
Ով պետք է պատասխան տա հակահարվածի օպերացիայի ձախողման համար. ինչո՞ւ են 44-օրյա պատերազմի մասին գրքի հեղինակներն անտեսել կարևոր հարցեր՝ «փրկելով» Փաշինյանին

44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու նախապես հայտարարված ժամկետները խախտելուց հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշել է այլևս կոնկրետ ժամկետ չնշել և սահմանափակվել՝ ասելով, թե զեկույցը 2025 թվականին անպայման հասանելի է լինելու Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։
Թե ինչո՞ւ է ուշացվում այն, հայտնի չէ:
Հայտնի է, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը Դ-20 հրետանային դիվիզիոնի գործով դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման, պատժի կրման սկիզբը հաշվվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Դատավճիռը դեռևս օրինական ուժ չի ստացել, քանի որ Ջալալ Հարությունյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել վերադաս դատարան։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի, Ջալալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Այսինքն, ՊԲ նախկին հրամանատարի սխալ հրամանի պատճառով Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրում տեղակայված Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնը հայտնվել է թշնամու զինված խմբավորման թիրախում, 20 զինծառայող է զոհվել:
Դատարանում Ջալալ Հարությունյանը, մասնավորապես, ասել էր, որ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որ ՊԲ-ն չուներ հետախուզական ճշգրիտ տեղեկություններ այդ հատվածում խմբավորման մասին, ուստի նման տեղեկությունների հիման վրա իր կողմից ասվել է, որ «հնարավոր է, որ յուրայիններ լինեն»:
Դատարանի դատավճռի բովանդակությունից տեղեկանում ենք նաև, որ այս հարցը քննարկվել է, քանի որ՝ «եղել են թիկունք ներթափանցած հետախուզական դիվերսիոն խմբեր և միաժամանակ եղել են նաև զորահավաքային ռեսուրսներից յուրային ստորաբաժանումներ, ովքեր դիմել էին փախուստի, և նրանց հստակ տեղակայման վայրը Պաշտպանության բանակին հայտնի չի եղել, որոշակի ճշտումներ անելուց հետո, առաջին պաշտպանական շրջանի հրամանատարական կետից ուղղության սպաների միջոցով ստացվել են տեղեկություններ, որ տվյալներ չկան, որին ի պատասխան՝ կրկին ասվել է, որ «կարող է յուրայիններ լինեն», և, եթե ինչպես նշել է»:
Ի դեպ, տարբեր տեղեկություններով, խոսքը դիրքերը լքած մոտ 700 պահեստազորայինի մասին է:
Ինչևէ, զոհված զինծառայողների ծնողները Ջալալ Հարությունյանի նկատմամբ դատարանի դատավճիռը համարում են իրենց տարիների պայքարի արդյունքը, թեև, ինչպես նշեցինք, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը դեռ բողոքարկվելու է:
Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատասխան չտալ 44-օրյայի ժամանակ իր որոշումների համար, որոնք մի քանի հազար զինվորի, կամավորականի, պահեստազորայինի, սպայի կյանք են խլել, կամ այն հայտարարության, որ՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:
Իսկ Ջալալ Հարությունյանը՝ որպես ՊԲ հրամանատար, գուցե շատ այլ հրամանների կամ դրանց բացակայության համար պիտի պատասխան տա, սակայն մյուս կողմից, բարձրաստիճան զինվորականությունից պնդում են, որ հրամանատարների հրամանները չպետք է այս քրեական գործի հիմք դառնան կամ քննության առարկա:
Այս համատեքստում հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր նաև հակահարձակման հայտնի օպերացիայի դրվագով, ավելի ուշ Քննչական կոմիտեն որոշել էր կասեցնել ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը և նշանակել ռազմագիտական փորձաքննություն:
2023 թվականի նոյեմբերին պարզվեց, որ 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է՝ արդարացնող հիմքով։
Բայց ռազմագիտական փորձաքննությանը մասնակցած անձանց և փորձագետների եզրակացությունը մինչ օրս չի հրապարակվել:
Իսկ սա կարևոր է, եթե հաշվի առնենք, որ, ինչպես հայտարարել էր գեներալի փաստաբանը, հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել էր Նիկոլ Փաշինյանից՝ գերագույն գլխավոր հրամանատարից:
