«Նոր ուժ»-ը քարոզարշավը սկսել է Երևանի Կենտրոն վարչական շրջանից
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Կենտրոն վարչական շրջանից. կուսակցության անդամները ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հետ շրջել են փողոցներում և թռուցիկներ բաժանել քաղաքացիներին։
Կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։
Դրանց թվում են՝ եվրոպական ինտեգրացիան որպես արտաքին քաղաքականության և զարգացման առաջնահերթություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելումը, բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների տրամադրումը, անվճար բարձրագույն կրթության ապահովումը, հարկային բեռի թեթևացումը, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը և ազգային արժեքներին վերադարձը։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հայտարարում է, որ իր գաղափարական հիմքը սոցիալ-ռեֆորմիզմն է՝ սոցիալական արդարության և բարեկեցության ապահովումը շարունակական բարեփոխումների միջոցով։
Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունը հանդես է գալիս հավասարակշռված դիվանագիտության օգտին։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ԿԸՀ է ներկայացրել 86 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։



