Բաքվի հայերի ջարդերը՝ գերմանական դիվանագիտական բացառիկ փաստաթղթերում

1918 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը գրավեցին Բաքուն: Քաղաքը գրավելուց հետո թուրք զինվորականների ղեկավարությամբ թուրք-թաթարական հրոսակախմբերը սկսեցին կոտորել քաղաքի անզեն հայերին:

Բաքվի հայերի կոտորածների մասին հայկական  աղբյուրներից զատ, փաստագրական նյութեր կան նաև ռուսական աղբյուրներում: Տասնամյակներ անց բացառիկ փաստագրական նյութեր հրապարակեցին նաև գերմանական և ավստրիական աղբյուրները: 1990թ.  գիտական հանրությանը ներկայացվեցին նաև գերմանական արխիվային փաստաթղթերի հայերեն թարգմանությունները: Այդ բացառիկ փաստաթղթերում կարդում ենք և տեղեկանում, որ Բաքվում հայերի կոտորածները կազմակերպվել և իրականացվել են թուրք-թաթարական հրոսակախմբերի կողմից:

Ներկայացնում ենք այդ բացառիկ փաստաթղթերից մեկը, որի հեղինակն այդ շրջանում տարածաշրջանում գտնվող գերմանական կայսերական պատվիրակության ղեկավար Ֆոն Կրեսին է:

Կարդացեք նաև

«Օսմանյան կայսրության գլխավոր շտաբի մայորին,
Կովկասում գերմանական կայսերական պատվիրակության ղեկավար գեներալ ֆոն Կրեսին

Թիֆլիս

Գերմանական պատվիրակություն

(20.09.1918 թ.)

Հաշվի առնելով թուրքական զորամասերի անհուսալիությունը, որոնց, Նուրի փաշայի իսկ խոստովանությամբ, հետո նորից պետք էր հավաքել բռի մեջ, հնարավոր չէր թուրքական զորամասերն օգտագործել ոստիկանական նպատակներով։ Բազմաթիվ հայեր, այդ թվում նաև կանայք ու երեխաներ, ինչպես նաև գերազանցապես զինվորական ծառայության համար պիտանի գերիներ, ոչնչացվել են։ Մի քանի հազարի մասին առայժմ չկան ճշգրիտ տվյալներ։ Արժանահավատ տեղացիները պնդում են, որ նրանց թիվը շատ ավելի մեծ է, քան մարտին սպանված հայերինը։ Գերմանացիները, որոնց կարելի է հավատալ, իրարից անկախ նշում էին 10.000 թիվը։ Թուրքերը պնդում են, որ ավազակախմբերում ոչ միայն թաթարներ են եղել, այլև մեծ մասամբ պարսիկներ։ Սեպտեմբերի 14-ի և 15-ի մարտերի ընթացքում հաղորդվել են նաև թուրք զինվորների կողմից կատարված գազանությունների մասին։ Սպանվել են նաև երկու գերմանացի նորաբնակներ (սրանք կայսրության հպատակներ էին) և մի քանի գերմանացի նորաբնակների կանայք (կայսրության հպատակներ չէին) բռնաբարվել են։ Նույնպիսի բռնություններ են տեղի ունեցել ավստրիացիների (միապետության հպատակներ) և ռուսների նկատմամբ։ Գերմանացի նորաբնակների սպանության մասին դանիական հյուպատոսը արձանագրություն է կազմել։

Տեղի դանիական, շվեդական, հոլանդական և պարսկական հյուպատոսները դառնությամբ են ընդունել այն հանգամանքը, որ թուրքական զորամասերին թույլ էր տրվել գրավել Բաքուն, ինչը քաղաքական առեղծվածի տպավորություն էր թողել։ Չեզոք հյուպատոսները գազանությունների կապակցությամբ համատեղ նոտա են հղել Նուրի փաշային։

Ռազմական նավատորմի հետ բանակցությունների ժամանակ, որը համաձայն չէր Բաքվի անջատմանը Ռուսաստանից, թուրքական ներկայացուցիչը հայտարարել է, թե թուրքերը գրոհել են Բաքվի վրա միայն այն պատճառով, որ այնտեղ գտնվում էին անգլիացիները, և Բաքուն գրավել են միայն այն պատճառով, որ անգլիացիների նահանջից հետո քաղաքում տեր չէր մնացել։ Բաքուն այժմ արդեն բացահայտորեն (թեև ոչ պաշտոնապես) անվանում են Ազերբայջանի մայրաքաղաք»: (Մանուչարյան Ա. Լ., «1918 թ. Բաքվի հայկական ջարդերը (ԳՖՀ-ի արտաքին գործերի մինիստրության քաղաքական արխիվի փաստաթղթերը»,  Լրաբեր Հասարակական գիտությունների, 1990, Երևան, էջ 78-79):

Այս բացառիկ փաստաթուղթն ընդգծում է, որ Բաքվում հայերի ջարդերը կազմակերպել են թուրքերը և դրանք իրականացվել են թուրք-թաթարական հրոսակների կողմից: Թուրքերն իրենք չեն ժխտում, որ հայերի ջարդերը կազմակերպել են իրենք: Հայերի հետ մեկտեղ՝ Բաքվում սպանվել են նաև գերմանացիներ, ավստրիացիներ և ռուսներ: Փաստաթղթում առկա կոտորված հայերի թվերը փաստում են այն, որ Բաքվում ոչ պաշտոնական և պաշտոնական տվյալներով սպանված հայերի թիվը տատանվում է 10-30 հազարի սահմաններում: Այս փաստաթուղթն օտարերկրյա փաստ է, որը ցույց է տալիս, որ թուրք-թաթարական հրոսակախմբերի ծրագրերը երբեք չեն փոխվում:

Նրանք օգտվում են հարմար առիթից և իրականացնում իրենց ոճրագործությունը: Տարածաշրջանում արդար, առողջ և պատվական խաղաղություն միայն եղել է այն ժամանակ, երբ հայկական բանակը հաղթել է թուրք-թաթարական կամ թուրք-ադրբեջանական հրոսակախմբերին: Մնացյալ բոլոր դեպքերում՝ կեղծ խաղաղության պատրանքի թիկունքում եղել և մնում է հայերի բնաջնջումն ու մեր հայրենիքի ոչնչացումը:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930