Ինչո՞ւ է Փաշինյանը ռազմաճակատում պարտության և ճեղքումների լուրերի ներքո հակահարձակման հայտնի օպերացիան հաստատել. նրա քաղաքական «ճկունության» ռազմական գինը
Մասնագետների կարծիքով, 44-օրյա պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր: Այսինքն, դրանից հետո արդեն պարզ էր ելքը:
«Ինձ համար պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր։ Միգուցե իմ կարծիքը սուբյեկտիվ է, սակայն ես կարծում եմ, որ այդ օրերին մշակված և ձախողված օպերացիաների արդյունքում մենք կորցրեցինք մարտունակ զորախումբ, որոնց որպես ռեզերվ պահպանելը հնարավորություն կտար ստեղծել պաշտպանական բնագիծ և թույլ չտալ Հադրութի և Շուշիի գրավումը»,- մի առիթով, մասնավորապես, 168.am-ի հետ զրույցում նշել էր պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը: Այս ընթացքում արդեն խոսվում էր պաշտպանական գծի ճեղքման, ձախողված օպերացիաների կամ առնվազն դրանց փորձերի մասին:
Նշված ժամանակահատվածում եղել են նաև այլ իրադարձություններ, որոնց 168.am-ը մանրամասն անդրադարձել է, և որոնց մեջ, հնարավոր է, կա շղթայական կապ: Դա վերաբերում է Աննա Հակոբյանի Ստեփանակերտ այցին, հակառակորդի կողմից Ստեփանակերտի թիրախավորմանը և Արցախի այդ ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի՝ Գյանջա քաղաքում տեղակայված ադրբեջանական ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հարվածների մասին հայտարարությանը, քանի որ Ադրբեջանը թիրախավորել էր Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Այդ օրերին Արցախ էր մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը և հաստատել հակահարձակման հայտնի օպերացիան:
Այս մասին տարբեր առիթներով խոսել ենք: Բայց այսօր ևս մի կարճ անդրադարձ կանենք, քանի որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը 44-օրյա պատերազմին առնչվող յութուբյան հերթական թողարկման ժամանակ, ըստ էության, անուղղակիորեն հաստատել է, որ այս օպերացիայի հաստատումը և իրականացումը Նիկոլ Փաշինյանի հրահանգով եղել է արկածախնդրություն և պատերազմի դաշտում հաջող ելք ապահովելու տեսանկյունից ոչ հաշվարկված քայլ, գուցե այլ նպատակներով են եղել հաշվարկներ:
Մասնավորապես, Մարուքյանը պատմել է, որ եղել են Արցախում և 2020 թվականի հոկտեմբերի 5-ին իրենց բոլոր հանդիպումները վերջացրել են և որոշել վերադառնալ Երևան:
«Որովհետև հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում պետք է տեղի ունենար նիստ: Որոշում ենք գալ և մեր տպավորություններով կիսվել: Բնականաբար, գոյություն ուներ ռազմական դրության իրավական ռեժիմի հետևանքով ստեղծված տեղեկատվական վակուումը, որ հրապարակային չէիր կարող ասել որևէ բան, որը չի համապատասխանում պետական քարոզչությանը: Օրինակ, ասել, որ մենք պարտվում ենք, խայտառակ վիճակ է ռազմաճակատում: Վերադառնում ենք Երևան, և ես իմ նեղ շրջապատին ասում եմ՝ մենք պարտվում ենք»,- շարունակել է նա՝ նշելով, որ ՀՀ-ում իրականությունից կտրված և ռազմաճակատի իրավիճակին ոչ համահունչ տրամադրություններ ու ոգևորություն էր:
Իրականում 2020 թվականի հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում իշխանական պատգամավորները «Հաղթելու ենք» կարգախոսի ոգով ելույթներ էին ունենում, իսկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Ադրբեջանին հակահարված տալու քայլերի մասին գրառում էր անում: Վարչապետի աշխատակազմն էլ այդ օրը Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այս այցի մասին հաղորդագրության մեջ հայտնում էր.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:
Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին»:
Հավելենք, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում ևս Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո հոկտեմբերի 8-ին ազատվել պաշտոնից:
Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենը տեղյա՞կ չէին ռազմաճակատում տիրող իրավիճակից, երբ դեռ պատերազմի 4-րդ օրը ԳՇ պետը զգուշացրել էր՝ եթե «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն…»:
Այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը 4-րդ օրն իրեն արված առաջարկն ի գիտություն չի ընդունում, ավելին, առանց բազմակողմանի սառը հաշվարկի՝ օպերացիա է հաստատում: Դիտավորությո՞ւն, թե՞…
Հավելենք, որ, երբ դեռ հակահարձակման ձախողված օպերացիայի համար ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ կար մեղադրանք, նրա մեղադրանքում, մասնավորապես, նշվում էր.
«2020թ. հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը…»:
Ավելին, մեղադրանքում նշված էր, որ հակահարվածի ձախողումից հետո ևս մեկ փորձ է կատարվել, ձևավորվել է զորախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները:
«2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը»:
Մի առիթով Ջալալ Հարությունյանի փաստաբանը մանրամասնել էր.
