Բիզնեսը հայտնվել է իշխանության լարած թակարդում
Մինչ իշխանությունները քեֆ-ուրախությունների մեջ են, օր ու մեջ համերգներ են կազմակերպում, հրապարակներում ու փողոցներում երգում-պարում են, հայաստանյան բիզնեսը հայտնվել է դժվարին կացության առաջ։ Իրենց չմտածված քայլերով՝ թակարդ են լարել բիզնեսի համար ու մի կողմ քաշվել։
Նիկոլ Փաշինյանը տպավորություն է ստեղծում, թե Ռուսաստանի ու ՌԴ նախագահի հետ ջերմ բարեկամական հարաբերություններ է հաստատել, հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են չտեսնված լավ վիճակում, իսկ բիզնեսի խնդիրները ռուսական շուկայում գնալով սրվում են։ Եվ դրանց հիմքում առաջին հերթին ռուսական կողմում առաջացած մտահոգություններն են՝ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակառուսական քաղաքականության նկատմամբ։
Եթե մինչև վերջերս այդ մտահոգությունները սահմանափակվում էին հիմնականում մտահոգություններ արտահայտելով, հիմա դրանք աստիճանաբար տեղափոխվում են այլ հարթություն, վերածվում են կոնկրետ գործողությունների։ Եվ դա բոլորովին էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն, թե ինքնիշխանության անվան տակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ինչպիսի ջերմեռանդությամբ են քանդում հայ-ռուսական հարաբերությունները։
Երբ Ռուսաստանին «քաղաքավարի» դուրս են հրավիրում Հայաստանից ու փորձում են հետևից փակել դուռը, որքան էլ դա գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնեն, մարդիկ հասկանում են իրական նպատակները։ Պատահական չէր այն շատ զգայուն արձագանքը, որը եղավ հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու՝ Հայաստանի իշխանության առաջարկության հետ կապված։ Թեման դրանից հետո մի տեսակ կարծես փակվեց, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ մշտապես։
Ռուսաստանին հանում են Հայաստանից, բայց ուզում են ազատ օգտվել ռուսական շուկայի բարիքներից։ Այն շուկայից, որի հետ իրականացվում է երկրի առևտրային հոսքերի գրեթե կեսը։
Հույսն ինչի՞ վրա են դրել։
Ինքնախաբեության մեջ են ընկնել, կարծում են՝ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվող տնտեսական աճերն իրենց շնորհքն է։ Մոռանում են, որ դրա թելերը տանում են դեպի Ռուսաստան։ Ու այդ թելերը, իրենց չկշռադատված գործողությունների պատճառով, շատ հանկարծակի կարող են մի օր կտրվել։
Այն, ինչ հիմա անում են, արագացնում է այդ պրոցեսը, որքան էլ փորձեն ցույց տալ, թե ամեն ինչ նորմալ է, ու Ռուսաստանի հետ խնդիրներ չկան։
Խնդիրներ կան, ու այդ խնդիրներն այլևս միայն մտահոգություններ արտահայտելով չեն սահմանափակվում։
Շատ պատահաբար վերջերս վերաբացվեց «Ջերմուկի» հետ կապված հայտնի գործը։ Ոչ միայն վերաբացվեց, այլև արգելվեց «Ջերմուկի» 388 հազար շշից բաղկացած խմբաքանակի վաճառքը։ Հետո արգելք դրվեց շատ ավելի մեծ խմբաքանակի՝ շուրջ 1.1 միլիոն շշի վաճառքի վրա։ Հայտարարվեց, որ նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։
«Ջերմուկ» հանքային ջրերի 2 խմբաքանակների վաճառքի արգելափակումից առաջ էլ Պռոշյանի կոնյակի գործարանի ռուսաստանյան մասնաճյուղի արտադրական գործունեության լիցենզիան էր կասեցվել։
