Հոսանքը «թանկանում» է
Հաշվի առնելով քաղաքական հետևանքները՝ ընտրություններից առաջ իշխանություններն ամեն ինչ արեցին խուսափելու էլեկտրաէներգիայի թանկացումից։ Սակայն այն, ինչ այս պահին տեղի է ունենում էներգահամակարգում՝ մոտ ժամանակներս անխուսափելիորեն տանելու է հոսանքի սակագների բարձրացման, ու դրանից խուսափել անհնարին է լինելու։
Պատճառն այն է, որ համակարգում էապես ավելացել է թանկ հոսանքի արտադրությունը։ Դա տեղի է ունեցել ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների կտրուկ ավելացման հետևանքով։
Տարեսկզբին ջերմային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է ավելի քան 45 տոկոսով։ Նախորդ տարվա 857 մլն կիլովատտի փոխարեն, այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 1 մլրդ 244 մլն կիլովատտ հոսանք՝ շուրջ 387 միլիոնով ավելի, քան անցած տարի։
Սա էներգաարտադրության հաշվեկշռի չափազանց լուրջ փոփոխություն է, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ սակագների վրա։
Եթե 2025թ. առաջին եռամսյակում ՋԷԿ-երն ապահովում էին ամբողջ արտադրության մոտ մեկ երրորդը, ապա 2026թ. արդեն ապահովում են գրեթե կեսը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջերմային կայաններում արտադրվում է անհամեմատ թանկ հոսանք, համակարգում էապես աճել է հոսանքի արտադրության ինքնարժեքը։ Թանկ հոսանքի արտադրությունն աճել է առաջին հերթին այն պատճառով, որ կրճատվել է էժան աղբյուրների հաշվին արտադրվող հոսանքը։ Ընդ որում, դա բացարձակ կապ չունի այն հանգամանքի հետ, որ այս տարի ատոմակայանն ավելի երկար ժամանակով է կանգնել տեխնիկական վերազինման։ Թանկ հոսանքի արտադրությունն ավելացել է մինչև ատոմակայանի կանգառը։ Ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է ապրիլի 1-ից, մինչդեռ համակարգում այս կտրուկ փոփոխությունները տեղի են ունեցել դրանից առաջ։
Թե ո՞րն է եղել պատճառը, հայտնի չէ։ Բայց պատճառներից մեկն էլ կարող էր լինել այն, որ վերջին շրջանում խախտվել է համակարգի կայունությունը՝ պայմանավորված արևային կայանների քանակի հախուռն ավելացմամբ։
Ի տարբերություն ՋԷԿ-երի, մյուս բոլոր արտադրող կայաններում հոսանքի արտադրության ծավալները նվազել են։ Դա նկատելի է հատկապես ՀԷԿ-երի պարագայում, որտեղ արտադրությունը կրճատվել է ավելի քան 34 տոկոսով։ Նախորդ տարվա 514 մլն կիլովատտի դիմաց, այս տարի արտադրվել է գրեթե 338 մլն կիլովատտ հոսանք։
ՀԷԿ-երում արտադրության ծավալները կրճատվել են ավելի քան մեկ երրորդով։
Հոսանքի արտադրությունը նվազել է նաև ատոմակայանում, բայց ոչ այն պատճառով, որ ատոմակայանը կանգնել է տեխնիկական վերազինման ու վերալիցքավորման։ Ատոմակայանում հոսանքի արտադրությունը կրճատվել է դրանից առաջ։
