Սուրեն Պապիկյանի օրոք ե՞րբ է որոշվել փոխել ՀՀ ԶՈւ զինանշանը, արդյո՞ք դրանից առաջ նման գաղափար եղել է, և ի՞նչ առաջարկ է արվել

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայացած զորահանդես-հաշվետվության նախապատրաստության օրերին՝ մայիսի 22-23-ին, ջրի երես դուրս եկավ, որ ՀՀ իշխանությունները որոշել են փոխել ՀՀ ԶՈՒ զինանշանը, քանի որ Հանրապետության հրապարակում տեղադրված պաստառներում պատկերվածը զգալի տարբերվում էր պաշտոնականից:

Միայն օրեր անց՝ մայիսի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը, որտեղ առկա է ՀՀ եռագույնը, դրա վրա՝ Նիկոլ Փաշինյանի «մշակած» ՀՀ քարտեզը, պատկերված է նաև արծիվ՝ մի ձեռքում՝ սուր, մյուսում՝ խաչ, այսինքն՝ փոխվել է խաչի տեղը:

Իսկ 2001 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի կողմից հաստատված և մինչ նորի ի հայտ գալը գործածված՝ ՀՀ ԶՈւ զինանշանի վրա պատկերված է ՀՀ դրոշը՝ առանց «իրական Հայաստանի» քարտեզի: Ի դեպ, ՀՀ ՊՆ պաշտոնական կայքի «Պետական խորհրդանիշներ» բաժնում դեռ հին զինանշանն է:

Կարդացեք նաև

Նշենք, որ նախքան ՀՀ պաշտպանության նախարարության՝ նոր զինանշանի ներկայացումը և այն փոխելու բացատրության ներկայացումը, 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Սուրեն Պապիկյանին՝ պարզելու, թե ե՞րբ է ՀՀ զինանշանը փոխելու գաղափարը ծնվել, էսքիզը մշակվել, և ո՞վ է դրա հեղինակը, ինչին ի պատասխան՝ միայն հունիսի 5-ին ուղարկված իր պատասխան գրության մեջ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է.

«ՀՀ ԶՈւ կերպափոխման շրջանակում ՀՀ ԶՈւ նոր զինանշանի աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հունվարին: Դրանք իրականացվել են ոլորտի առաջատար մասնագետների և զինվորականների կողմից: Աշխատանքների ընթացքում նախագծվել և կյանքի են կոչվել ոչ միայն ԶՈւ զինանշանը, այլև սերժանտական համակարգի, սպայական ուսադիրների և մարտական զորատեսակների տարբերանշանները»:

Հավելենք, որ բանակի կերպափոխման հայեցակարգը ներկայացվել էր 2024 թվականի նոյեմբերին:

Իսկ 2024 թվականի հունվարի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակում մտածողությունը պետք է փոխվի:

«Եվ այդ փոփոխությունը պետք է արտահայտվի ամեն նրբության մեջ` սկսած համազգեստից, շարունակած յուրաքանչյուր զինվորականի արտաքին տեսքով, շարունակած մշտական տեղակայման վայրերում առկա միջավայրից, սպառազինությունից ու տեխնիկայից, զինծառայողների աշխատավարձից և սոցիալական երաշխիքների համակարգից, զինծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների նկատմամբ մեր պահանջներից և յուրաքանչյուր զինծառայողի գաղափարական պատրաստվածության աստիճանից: Մենք սկսել ենք այս գործընթացը, բայց նաև չեմ կարող ասել, թե ընթանում ենք բավարար արագությամբ»:

Եվ արդեն «մարտունակ բանակ»-ի փոխարեն՝ սկսեց կիրառվել «պաշտպանունակ բանակ» ձևակերպումը:

Հոդվածներից մեկում գրել ենք, որ երբ խոսք է լինում պաշտպանունակության մասին (обороноспособность), առաջին հերթին նկատի են ունենում պետությունը: Իսկ երկրի պաշտպանունակությունը (обороноспособность государства) համապարփակ հասկացողություն է կամ վիճակ, և ռազմական ուժը կամ բանակի մարտունակությունը դրա մի բաղադրիչն է:
Այսինքն, երկրի պաշտպանունակությունն ապահովում է ոչ միայն ռազմական շինարարությունը, այլև՝ հզոր տնտեսությունը (դրանով պայմանավորված է ռազմական կամ պաշտպանական շինարարության որակը), ռազմարդյունաբերության զարգացման միտումները, ժողովրդագրական պատկերը, պետական բոլոր մարմինների գործունակությունը խաղաղ և պատերազմական իրավիճակում, արտաքին քաղաքականությունը, որոշ առումներով՝ անգամ իրավական-օրենսդրական բազան, հանրության բարոյահոգեբանական տրամադրվածությունը և այլն:

Երբ, օրինակ, Ռուսաստանի ղեկավարը ՆԱՏՕ-ից իր սահմանների համար վտանգ է տեսնում, նա հրահանգում է կառավարությանը՝ բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, ինչը նշանակում է համալիր միջոցառումների իրականացում:

Վերադառնանք ԶՈւ զինանշանի և տարբերանշանների փոփոխության խնդրին:

Մայիսի 26-ին գրել ենք, որ 2020 թվականի հունվարին շրջանառվել էր ՀՀ ՊՆ տարբերանշանի նոր տարբերակ, որն ընկալվել էր՝ որպես ՀՀ ԶՈւ զինանշան և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվել՝ «մեջը ուժ չկա, առյուծի թևերը կապ չունեն կենդանու հետ, թրերը հայկական չեն, որ հայկական խաչերը դեռ ուրարտական շրջանից եղել են ծաղկող, իսկ կելտականը՝ համադրություն է սկանդինավյան Թորի և Օդինի տարբերանշանների», և այլն:

Իսկ այն, որ ՊՆ տարբերանշանի նոր տարբերակի մասին քննարկում կա, պարզ էր դարձել Բանակի օրվա տոնակատարության համատեքստում, քանի որ այն տպված էր հրավիրատոմսի վրա: Ավելի ուշ այդ ժամանակ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում էր տարածել, որ խոսքը ԶՈւ զինանշանի մասին չէ:

«Սա ՀՀ ԶՈւ-ի զինանշանը չէ, այլ՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակը։

Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։

Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ:

2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։

3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»:

Ըստ այդմ՝ 2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված մեր գրավոր հարցման մեջ՝ հիշեցնելով սրա մասին, հետևյալ հարցադրումն ենք արել՝ «արդյո՞ք 2019-2020 թվականին այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով զինանշանի նոր տարբերակ եղել է հաստատված, եթե այո՝ կխնդրենք տրամադրել նախագծային կամ բնօրինակ տարբերակը, և հայտնել՝ ո՞ւմ կողմից է այն չեղարկվել»:

Ավելին, մենք խնդրել ենք հայտնել նաև՝ արդյո՞ք մինչև 2018 թվականը ԶՈւ զինանշանը փոխելու գաղափար եղել է:

Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատասխան գրության մեջ ընդամենը նշել է. «Ձեր երկրորդ հարցի և տեղադրված նկարի առնչությամբ նշենք, որ այն երբևէ ԶՈւ զինանշանի տարբերակ չի եղել»:

Իսկ արդյո՞ք պաշտոնապես որպես տարբերանշան գործածության մեջ մտել է, այս մասին որևէ խոսք չկա, երբ, կրկնում ենք, հարցադրման մեջ մանրամասն ներկայացրել ենք, որ այն Զու տարբերանշանի տարբերակ է ներկայացվել ՊՆ խոսնակի կողմից, մյուս կողմից, տարբերանշանն ինչպե՞ս կարող էր բանակի օրվա հրավիրատոմսի վրա լինել, եթե զինանշան դարձնելու նպատակ չի եղել:

Ի դեպ, մինչև պաշտպանական գերատեսչությունը կպատասխաներ մեր գրավոր հարցմանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այս հարցին:

«Եթե չեմ սխալվում, դեռևս 2016 թվականին, Պաշտպանության նախարարությունը շատ բաց և հրապարակային միջգերատեսչական հանձնաժողով ստեղծեց և ներգրավեց նկարիչների, հերալդիստների (զինանշանագետ), քանի որ իրականում մեր զինանշանն ուներ հերալդիկ խնդիրներ: Այդ փոփոխությունը դրված էր մեր առջև, ես այդ հանձնաժողովը նախագահել եմ: Ունեցել ենք արդյունք, ունեցել ենք զինանշան, որը հետագայում որակվեց՝ ոչ որպես զինանշան, և կարծեմ՝ այն մինչև հիմա ՊՆ-ում կիրառում են՝ թևավոր առյուծ է: Իսկ նորի վերաբերյալ ես չեմ կարող ձեզ իմ գնահատականը տալ, որովհետև ճաշակին ընկեր չկա»,- մանրամասնել է պաշտպանության նախկին նախարարը, ըստ էության, հաստատելով մայիսի 26-ին հրապարակված մեր հոդվածում և դրանից հետո ՊՆ ուղարկված մեր գրավոր հարցման մեջ ներառված տեղեկությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930