Խնդիրներ կայի՞ն նաև Ռուսաստանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված, թե՞ ոչ, մի կողմ դնենք։ Պարզապես անդրադառնանք դրա հետևանքներին։ Ընդամենը մի քանի օր ուշացավ ռուսական գազը, ամբողջ շուկան խառնվեց իրար, անմիջապես դեֆիցիտ առաջացավ, կտրուկ բարձրացան գները՝ մեկ շաբաթում 170-ից հասնելով ընդհուպ 300 դրամի։
Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե այդպիսի խնդիրները մի քիչ ավելի երկար ժամանակով լինեն։ Ոչ միայն հարյուր-հազարավոր քաղաքացիներ, այլև ամբողջ տնտեսությունը կտուժի։ Գաղտնիք չէ, որ ինչպես քաղաքացիներին, այնպես էլ տնտեսությանը սպասարկող տրանսպորտային միջոցների մի մեծ հատված նստած է հեղուկ գազի վրա։ Ու դրա բացակայությունը կամ կտրուկ թանկանալը խնդիր է լինելու շատերի համար։
ՔՊ-ականների համար գուցե խնդիր չէ, նրանք արդեն նախկին ծակ գրպաններով հեղափոխականները չեն, պադավատներով ու թանկարժեք էլեկտրական մեքենաներով են շրջում։ Այդ մարդկանց համար նշանակություն չունի, թե ինչքան կթանկանա հեղուկ գազը։ Ուզում է՝ կրկնակի, ուզում է՝ եռակի թանկանա, միևնույն է՝ դրանից չեն օգտվում։ Եթե անգամ օգտվելու էլ լինեին՝ արդեն այնքան են տռզել, որ մի քանի հարյուր դրամ թանկանալը մեծ բան չէ նրանց համար։ Նույնիսկ պատրաստ են 600 դոլարով գազ գնել, եթե Ռուսաստանը բարձրացնի գազի գինը։ Իրենք պատրաստ են, արդեն հարուստ են, իսկ արդյո՞ք քաղաքացին ու տնտեսությունը պատրաստ է։ Թե՞ դա էլ այլևս կարևոր չէ։
Հեշտ է ասել բաներ՝ առանց հաշվի առնելու հետևանքները։
Վերջերս, երբ Հայաստանի իշխանությունների նկատմամբ Ալիևի «գթասրտության» արդյունքում ադրբեջանական երկաթուղով որոշ ապրանքներ սկսեցին հասնել Հայաստան, Նիկոլ Փաշինյանը հույս էր տալիս, թե՝ սրանից հետո Լարսում պարբերաբար առաջացող խնդիրներն այլևս խոչընդոտ չեն լինելու հեղուկ գազի թանկացումների համար, գազն ադրբեջանական երկաթուղով կբերենք։
Տեսանք, թե ինչպես բերեցին։
Ռուսական շուկայում վերջին շրջանում հայկական խմիչքների իրացումների, ինչպես նաև ռուսական հեղուկ գազի ներմուծումների հետ կապված խնդիրները պատահական համընկնումնե՞ր էին, թե՞ «հայ-ռուսական ջերմ հարաբերությունների» արտահայտություն, Հայաստանի կառավարիչները խուսափում են մեկնաբանություններ տալ։ Վերջին շրջանում մի տեսակ չափավոր են դարձել իրենց հայտարարություններում։ Նախկինի նման՝ իրենց մտքի գոհարները շաղ չեն տալիս։ Թեև դա բոլորովին չի նշանակում, թե խելքի են եկել։ Պարզապես ընտրությունների նախաշեմին՝ նկատի առնելով այն հանգամանքը, թե հայ-ռուսական հարաբերություններն ինչպիսի զգայուն թեմա են շատերի համար, մի փոքր ավելի զուսպ ու զգուշավոր են դարձել։ Բայց դա էլ ժամանակի հարց է։
Հայ-ռուսական հարաբերություններում նկատվող ակնհայտ լարվածությունն այս փուլում գուցե դեռ մեծ ազդեցություն չունի Հայաստանի տնտեսության վրա։ Սակայն, եթե այն շարունակի խորանալ, տուժողը Ռուսաստանը չի լինելու, լինելու է Հայաստանը։ Արդեն խոսվում է ռուսական շուկայում հայկական այլ ապրանքների նկատմամբ արտահանման սանկցիաներ կիրառելու մասին։ Խոսքը հատկապես գյուղատնտեսական ապրանքների մասին է, որոնք սովորաբար շատ զգայուն են սանկցիաների տակ հայտնվելու նկատմամբ։
Վերջին օրերին շատ անսպասելի դադարեցվեց նաև հայկական ընկերությունների ապրանքների օնլայն վաճառքը Wildberries-ի և OZON-ի հարթակների միջոցով, որից տուժում է առաջին հերթին փոքր բիզնեսը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



