-ասեն՝ փչացրե՞լ ես 10 հազարի ծաղիկ, առ 2000-3000՝ մինչև տեսնենք, թե ինչ է լինում։ Բայց ոչ մի բան չի լինելու․ խաբում են ու խաբում»։
Հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական զգալի սահմանափակումներից հետո Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, թե ծաղիկների և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն դուրս են եկել Հայաստանից՝ դեպի Եվրամիության և այլ երկրների շուկաներ։
Վերջին նիստին էլ Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը։ Նշվում է, որ ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսվարողներին տրամադրվելու է փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։
«Արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 դրամ, պղպեղինը՝ 400 դրամ, ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ: Այս ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ն իրականացրել են արտադրանքի արտահանում»,- մանրամասնել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և հավելել, որ աջակցության միջոցառման ժամկետը 1 ամիս է, բայց ըստ անհրաժեշտության՝ այն կարող է վերանայվել:

