Մոսկվայի կովկասյան Realpolitik-ը. Ինչո՞ւ է Կրեմլն «ընդառաջ գնում» Երևանին և Բաքվին՝ ճգնաժամի ֆոնին

Չնայած հայ-ռուսական հարաբերությունները հրապարակային դաշտում գտնվում են ամենալարված փուլում, Ռուսաստանը շարունակում է հայտարարել՝ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին նախօրեին հավաստիացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ինչպես և նախկինում, պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման գործում, պատրաստել և տրամադրել ռուսական հարթակ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը՝ ելույթ ունենալով ՍՊՏՀ-ում (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով)։

Նա նշել է, որ «Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հունով»։

«Զգալի պոտենցիալ ենք տեսնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրներն ու նրանց պատմական հարևաններին»,- հայտարարել է Գալուզինը։ Նա հստակեցրել է, որ «այս մեխանիզմը կոչված է նպաստելու տարածաշրջանի խնդիրների լուծմանը հենց այդ տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների ուժերով՝ առանց դրսից կործանարար միջամտության»։ Նա նաև ասել էր, թե Ռուսաստանը պատրաստ է նպաստել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Ադրբեջանի մերձեցմանը, ինչպես նաև կցանկանար տեսնել Բաքվի մասնակցությունը Եվրասիական զարգացման բանկի աշխատանքներին։

Կարդացեք նաև

Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հայտարարություններում երևում է ՌԴ արտաքին քաղաքական ռազմավարությունը և պրագմատիզմը։

Նրա որակմամբ, սա Ռուսաստանի համար ոչ թե իրավիճակային արձագանք է կամ հարաբերությունների էմոցիոնալ գնահատական, այլ Ռուսաստանի երկարաժամկետ քաղաքականության արտացոլում, որը բխում է նոր բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման և Մոսկվայի շահերի ապահովման անհրաժեշտությունից։

«Սա հերթական անգամ ապացուցում է ՌԴ այն համոզմունքը, որ Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետությունը պետք է ձևավորվի բացառապես տարածաշրջանային պետությունների կողմից՝ զերծ մնալով արտաքին միջամտությունից։ Այս կոնտեքստում «3+3» հարթակի շեշտադրումը պատահական չէ, ՌԴ-ն հասկացնում է, որ ռեգիոնալ երկրները պետք է ներգրավված լինեն հակամարտությունների կարգավորման գործընթացում՝ հետագայում պատասխանատվություն ստանձնելով կայունության ապահովման համար։ Միջնորդական ջանքերում ներգրավվելով՝ Արևմուտքը տարածաշրջան է ներթափանցել և իր քաղաքականությունն է առաջ մղում։ Չնայած պատերազմի առկայությանը Ռուսաստանում, Հարավային Կովկասը Ռուսաստանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ որպես դեպի գլոբալ Հարավ տանող դարպաս։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի անխափան գործարկումը Մոսկվայի համար ունի առաջնահերթ աշխարհատնտեսական նշանակություն։ Բաքվին ԵԱՏՄ-ի հետ մերձեցնելու և Եվրասիական զարգացման բանկի աշխատանքներում ներգրավելու առաջարկները ևս լիովին տեղավորվում են այս քաղաքականության շրջանակում»,- ասաց Լուկիանովը։

Նրա խոսքով, աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս փուլում Ռուսաստանի դիրքորոշումը ցույց է տալիս ռազմավարական համբերության մասին, երբ երբեք չի դադարեցվում կառուցողական երկխոսությունը նույնիսկ բարդ ժամանակաշրջաններում։ «Շարունակաբար հղում անելով 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններին՝ Մոսկվան Երևանին և Բաքվին հիշեցնում է, որ իրավական առումով միայն ռուսական միջնորդությամբ ձեռք բերված փաստաթղթերն ունեն ճանապարհային քարտեզ։

Չնայած գլոբալ դիմակայության վրա կենտրոնացված հսկայական ռեսուրսներին, Ռուսաստանը «փափուկ ուժի», տնտեսական ինտեգրացիոն գործիքների միջոցով փորձում է պահպանել Հարավային Կովկասում իր դերակատարությունը։ Սա բարդ է, հաշվի առնելով Արևմուտքի մեծ ակտիվությունը։ Ի դեպ, պետք է նկատի ունենալ, որ Վաշինգտոնը գործում է առանձին, հետապնդում իր օրակարգը, իսկ ԵՄ-ն՝ առանձին։ Միշտ չէ, որ այս երկու օրակարգերը համընկնում են, ինչը պարզ կերպով տեսանելի է նրանց հարաբերություններում Ռուսաստանի հետ։ Ուստի այս բարդ աշխարհաքաղաքական փուլում Հարավային Կովկասում յուրաքանչյուր կենտրոն իր օրակարգն է փորձում ակտիվորեն առաջ մղել, ամրապնդվելով ռեգիոնում, սակայն անցումային զարգացումները դեռ շարունակվում են։ Ռուսաստանի արտաքին քաղաքական ռազմավարությունը ևս փոփոխություններ է կրում»,- պարզաբանեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930