Այդքան խոսում են արևային կայանների ավելացման մասին, բայց վերջին տարիներին անգամներով աճող արևային կայանների արտադրությունն էլ է այս տարի կրճատվել։ Ինչպես ատոմակայանի պարագայում, նվազումը կազմել է 1.4 տոկոս։ Բայց դա էլ բավական է այս հատվածից ևս մեծացնելու համակարգի վրա ֆինանսական ճնշումը։ Արտադրվող էլեկտրաէներգիան, որը տարեսկզբին ավելացել է, ավելացել է՝ գերազանցապես էներգաարտադրության թանկ աղբյուրի, ՋԷԿ-երի հաշվին։ ՋԷԿ-երում արտադրված հոսանքը, որպես կանոն, անհամեմատ թանկ է, քանի որ կախված է գազի գնից, կայանների արդյունավետությունից և արտադրության լրացուցիչ ծախսերից։ ՀԷԿ-երը և ատոմակայանը, հակառակը՝ համակարգի ավելի էժան և կայուն հենասյուներն են։ Երբ այդ աղբյուրների բաժինը նվազում է, թանկ ջերմային էլեկտրաէներգիայի արտադրության բաժինն աճում է, բարձրանում է հոսանքի արտադրության գինը։
Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ պիտի վճարի այդ գինը։
Պատասխանը շատ պարզ է. վճարողը լինելու է սպառողը՝ սակագների բարձրացման միջոցով։
Իշխանությունները կարող են ժամանակավորապես չբարձրացնել սակագինը, կարող են ընտրություններում ձայներ չկորցնելու ակնկալիքով հայտարարել, որ սակագինը չի փոխվելու, կարող են իրենց կցորդը դարձած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով հարցը հետաձգել, բայց չեն կարող այդ իրավիճակը երկար ժամանակ պահպանել։ Երբ թանկ արտադրությունը փոխարինում է էժան արտադրությանը, համակարգում առաջացող ֆինանսական ճեղքն ինչ-որ մեկը պետք է փակի։ Փակողը, բոլոր դեպքերում, լինելու է սպառողը։
Քանի որ դեմն ընտրություններն են, այս փուլում որոշել են էներգետիկ համակարգի ֆինանսական ճեղքը փակել սպառողներին վաճառվող գազի սակագինը տարիներ շարունակ չնվազեցնելու արդյունքում կուտակված լրացուցիչ գումարների հաշվին։ Խոսքը միլիարդավոր, թե ոչ տասնյակ-միլիարդավոր դրամների մասին է։ Բայց դրանք էլ սպառողների գումարներն են ու դուրս են եկել սպառողների գրպանից՝ գազի սակագինը բարձր պահելու ու չնվազեցնելու արդյունքում։
Հիշեցնենք, որ վերջին 4 տարիներին դոլարի փոխարժեքը Հայաստանում նվազել է գրեթե 25 տոկոսով, ինչն էական գործոն էր բնակչությանը վաճառվող գազի սակագներն իջեցնելու համար, բայց այդպես էլ իշխանությունները չգնացին դրան ու այսօր էլ շարունակում են բարձր պահել գազի սակագինը՝ դատարկելով սպառողների գրպանները։
Այդ և այլ անհայտ գումարների հաշվին էլ ընտրություններից առաջ խուսափեցին հոսանքի սակագնի բարձրացումից, բայց վաղը դա անհնարին է լինելու. Այսօր արդեն աստիճանաբար դրվում են առաջիկայում սակագները բարձրացնելու հիմքերը։ Իսկ հոսանքի թանկացումը, ցանկացած պարագայում, խնդիր է սպառողների համար։ Այն մտնում է ոչ միայն ամեն մի ընտանիքի անձնական բյուջե, այլև ազդում է խանութի, արտադրամասի, փոքր բիզնեսի, գյուղացու, գործարանի և արտադրանքի վերջնական գնի վրա։ Էլեկտրաէներգիայի թանկացումը թանկացնում է տնտեսության ամբողջ շղթան։ Այդ պատճառով էլ այսօր առկա էներգաարտադրության կառուցվածքն ահազանգ է բոլորի համար։
Ի վերջո՝ չնայած սակագնի վերանայումը տեղի է ունենում ՀԾԿՀ նիստում, դրա հիմքերը շատ ավելի վաղ են դրվում ՝ սկսած հենց էներգաարտադրության կառուցվածքի ու հաշվեկշռի փոփոխություններից։
Էներգաարտադրության կառուցվածքի այսպիսի փոփոխությունները բերում են համակարգում ծախսերի ավելացման, վերջնարդյունքում հանգեցնելով սակագների բարձրացման, ինչին մոտակա ժամանակներս ականատես կլինենք։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



