Ինչպես մենք ազատագրեցինք Շուշին

1992 թվականի մայիսի 8-ին սկսվեց Շուշիի ազատագրման գործողությունը: Քաղաքի ազատագրումը սկսվեց քաղաքի հարակից բնակավայրերի մատույցներից՝ հայկական զինված ուժերի և կամավորական ջոկատների մասնակցությամբ:

Մայիսի 8-ին սկսվում է Շուշիի ազատագրումը՝ քաղաքի չորս ուղղություններից սկսված հարձակումներով: Ռազմական գործողությունների սկսման պահից ի վեր ժամանակի մամուլը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Շուշիից: Թերթելով այդ շրջանի մամուլը, ավելի մանրամասն ենք հասկանում, թե ինչպես կարողացանք ազատագրել Շուշին: Հասկանում ենք նաև, թե ռազմական գործողություններն ինչ ծավալներ էին ընդգրկում և ամեն ժամ ինչ փոփոխություն էր նկատվում Շուշիում և քաղաքի մատույցներում:

Կարդացեք նաև

«Մայիսի 8-ին, ժամը 5-ին ուժգին հրետակոծումից անմիջապես հետո Ստեփանակերտի և Շոշ գյուղի կողմից մի քանի տասնյակ զրահատեխնիկայի աջակցությամբ հայկական կազմավորումները հարձակում են ձեռնարկել Շուշիի վրա:

Ժամը 9-ի դրությամբ հայերի առաջատար ջոկատները մտել են Շուշիի արվարձանները, ուր սկսվել են փողոցային մարտեր: Հարձակվողներին աջակցում էին երկու ռազմական ուղղաթիռներ: Միաժամանակ հայերը հարձակվել են մոտակա Քյոսալար գյուղի վրա, փորձելով քաղաքը վերցնել օղակի մեջ: Քարինտակ գյուղի կողմից հայերի զրահատեխնիկան հրետակոծում է Շուշի-Լաչին ճանապարհը»: («Ազգ», Երևան, 1992, մայիսի 9):

Արդեն իսկ մայիսի 8-ի կեսօրի տվյալները ցույց են տալիս, որ հայկական ուժերն արագ տեմպերով ճեղքում են թշնամու պաշտպանությունը Շուշիի մատույցներում և նախապատրաստվում արդեն քաղաքային մարտերին:

«Pro Armenia» լրատվական կենտրոնի տվյալներով ժամը 15:00-ի դրությամբ հայկական ջոկատները հյուսիսից և արևելքից ճեղքել են Շուշիի պաշտպանությունը: Կատաղի մարտեր են տեղի ունենում Շուշիի արևմտյան մասում, ուր գտնվում է բանտը: Հայկական ջոկատները գրավել են Լիսագոր գյուղի մոտ գտնվող բարձունքը և վերահսկում են Շուշի-Լաչին ճանապարհը:

Նախնական տվյալներով՝ ինքնապաշտպանության ուժերից զոհվել են 8 և վիրավորվել ավելի քան 80 մարտիկ: Ադրբեջանական բանակը շարունակում է ԼՂՀ-ի սահմանամերձ գյուղերի հրետակոծումը: Ժամը 15-ին ռազմական ուղղաթիռները Նուրս հրթիռներով հրետակոծել են Մարտունու շրջանի Նորշեն, Մյուրիշեն, Ավդուռ գյուղերը և Ասկերանի շրջանի Շոշ և Քռասնի գյուղերը:

Ըստ ԼՂՀ մամուլի կենտրոնի հաղորդագրության, ժամը 17:30-ի դրությամբ մարտերը Շուշիի փողոցներում շարունակվում էին: Միևնույն ժամանակ շարունակվում էր Ստեփանակերտի ուժգին հրթիռակոծումը չորս ռազմական ուղղաթիռներից և Cy-24 գրոհայինից: Քաղաքում կան զոհեր և վիրավորներ»: (Նույն տեղում):

Մայիսի 8-ի ժամը 18:00-ի տվյալները ցույց են տալիս, որ հայկական զորքերն արդեն քաղաքում են, մաքրում են քաղաքն ադրբեջանական զորքերից, ընթանում են քաղաքային ծանր մարտեր, սակայն ադրբեջանական զորքերի վերջին մնացորդները տարբեր տեղերից շարունակում են հրետակոծել Արցախը:

«Ժամը 18:00-ի դրությամբ հայկական զինված խմբերը քայլ առ քայլ Շուշիում չեզոքացնում էին ադրբեջանցիների դիրքերը: Մարտեր են գնում քաղաքի կենտրոնում: ՀՅԴ ՄՏԿ-ն հայտնեց, որ կեսգիշերն անց գրավված է քաղաքի մեծ մասը: Քաղաքում մնացած կրակակետերից շարունակվում է Ստեփանակերտի հրետակոծումը: Միաժամանակ գնդակոծությանը մասնակցում են Mi-24 ուղղաթիռները, օգտագործելով Նուրս հրթիռներ: Որոշ տվյալներով հայերը խփել են մեկ ուղղաթիռ»: (Նույն տեղում):

Մայիսի 9-ի առավոտյան հայաստանյան մամուլը, սփյուռքի հայկական մամուլն ու աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցներն արդեն գրում են Շուշիի ազատագրման մասին: Լուրը հատկապես արագ տարածում է ստանում հայկական սփյուռքում:

«Մայիսի 9-ի առավոտյան, շաբաթ, Լ. Ղարաբաղի (ԼՂՀ) իշխանությունները հայտարարել են, որ Շուշիի կրակակետերի չեզոքացման գործողությունները ավարտվել են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Ադրբեջանի զինյալների ամենախոշոր ռազմական հանգրվանը անցել է հայերի հսկողության տակ: Զինվորական և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, մայիսի 9-ի վաղ առավոտյան Շուշիի մեջ գտնվող ադրբեջանցի զինյալները դադարեցրել են կատաղի դիմադրությունը և կամաց-կամաց սկսել նահանջել, թողնելով իրենց դիրքերը և կրակակետերը»: («Ալիք», Թեհրան, 1992, մայիսի 9):

Ժամանակի մամուլի վկայությունները ցույց են տալիս, որ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի միասնական կամքի, կազմակերպվածության և նպատակի արդյունք էր։ Մարտերի յուրաքանչյուր փուլ, յուրաքանչյուր ժամ արձանագրված փոփոխությունը վկայում է այն վճռականության մասին, որով հայկական ուժերը կարողացան հաղթահարել դժվարությունները և հասնել ռազմավարական կարևոր հաղթանակի։ Շուշիի ազատագրումը դարձավ շրջադարձային իրադարձություն Արցախի պատերազմի ընթացքում:

Այն ամրապնդեց Հայաստանի և Արցախի ռազմական դիրքերը, ինչպես նաև ազգային ինքնագիտակցությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Շուշիի ազատագրումը մինչ օրս մնում է հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ՝ որպես հերոսության, միասնականության և հաղթանակի խորհրդանիշ:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031