Բաժիններ՝

Զգացմունքներ, դժվարություններ և պայքար. Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները և տանգոն՝ մեկ բեմում

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը գարունը եզրափակեց նոր պարային շոուով՝ մեկ երեկոյի ընթացքում ներկայացնելով երկու պարային պրեմիերա՝ «ԼԱ ԲՈՀԵՄ» և «ՏԱՆԳՈ»։

Երաժշտական ձևավորման հիմքում մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի և Gotan Project-ի ստեղծագործություններն են։

«ԼԱ ԲՈՀԵՄԸ» բեմադրվել է Շառլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա։ Ներկայացումը գեղարվեստորեն արտացոլում է Ազնավուրի կյանքի ուղու, կերպարի և զգացմունքների ամբողջականությունը։

Իսկ «ՏԱՆԳՈ» ներկայացումը բեմադրվել է Gotan Project-ի երաժշտության վրա և բացահայտում է տանգոյի ներքին լարվածությունն ու զգացմունքային դրամատիզմը՝ միավորելով բարձրաշխարհիկ էսթետիկան և փողոցային կրքի էներգիան։

Բալետմայստեր Նաիրա Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ հուզված է. ներկայացման առաջնախաղը շատ սպասված օր էր իր կյանքում։

«Մենք շատ երկար սպասել ենք այս օրվան, և պրեմիերան կայացավ։ Ներկայացումը հանձնեցինք հանդիսատեսի դատին և սպասում ենք նրա գնահատականին։ Ճանապարհը, որով անցանք, դժվար էր՝ ամենօրյա տքնաջան և բարդ աշխատանք։ Քանի որ արտիստները տարբեր բնույթի և տարբեր ժանրերի են, մեզ հաջողվեց նեոկլասիկ ոճի մեջ համադրել և համախմբել նրանց։ Սա յուրահատուկ փորձ էր բոլորի համար»,- նշեց նա։

Ըստ նրա, առաջին անգամ է բալետային խումբը ելույթ ունենում Պարոնյան թատրոնի բեմում՝ որպես առանձին արվեստի տեսակ՝ ներկայանալով իրենց ոճով, իրենց արվեստով։

Ի՞նչն էր ներկայացման մեջ ամենակարևորը՝ կի՞րքը, դրամատի՞զմը, թե՞ տեխնիկան, մենակատար Կարինա Շիկանյանը պատասխանեց, որ անձամբ իր դեպքում դրանք հնարավոր չէ տարանջատել։

«Տանգոյի» մեջ առաջնային են կիրքն ու էներգիան, որոնք փոխանցվում են շարժման միջոցով, քանի որ այս ժանրում պատմությունը բացահայտվում է հենց զգացմունքով։ Իսկ «Բոհեմի» դեպքում կա հստակ լիբրետո, պատմություն և դրամատուրգիա, որտեղ արդեն կարևոր է նաև կերպարի ներքին զարգացումը և զգացմունքային խորությունը։ Ինձ համար ամենակարևորը բոլոր այս բաղադրիչների միասնությունն էր, քանի որ հենց դրանց համադրությամբ է կերպարը դառնում ամբողջական և կենդանի»,- նշեց մենակատարը։

Ներկայացման մեջ Կարինա Շիկանյանը հանդես է գալիս Սյուզետի կերպարով, որը, նրա խոսքով՝ հավաքական կերպար է, այն տարբեր կանանց պատկերների միավորում է, որոնք հանդիպել են Շառլ Ազնավուրի կյանքի ընթացքում:

Իսկ թե ներկայացման մեջ ի՞նչն էր ամենակարևորը՝ նյո՞ւթը, արտահայտչականությո՞ւնը, թե՞ տեխնիկական կողմը, բալետի արտիստ Արտակ Զաքարյանը վստահեցրեց՝ բոլորը միասին։

«Ամենաշատը կնշեմ, որ թիմային աշխատանքն է մեզ համար շատ կարևոր։ Դրանից էլ ձևավորվեց ամբողջ արդյունքը։ Եթե թիմային աշխատանքը չլիներ, կարծում եմ՝ չէինք կարող ներկայանալ այնպես, ինչպես ներկայացանք։ Թիմային աշխատանքի շնորհիվ կարողացանք ճիշտ կազմակերպել գործընթացը և անցնել նաև զգացողությունների ճանապարհով։ Սկզբնական շրջանում մտածում էինք, որ բարդ կլինի, քանի որ նոր փորձ էր մեզ համար, բայց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ինձ թվում է՝ հանդիսատեսին հանձնեցինք այն, ինչ մտածում էինք, նույնիսկ ավելին։ Կարծում եմ՝ նոր ձևաչափը ստացվեց»,- շեշտեց Զաքարյանը:

Մենակատար Ահարոն Պետրոսյանի համար ևս հնարավոր չէ տարանջատել, թե ի՞նչն էր ամենակարևորը՝ գաղափա՞րը, արտահայտչականությո՞ւնը, թե՞ տեխնիկական կատարումը.

«Նման ներկայացումների դեպքում միայն տեխնիկայով սահմանափակվել չի կարելի, քանի որ խոսքն էմոցիոնալ ստեղծագործությունների մասին է։ Մանավանդ կարևոր են անձնական ապրումները, կյանքի փուլերի զգացողությունները, որոնք պետք է ճիշտ փոխանցվեն հանդիսատեսին։ Տեխնիկան կարևոր է, բայց այս պարագայում առաջնայինն էմոցիան է․ հանդիսատեսը պետք է դահլիճից իր հետ տանի զգացողություններ, ոչ միայն տեխնիկական տպավորություն։ Այս երկու ներկայացումների դեպքում տեխնիկան երկրորդական է։ Կարևոր է այն, ինչ յուրաքանչյուր արտիստ կարողանում է փոխանցել ներքին ապրումներով»,- ընդգծեց Ահարոն Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է «Բոհեմին», Պետրոսյանը կարծում է, որ այն պետք է դառնա օրինակ երիտասարդների համար՝ ցույց տալով Ազնավուրի անցած դժվարությունների ճանապարհը, և այն, որ մարդը չի կոտրվում, այլ այդ փորձառությունը դառնում է շարժիչ ուժ։

«Տանգոն» ավելի ազատ և էմոցիոնալ ձևաչափ է. յուրաքանչյուր հանդիսատես իր ձևով է ընկալում այն. մեկը հիշում է ուրախ պահեր, մյուսը՝ տխուր։

«Տանգոն» յուրաքանչյուրին տարբեր զգացողություն է փոխանցում։ Նման ներկայացումը նորություն է թատրոնի խաղացանկում, և վստահ եմ՝ այն կսիրվի հանդիսատեսի կողմից»,- հավելեց մենակատարը։

Նշենք, որ ներկայացման սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, բեմանկարչության և զգեստների ձևավորման հեղինակը՝ Աստղիկ Ստեփանյանը, իսկ փոխադրող բալետմայստերը՝ Նաիրա Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930