Հեպատիտ C-ի «թաքնված» վտանգը. արյունոտ գործիքներ և լյարդի ցիռոզ. 10 րոպեն կարող է փրկել ձեր կյանքը. Հրանտ Բաբայան
Հեպատիտ C-ն վիրուսային վարակ է, որն առաջացնում է լյարդի բորբոքում, որը երբեմն հանգեցնում է լյարդի ծանր վնասման: Հեպատիտ C վարակը կարող է լինել սուր կամ քրոնիկ: Սուր Հեպատիտ C-ով մարդկանց 75-85%-ի մոտ հիվանդությունը քրոնիկանում է։ Վարակման ուղիների, բուժման մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հրանտ Բաբայանի հետ։

– Ի՞նչ հիվանդություն է Հեպատիտ C-ն։
– Հեպատիտ C-ն վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում ընթանում է անախտանիշ։ Հանգեցնում է լյարդի ախտահարմանը, արդյունքում զարգանում է լյարդի ցիռոզ, լյարդի քաղցկեղ։ Սուր հեպատիտի՝ 20-25 տոկոսի դեպքում իմուն համակարգը կարողանում է հաղթահարել, իսկ 75-80 տոկոսի դեպքում զարգանում է քրոնիկ Հեպատիտ C։ Վարակման երեք ուղի կա` արյունային, սեռական ճանապարհով և հիվանդ մորից պտղի փոխանցումը։ Արյան միջոցով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է։
Կան բժշկական և ոչ բժշկական միջամտություններ, որոնք հանգեցնում են արյան միջոցով վարակի տարածմանը։ Բժշկականը արյուն պարունակող աղտոտված գործիքների օգտագործումն է, արյան և նրա պատրաստուկների ներարկումները։ Հեմոդիալիզ ստացողները, ինչպես նաև բժշկական անձնակազմը ռիսկի խմբում են, որովհետև նույն ներարկիչով կարող են մատը ծակել։
Իսկ ոչ բժշկական են, օրինակ, գեղեցկության սրահները, որովհետև եթե առկա են հիվանդի արյունով աղտոտված ու թերի մշակված, ախտահանված գործիքներ, այդ ճանապարհով նույնպես իրական է հիվանդության տարածումը։ Ռիսկի խմբում են հաճախակի սեռական կոնտակտ ունեցողները՝ մասնավորապես կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանայք և տղամարդիկ։ Հղիների մոտ փոխանցման տոկոսն ավելի ցածր է՝ 2-7 տոկոս։
Երբ վիրուսը հայտնվում է օրգանիզմում՝ տեղի է ունենում օրգանիզմի պատասխան ռեակցիա՝ այսպես կոչված՝ սուր հեպատիտի զարգացում, որը թույլ արտահայտված է ընթանում․ ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, երբեմն մաշկային ծածկույթի թույլ դեղնություն, սրտխառնոց, փորլուծություն,որին մարդիկ հիմնականում ուշադրություն չեն դարձնում՝ մտածելով, որ գուցե մրսել են, կամ մի բան այն չեն կերել։ Այդ պրոցեսն արագ անցնում է, որից հետո տեղի է ունենում քրոնիկ պրոցեսի ձևավորում, որի ընթացքում մարդը որևէ գանգատ չի ունենում, սակայն վիրուսը դանդաղ, բայց բազմանում է, ախտահարում լյարդը։ Այդ մարդիկ համաճարակաբանական առումով հանդիսանում են առավել վտանգավոր վարակի աղբյուր։ Հասարակական առողջության առումով իրենք վտանգ են ներկայացնում, որը հաշվի առնելով՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականից ներդրեց Հեպատիտ C-ի բուժման պետական ծրագիր՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը նվազեցնել բուժառուների քանակը։ Այսինքն՝ պետք է վաղ հայտնաբերել և բուժել։
– Նշեցիք, որ ուշ է հայտնաբերվում խնդիրը, սակայն սքրինինգային ի՞նչ հետազոտություններ կարող են կատարել, որ վաղ բացահայտվի։
– Մարդն անգամ 10-յակ տարիներ գանգատ չի ունենում ու այստեղ կարող է օգնել սքրինինգային հետազոտությունը՝ տարին գոնե մեկ անգամ։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն անվճար հիմունքներով բոլոր անձանց տրամադրում է այդ սքրինինգային հետազոտությունը։ Արագ թեստեր են, մոտ 10 րոպեում պատասխանը ստանում են։ Եթե Հեպատիտ C-ի դրական պատասխան է լինում, սա խոսում է այն մասին, որ օրգանիզմը կոնտակտ է ունեցել վիրուսի հետ։ Դա դեռ ախտորոշում չէ։ Սակայն, եթե վիրուսը հայտնաբերվեց, ախտորոշումը դրվեց՝ ուղղորդվում է բժիշկ-վարակաբանի մոտ, նշանակվում է համապատասխան հետազոտության պլան, որպեսզի որոշվի լյարդի ախտահարման ծանրության աստիճանը, բուժման տևողությունը։ Այս ամենը կատարվում է անվճար հիմունքներով։ Կախված ծանության աստիճանից՝ 12-24 շաբաթ տևողությամբ տրվում է դեղորայք։
– Հիմնականում ինչպե՞ս են հայտնաբերվում:
– Ե՛վ վիրահատական միջամտություններից առաջ է հայտնաբերվում, և՛ սքրինինգային հետազոտություններով։ Աշխատանքային միգրանտները երբ մեկնում են արտերկիր՝ բժշկական հետազոտությունների պլանների մեջ կա Հեպատիտ C-ն։ 2005 թվականի դրությամբ՝ ՀՀ-ում բուժում ստացածների թիվը եղել է 689, իսկ այս տարվանը՝ 229։ Ընդհանուր՝ 2020-2026թթ․ հայտնաբերվել և բուժում են ստացել 4373-ը։ Հիվանդների մեծ մասը 50-ից բարձր տարիք ունեցողներն են։ Երիտասարդների մոտ ավելի ցածր տոկոս է կազմում, որը կարող է խոսել այն մասին, որ հետազոտված չեն։
– Երեխաների մոտ ևս հայտնաբերվո՞ւմ է Հեպատիտ C։
– Այո։ Պայմանավորված է մորից երեխային անցնելու հանգամանքով կամ որևէ բժշկական միջամտությամբ։

– Որքա՞ն է տևում բւժումը։
– Ըստ ծանրության աստիճանի՝ բուժումը տևում է 12-24 շաբաթ։ Եթե լյարդի ախտահարման ծանր հետևանքներ չունեն՝ 12 շաբաթ է տևում, եթե ունեն՝ 24 շաբաթ։ Ամիսը մեկ ագամ բուժառուն մոտենում է, մեկ տուփ դեղը ստանում է։ Ըստ անհրաժեշտության՝ լաբորատոր հետազոտությունների կրկնություն է հնարավոր՝ բուժման դինամիկան հսկելու նպատակով։ Բուժման ավարտից հետո ՊՇՌ մեթոդով հետազոտվում են, որպեսզի պարզվի վիրուսի բուժման արդյունքը։ 97-98 տոկոս դեպքերում ունենում ենք ամբողջական առողջացում։
– Կրկնվելու դեպքեր չե՞ն գրանցվում։
– Բուժվելուց հետո կայուն իմունիտետ չի զարգանում։ Այսինքն, մարդը կարող է նորից վարակվել, դրա համար նրանց զգուշացնում են, որ ռիսկային գործողություններ չկատարեն, ուշադիր լինեն։
– Եթե տանը կա Հեպատիտ C-ով հիվանդ, կա՞ն կանոններ, որոնց պետք է հետևեն ընտանիքի անդամները։
– Կենցաղային կոնտակտով չի փոխանցվում, այսինքն, միասին հաց ուտել, նույն բաժակից օգտվել կարող են։ Անհրաժեշտ է արյան կոնտակտ, օրինակ, եթե տանը կա հիվանդ ու նույն սափրվելու գործիքով կամ խոզանակով օգտվում են մյուսները, ունենում ենք միկրոտրավմաներ։ Վարակի համար պարտադիր չէ, որ տեսանելի արյուն լինի։
Այն գործիքները, որոնք կարող են աղտոտված լինել արյան մասնիկներով՝ հիվանդը պետք է առանձին պահի, որ տան մյուս անդամները չվարակվեն։ Եվ, արդյոք մարդը վարակվե՞լ է, թե՞ ոչ, կարող ենք իմանալ մաքսիմում 6 ամիս հետո։ Հեպատիտ C-ի գաղտնի շրջանը 26 շաբաթ է։ Իսկ մինչ այդ մարդը կարող է հետազոտվել, ու արդյունքը բացասական լինի, այսինքն, պետք է սպասի, որ գաղտնի շրջանն անցնի։ Շատ դեպքերում գեղեցկության սրահում, ատամնաբուժարանում կարող են վարակվել։ Բայց կարող են ավելի վստահ լինել, որ ատամնաբուժարանում չեն վարակվի, որովեհտև այսօրվա պահանջներն ու այն նյութատեխնիկական բազան, որ ունեն ատամնաբուժարանները՝ զրոյի է հասցնում վարակի հավանականությունը։ Գեղեցկության սրահներում այլ խնդիր է։ Շատ դեպքերում գործիքները պլաստամասսային մասեր ունեն, որը լիարժեք ավտոկլավի մեջ անցկացնելը խնդիր է լինում։ Կախված է նաև դիմելիության աստիճանից․ եթե շատ են՝ չեն հասցնի ախտահանել։