«Կարծում եմ՝ այդ իրավիճակում հավանություն չտալը՝ թե ԳՇ-ի, թե՛ գերագույն հրամանատարի կողմից, կլիներ սխալ, որովհետև այն պահին, երբ այս որոշումը կայացվել է, եղել են բոլոր նախադրյալները՝ որոշումը կայացնելու։ Եթե այս որոշմամբ հակահարվածը ներքևի օղակներում կարողանային բարձր մակարդակով իրականացնել, մենք կարող էինք ունենալ այլ պատկեր՝ ամբողջ պատերազմի համար,- 2022 թվականին լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Ջալալ Հարությունյանի փաստաբանը և հավելել,- Հակահարձակման օպերացիան, որը կատարվել է հոկտեմբերի 7-ին, եղել է մի գործողություն, որը մեր համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել դեռևս տարիներ առաջ։ Մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր՝ ամենաբարձր մակարդակով, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, այսինքն՝ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։ Այսինքն, այս քայլը համապատասխան փաստաթղթերից բխած քայլ է եղել: Երբ այդ ծրագիրը կազմվել է, նույն ժամանակահատվածում եղել են տվյալներ հակառակորդի ուժային առավելության մասին 1։2,4-ի հարաբերակցությամբ: Այսինքն՝ մեր պետությունը այս ոլորտում ունեցել է քաղաքականություն, որ հակառակորդի՝ 2,4-ի առավելության պայմաններում հարավային հատվածում ներթափանցելու դեպքում պետք է կատարվի հակահարված և թշնամու թիկունքի սնուցումը, աջակցությունը կտրվի։ Այսինքն, Ջալալ Հարությունյանը սա իրենից չի հնարել, և տվյալները եղել են այն, ինչ այդ ծրագրերը կազմելիս»:
Ավելին, հրավիրած ասուլիսի ժամանակ ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանը խոսելով կոնկրետ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղու ուղղությամբ հակահարված կազմակերպելու մասին, նշել էր, որ այդ ուղղության հետ կապված եղել են հետախուզական տվյալներ, որ ունենք առավելություն, և մեր ռեզերվային ուժերը, որոնք կարող են ներգրավվել այդ օպերացիային, մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան հակառակորդի ուժերը, որոնք այդ տարածքում տեղակայված են։
«Պատահական չէ, որ այդ հակահարձակումն ունեցել է բավականին լավ արդյունքներ»,- ընդգծել էր փաստաբանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերի 6-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ խոսում էր Արցախ կատարած այցի մասին: 168.am-ը գրել էր, որ տվյալ գրառումը Փաշինյանը մի քանի անգամ խմբագրել է:
Իսկ հակահարվածի օպերացիայի քննարմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, Արգիշտի Քյարամյանը՝ որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, Արցախի ԱԱԾ տնօրենի կարգավիճակում Կամո Աղաջանյանը, Արարատ Միրզոյանը, Սամվել Բաբայանը և այլք:
Այսինքն, Ջալալ Հարությունյանին այս դրվագով արդարացնելով համապատասխան որոշում կայացնողները, ըստ էության, առաջին հերթին փորձել են փրկել Նիկոլ Փաշինյանին, սրա մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք: Եվ մինչև հիմա 44-օրյայի պարտության վրա էական ազդեցություն ունեցած այս օպերացիայի ձախողման համար որևէ մեկը պատասխան չի տվել, և շատ հարցեր մնացել են անպատասխան:
Ի դեպ, «44 պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» վերնագրով գրքում, որը հեղինակել են Կարեն Հարությունյանը, Վիգէն Չըթըրեանը, Աշոտ Ոսկանյանը և Մկրտիչ Կարապետյանը, անդրադարձ կա այս օպերացիային, Նիկոլ Փաշինյանի հետ կապված ինչ-ինչ հիշեցումներ արվում են, սակայն հիմնական շեշտը դրվում է Ջալալ Հարությունյանի անփորձ լինելու և հրետանավոր ՊԲ նախկին հրամանատարի նման հակահարձակման օպերացիայի կազմակերպել չկարողանալու վրա:
Այսինքն, գրքի հեղինակները հարցադրում չեն անում՝ նախկինում մշակված ի՞նչ փաստաթղթեր են, որոնց հիման վրա արդեն մշակվել է այս օպերացիան, արդյո՞ք անհրաժեշտ ռեսուրսները եղել են այն չափի, որքան այդ նշված փաստաթղթերում է նախատեսված եղել։
Նշենք, որ հակահարվածի օպերացիայի մասին ՀՀ 3-րդ նախագահի տեսակետները գրքում ներառելու հետ մեկտեղ, գրքի հեղինակները կարող էին հենց Սերժ Սարգսյանից էլ որոշ տեղեկություններ իմանալ թույլատրելի սահմանում, ով տարիներ առաջ «Արմնյուզին» տված հարցազրույցում նշել էր.
«Ամեն անգամ պարտադրվում էր բեկում մտցնել ռազմական գործողություններում, դա անթույլատրելի բան է, բեկում մտցնելն անմիջական անպատրաստ հակահարձակումները չեն, բեկում մտցնելու համար դու պետք է կարողանաս միգուցե ռեզերեվային ուժերի օգնությամբ գրավել հարմարավետ բնագծեր, դիմավորել քո նահանջող զորքին, որպեսզի նրանք կարողանան արդեն թիկունքում լրացնեն իրենց սանիտարական, զենքի, զինամթերքի կորուստները և այլն, իսկ այդ թարմ ուժերով կարողանաս կանգնեցնել հակառակորդին, որից հետո արդեն կարող ես մտածել հակահարձակողական օպերացիա կազմակերպելու մասին: Բայց ոչ, մտածել էին, տեսեք-տեսեք, գնալ և շրջափակման մեջ վերցնել ադրբեջանական այն ստորաբաժանումները, որոնք արդեն խորացել էին, և օգտագործել այդ ընթացքում մեր աչքի լույսը, մեր ռեզերվը, մեր լավագույն բրիգադաները, որից հետո պաշտպանության բանակի ղեկավարը զրկված է եղել որևէ ռեզերվային ուժից»:
44-օրյա պատերազմի մասին գրքի հեղինակները հարց չեն բարձրացրել նաև, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել հակահարվածի օպերացիայի ձախողման վրա ՌԲԿ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի կողմից դեռևս ընթացքի մեջ գտնված ռազմական այդ օպերացիայի հրապարակայնացումը:
«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որը ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։ Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»,- մանրամասնել էր նա:
Հարցին՝ տվյալներ կա՞ն ադրբեջանական կողմի կորուստների մասին, Փաշինյանը պատասխանել էր.
«Այո, կան տվյալներ, արդեն կա Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, և շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել: Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի»:
Իհարկե, Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը նաև այս օպերացիայի ձախողման պատասխանատվությունն էր դրել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա, ինչն ավելի ուշ շարունակել էր 44-օրյայի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ կարգված Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Ջալալ Հարությունյանը վարում էր մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ, և սլաքներն ուղդել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի ուղղությամբ, ով այսօր արդեն քրեական գործով է անցնում հարավային ուղղությամբ արձանագրված ձախողումների համար:
Ի դեպ, «44 պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» գրքի հեղինակները Տիրան Խաչատրյանի հասցեին այլ մեղադրանքների ֆոնին՝ անտեսել են հրապարակային հարցազրույցներում նրա պնդումները հարավային ուղղությամբ նահանջների հետ կապված:
Գրքում անտեսվել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում արած՝ Արաքսի ափի հատվածին վերաբերող հայտարարությունը:
«Հաջորդ օրը (2020թ., հոկտեմբերի 8։- Մ.Պ.) Ռուսաստանի նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով… Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին՝ ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն…»:
Արդյո՞ք սա չի հուշում հստակ նահանջների մասին…
Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը վերը նշված հարցով հեռախոսազրույց չի ունեցել Իրանի առաջնորդի հետ, երբ խոսքն առնչվում էր Արցախի և Իրանի սահմանին։
Սրանք կարևոր հարցեր են, որոնք չպետք է անտեսել, ինչը, սակայն, արվել է՝ դիտավորյա՞լ, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա:
Շարունակելի…