«Հակահարձակման օպերացիան, որը կատարվել է հոկտեմբերի 7-ին, եղել է մի գործողություն, որը մեր համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել դեռևս տարիներ առաջ։ Մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր՝ ամենաբարձր մակարդակով, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, այսինքն՝ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։ Այսինքն, այս քայլը համապատասխան փաստաթղթերից բխած քայլ է եղել»:
Արաքսի ափի հատվածին վերաբերող մտքի համատեքստում հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը, ով 2020 թվականի հոկտեմբերի 7-ին հրապարակված ՌԲԿ-ին տված հարցազրույցում ընթացքի մեջ գտնվող մեր ռազմական պլաններն էր հրապարակում և հաջող գործողության մասին էր խոսում, 2023 թվականի Քննիչ հանձնաժողովում ասել էր, որ հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շոշափել կրակի դադարեցման հարցը՝ «ասացի՝ համաձայն եմ, մինչ այդ հետաքրքրվելով, թե ի՞նչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը»:
«Հաջորդ օրը (2020, հոկտեմբերի 8։- Մ.Պ.) Ռուսաստանի նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով… Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին՝ ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն…»:
Արդյո՞ք սա չի հուշում հստակ նահանջների մասին… Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը վերը նշված հարցով հեռախոսազրույց չի ունեցել Իրանի առաջնորդի հետ, երբ խոսքն Արցախի և Իրանի սահմանին էր առնչվում։
Մյուս կողմից, մի առիթով ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում, որ հոկտեմբերի 10-ից է հասկացել՝ այլ ելք հնարավոր չէ ունենալ, քան այն, ինչ ունեցանք, թեպետ կարող էինք 44-օրյան այլ ելքով ավարտել:
Ի դեպ, Մարուքյանն իր հերթական յութուբյան թողարկմանն անդրադառնում է նաև 2020 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱԺ խորհրդի նիստին, որին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Վարչապետն առաջին փակ ռեժիմում, որտեղ մենք էինք, խոսեց այն մասին, որ գործերը ռազմաճակատում շատ վատ են, ունենք կորուստներ, և սկսեց թվարկել դրանք։ Այսինքն՝ այն, ինչը մենք Ղարաբաղում իմացել ենք, նա այդտեղ ասում էր, թե ինչ տարածքային կորուստներ ունենք, զինուժը որտեղ է հետ քաշվել, որտեղ են նահանջում»,- նշել է Մարուքյանը:
Քննիչ հանձնաժողովում էլ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել էր.
«Առաջին անգամ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին. ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի…»:
Առաջին հայացքից թվում է, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի հատուկ հանձնարարություններով դեսպանի և Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի խոսքերը լրացնում են իրար: Իրականում այդպես էլ կա, բայց չենք մոռանում, որ «Հաղթելու ենք» կարգախոսով քարոզչությունը շարունակվել է մինչև վերջ, մինչև պատերազմի ավարտը: Արդյո՞ք այստեղ չկա դիտավորություն, պատասխանատվության խնդիր, մեղմ ասած: Կամ՝ արդյո՞ք առանց կոնկրետացումների լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները ևս դիտավորության շարքից չէր, իհարկե, պատերազմն իր կանոններն ունի, այդ թվում՝ տեղեկատվական, բայց այստեղ խոսքն այլ բանի մասին է:
Ի դեպ, Էդմոն Մարուքյանը պատերազմին առնչվող 3-րդ թողարկմանը ևս շոշափում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի անունը և ոչ դրական «տոնայնությամբ»:
Այս անգամ նա հիշեցրել է 2020 թվականի հունվարին Տոնոյանի հետ հանդիպումը, և, որ Սու-30-երի մասին հարցին ստացել են «ամոթալի» պատասխան, այսինքն, լսել են, թե ինչ հզոր հնարավորություններ ունի կործանիչը: Նշենք, որ այդ ժամանակ արդեն Սու-30-երի առաջին խմբաքանակը բերվել էր՝ 4 հատ, որոնք պետք է լրացվեին և դառնային 8-12, ինչն այդպես էլ տեղի չունեցավ, թեև պայմանավորվածություններ կային:
Իսկ այն 4 հատն էլ բերվել էին առանց համապատասխան «աքսեսուարների», որոնց բացակայությունը թույլ չտվեց, որ կործանիչները և՛ պատերազմի ընթացքում, և՛ հետո կիրառվեն՝ ըստ իրենց հզորության: Այսինքն, եթե ունենայինք 8-12 հատ Սու-30, և լինեին դրանք համապատասխան զինամթերքով, կապահովվեր համապատասխան հզորություն: Բայց այս հարցի հասցեատերը նաև Նիկոլ Փաշինյանն է, ով և հանդիսանում էր գլխավոր «փիառշիկն» այս հարցում: Առջևում 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստի մասին Մարուքյանի անդրադարձն է, որի ընթացքում էլ պատերազմի ժամանակ խոսակցություն է ունեցել նաև Դավիթ Տոնոյանի հետ, ասում են՝ թեժ խոսակցություն է եղել:
Սպասենք Մարուքյանի առաջիկա գաղտնազերծումներին, որով նա կարծես հավակնում է այլընտրանքային՝ իրավա-քաղաքական քննիչ հանձնաժողովի գործառույթ կատարել: