Ում է փրկում ռազմագիտական փորձաքննությունը ՝ Ջալալ Հարությունյանի՞ն, Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ երկուսին միասին
Երեկ 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մոտ 1 ամիս ՊԲ հրամանատար եղած Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում է կայացվել, վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն:
Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով. առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Ջալալ Հարությունյանի փաստաբանական թիմին վերոնշյալ որոշման մասին, թերևս, հայտնի էր առնվազն ապրիլից: Մասնավորապես, մինչև մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ մայիսի վերջին Ջալալ Հարությունյանի գործի նախաքննությունը կավարտվի և այն կուղարկվի դատարան, ՊԲ նախկին հրամանատարի փաստաբան Արսեն Սարդարյանը ArmLur-ին ապրիլի 26-ին ասել էր.
«Կարծում եմ, որ մինչև մայիսի վերջը գործի նախաքննությունը կավարտվի: Հուսանք, որ մինչ այդ ողջամիտ որոշում կկայացվի, և Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի»:
Հարցին՝ նման սպասելիքներ ունե՞ք, փաստաբանը պատասխանել էր, որ Ջալալ Հարությունյանի գործի դատարան ուղարկելը գոռացող ապօրինություն կլինի:
«Հուսով եմ՝ այդպիսի գոռացող, ճչացող ապօրինություն տեղի չի ունենա»,- շեշտել էր նա:
Ի՞նչ է ստացվում՝ իրավապահ մարմինները համաձա՞յն էին այս որակման հետ, այսինքն՝ պատերազմական 2 դրվագով առաջադրված մեղադրանքը հիմնավորումների տեսանկյունից խնդի՞ր ուներ:
Հիշեցնենք, որ հակահարվածի հայտնի օպերացիային վերաբերող դրվագի հետ կապված Քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ նշել էր.
«N զորամասի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց և պաշտպանության գոտու խորք մխրճվելուց հետո ստեղծված իրադրությունը կարգավորելու, ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված:
Ջ.Հ-ն, հանդիսանալով միանձնյա ղեկավար, խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մշտական մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորամասի (ստորաբաժանման) մարտական խնդիրների հաջող կատարման համար, պարտավոր լինելով ապահովել հակահարվածի համար մարտական կանոնադրությամբ սահմանված անհրաժեշտ նախապայմանները, 2020թ. հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե քանակապես, թե որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը, 2020թ. հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը»:
Ըստ ՔԿ-ի, ստեղծված իրավիճակում գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները:
«Երկու զորամասերի՝ միմյանցից անջատ գործելու, մարտական կարգադրություններով նախանշված ժամկետները խախտելու և ուշացումով ելման շրջան հասնելու, այնուհետև՝ ուշացումով և ոչ ամբողջական կազմով մարտական խնդրի կատարումը մեկնարկելու, միմյանց հետ չփոխգործակցելու, զորամասերից մեկի՝ նախատեսվածի փոխարեն շուրջ 50 տոկոս ուժերի կազմով մարտական գործողությունը մեկնարկելու պայմաններում նախատեսված օպերացիան ակնհայտորեն ձախողելու հանգամանքը, մարտական օպերացիան չեղարկելու կամ ուշացումով մեկնարկելու և այդ ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով անձնակազմն ու տեխնիկան շարք վերադարձնելու փոխարեն շարունակել է մարտական օպերացիայի իրականացումը, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ ձախողվել է բանակային հակահարվածը, յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ զինտեխնիկայի և մարդկային ուժի կորուստներ (զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը), ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ:
Շարունակելով անփույթ վերաբերմունք դրսևորել իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն բանակային հակահարվածի ձախողումից հետո՝ նույն օրը, որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ և երկու զորամասերի ուժերով ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, և, ըստ էության, ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը, ինչ հոկտեմբերի 7-ին:
2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը»,- նշվում էր Ջալալ Հարությունյանի մեղադրանքում:
2022 թվականի նոյեմբերի 18-ին հրավիրած ասուլիսի ընթացքում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանն այս առնչությամբ որոշակի մանրամասներ էր հայտնել:
Նա հայտարարել էր, որ հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել է Նիկոլ Փաշինյանից՝ գերագույն գլխավոր հրամանատարից:
«Կարծում եմ՝ այդ իրավիճակում հավանություն չտալը՝ թե ԳՇ-ի, թե՛ գերագույն հրամանատարի կողմից, կլիներ սխալ, որովհետև այն պահին, երբ այս որոշումը կայացվել է, եղել են բոլոր նախադրյալները՝ որոշումը կայացնելու։ Եթե այս որոշմամբ հակահարվածը ներքևի օղակներում կարողանային բարձր մակարդակով իրականացնել, մենք կարող էինք ունենալ այլ պատկեր՝ ամբողջ պատերազմի համար»,- ասել էր Ջալալ Հարությունյանի փաստաբանը:
Այնուհետև Սարդարյանը հավելել էր.
«Հակահարձակման օպերացիան, որը կատարվել է հոկտեմբերի 7-ին, եղել է մի գործողություն, որը մեր համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել դեռևս տարիներ առաջ։ Մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր՝ ամենաբարձր մակարդակով, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, այսինքն՝ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։ Այսինքն, այս քայլը համապատասխան փաստաթղթերից բխած քայլ է եղել: Երբ այդ ծրագիրը կազմվել է, նույն ժամանակահատվածում եղել են տվյալներ հակառակորդի ուժային առավելության մասին 1։2,4-ի հարաբերակցությամբ: Այսինքն՝ մեր պետությունը այս ոլորտում ունեցել է քաղաքականություն, որ հակառակորդի՝ 2,4-ի առավելության պայմաններում հարավային հատվածում ներթափանցելու դեպքում պետք է կատարվի հակահարված և թշնամու թիկունքի սնուցումը, աջակցությունը կտրվի։ Այսինքն, Ջալալ Հարությունյանը սա իրենից չի հնարել, և տվյալները եղել են այն, ինչ այդ ծրագրերը կազմելիս»:
Ավելին, անցած տարի հրավիրած ասուլիսի ժամանակ ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանը խոսելով կոնկրետ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղու ուղղությամբ հակահարված կազմակերպելուց, նշել էր, որ այդ ուղղության հետ կապված եղել են հետախուզական տվյալներ, որ ունենք առավելություն, և մեր ռեզերվային ուժերը, որոնք կարող են ներգրավվել այդ օպերացիային, մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան հակառակորդի ուժերը, որոնք այդ տարածքում տեղակայված են։
«Պատահական չէ, որ այդ հակահարձակումն ունեցել է բավականին լավ արդյունքներ»,- ընդգծել էր փաստաբանը:
Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի 2 դրվագի հետ կապված այն ժամանակ 168.am-ը մի քանի հարցադրում-փաստ էր առաջ քաշել.
Փաստ-1
Հետաքրքիր է, որ քննարկման առարկա չէ այն հարցը, թե ինչպես է հակառակորդին հաջողվել ճեղքել տվյալ պաշտպանական գիծը: Արդյոք այս դեպքում գործ ունենք անփութությա՞ն հետ, թե՞ պարտականությունների ոչ պատշաճ կատարման:
«Դուք խոսում եք նրա մասին, որ հակառակորդը կարողացել է ճեղքել և առաջ գալ, ուրեմն, մեղմ է ասված, անփութություն: Դուք արդեն դատավճիռը տեսաք: Այսօրվա մեղադրանքի շրջանակում այդ հարցն ընդհանրապես չի քննարկվում»,- 168.am-ի դիտարկմանն արձագանքել էր ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանը:
Փաստ-2
Ջալալ Հարությունյանի փաստաբանը 2022 թվականի նոյեմբերի 18-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ մեղավորությունն անուղղակի գցում էր նախկինների վրա և ենթակա անձնակազմի՝ ոչ մի հարցում չտեսնելով Ջալալ Հարությունյանի բացթողումը:
Մասնավորապես, Կուր-Արասք սահմանագծին հասնելու նախկինների պլանները հիշելու ժամանակ մոռացվում էր այն, որ այս դեպքում լուրջ դերակատարում պիտի ունենար առաջին բանակային կորպուսը, որը մինչև պատերազմն արդեն դադարել էր լինել մարտունակ ստորաբաժանում, իսկ պատերազմի առաջին օրերին դրա մնացորդներն էլ, ըստ էության, ջախջախվեցին: Ավելին, ըստ տարբեր տեղեկությունների, այդ ուղղությամբ նախկինում եղած 3 զորամասից մնացել էր մեկը:
Փաստ-3
Պատերազմից հետո 2021 թվականի ապրիլին Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ «Քյանդ-Հորադիզ» օպերացիայի գաղափարն ինքն է առաջարկել, և որը, թերևս, որոշակի առնչություն ունի Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի առաջին դրվագի հետ:
«Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի,- խմբ․) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ-ն փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում՝ ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձևը»,- մանրամասնել էր Սամվել Բաբայանը:
Փաստ-4
Նիկոլ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերի 6-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ խոսում էր Արցախ կատարած այցի մասին:
168.am-ը գրել էր, որ տվյալ գրառումը Փաշինյանը մի քանի անգամ խմբագրել է:
Նախնական տարբերակում Փաշինյանը նշել էր, որ «ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել են հակառակորդին արժանի հակահարված հասցնելու հետագա քայլերը»:
Խմբագրումից հետո «հակառակորդին արժանի հակահարված»-ը դարձել էր «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված»:
Սակայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այս այցի մասին 2020-ի հոկտեմբերի 6-ին հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու քայլերի մասին»:
Այսինքն, ըստ էության, գործ ունենք տարբեր գործողությունների հետ, ի՞նչ ենթադրել այս խմբագրումներից, 2022 թվականի նոյեմբերի 18-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Ջալալ Հարությունյանի փաստաբանը հորդորել էր՝ «խմբագրողին հարցը պետք է տաք»:
Ջալալ Հարությունյանի փաստաբանը շրջանցել էր նաև մեր այն դիտարկումը, որ հոկտեմբերի 7-ին՝ օպերացիայի իրականացման օրը, Նիկոլ Փաշինյանը РБК-ին հարցազրույց էր տվել և հանրայնացրել ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիան:
«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»,- նշել էր Փաշինյանը:
Փաստ-5
2021 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտնի օպերացիայի մասին խոսելիս, մեղադրական սլաք էր ուղղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ:
«Պատերազմի ընթացքում հակառակորդը հարավային ուղղությամբ ճեղքում է կատարել՝ հասնելով մինչև Ջաբրայիլ և ուղղություն վերցնելով դեպի Հադրութ։ Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ և նշանակալի դեմքերից մեկն առաջարկել է, որ ճեղքման հատվածը պետք է հյուսիսից կտրել և հակառակորդի ուժերը բաժանել միմյանցից։ Առաջարկը քննարկելու նպատակով Ստեփանակերտում հրավիրել եմ խորհրդակցություն։ ՀՀ ԳՇ պետն էլ միացել է սելեկտորով, քննարկման արդյունքում նա ասել է, որ հետաքրքիր գաղափար է, բայց պետք է տեղում գնահատել իրադրությունը և որոշել, թե որքանով է դա իրականանալի։ Գնահատումը պետք է կատարեր ՊԲ հրամանատարությունը։ ՊԲ հրամանատարությունը զեկուցել է, որ կարելի է իրականացնել նման գործողություն։
Օպերացիան սկսվել և մի քանի ժամ հաջող իրագործվել է, ամեն դեպքում՝ ինձ այդպես են զեկուցել, բայց ավարտին չի հասցվել, քանի որ տանկային միավորումներից մեկն իր անելիքը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Այսինքն, այդ միավորումը, որի հրամանատարը եղել է այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները»:
168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այլ մանրամասներ էր հայտնել.
«Ինչ վերաբերում է կառավարության ղեկավարի խոսքին, կարող եմ ասել հետևյալը. ինքը նորից իրավիճակին չի տիրապետում: Նախ՝ մենք չունենք մի քանի տանկային միավորում, որ ասում է՝ տանկային միավորումներից մեկը: Այստեղ ինքն առնվազն չի տիրապետում կամ ստում է: Ինչ վերաբերում է այդ օպերացիային, դրա ժամանակ էլ մենք խնդիրներ ենք ունեցել իրադրության, հակառակորդի ճիշտ գնահատման և ընդհանուր առմամբ համակողմանի ապահովման: Այսինքն, այդ օպերացիայի կատարման համար պայմաններ չեն եղել: Պայմանները թույլ չեն տվել, որ այդ օպերացիան իրականացվի: Որո՞նք են այդ պայմանները. առաջին՝ հակառակորդը պետք է կանգնեցվի, նրան պետք է հզոր խոցում հասցվի, նաև՝ հակահարվածող կառույցներին պետք են աջակցություն, նրանց թևերը պետք է ապահովված լինեն, որպեսզի նրանց կողմից խնդիրը կատարելուց հետո աջ և ձախ կողմերը նույնպես նման գործողություններ կատարեն և վերջնական կանգնելու կամ բնագիծ գրավելու վայրում ապահովեն հակագրոհները: Այս բոլոր խնդիրները չեն իրականացվել, եթե խոսքը վերաբերում է «Լելե Թեփե» ասվածին: Ի դեպ, քարտեզի վրա այդ բարձունքը կոչվում է Լալա-Իլյագի, որը մեզ համար որևէ ռազմավարական նշանակություն չունի»:
Իսկ Փաշինյանի ապրիլի 14-ի ելույթից մի քանի օր առաջ՝ 2021-ի ապրիլի 11-ին, քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որից պարզ է դառնում՝ ինչ հակահարվածի մասին էր Փաշինյանն առաջ ընկնելով՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին հայտնել:
«2020 թ․ հոկտեմբերի 6-ին՝ ժ․ 15:00-ի հատվածում, երբ արդեն պարզ էր Ջաբրայիլ-Մեխակավանի անկումը, Հայաստանի դե ֆակտո ղեկավարը Ստեփանակերտում ընդունեց մի հանցավոր որոշում, որի արդյունքում գլխովին ջախջախվեցին.
– Ջաբրայիլի զորամասի մնացորդները
– Ֆիզուլու տանկային զորամասը
– Խոջալուի տանկային զորամասը
– Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները
– ԿՊՇ (ЦОР) հետևակի և զինտեխնիկայի մեծ մասը։
Փաստացի, Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, որի որոշումը կայացվել էր այս սենյակում։ Հակագրոհից առաջ չէր իրականացվել պատշաճ հրետանային նախապատրաստություն, հետախուզում՝ ՈՉԻ՛ՆՉ։ Ընդամենը կար եսասիրական նպատակ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության», որ հետ են բերում «նախկինների» տվածը։ Արդյունքում մեր զինտեխնիկան մնաց թշնամուն, իսկ հետևակը՝ թշնամու «Սմերչի» հարվածների տակ…»,- մանրամասնել էր Էլբակյանը:
Փաստ-6
Ջալալ Հարությունյանի 2022-ին հրավիրած ասուլիսի ժամանակ նաև փաստաբանը նշել էր՝ մեղադրանքում գրված է նաև, որ հարձակումը չի իրականացվել գիշերը, և դա սխալ մարտավարություն է, մինչդեռ տեխնիկական հնարավորությունները դա թույլ չեն տվել:
«Գիշերային պայմանները ինչպե՞ս օգտագործվեր, եթե մեր զրահատեխնիկան չունի համապատասխան գիշերային հագեցված տեխնիկա, որ կարողանա գիշերային պայմաններում մարտ վարի։ Եթե տեխնիկան գիշերը հանես, լույսերը վառես, կդառնա թիրախ, ինչը չի արվել, հակառակը` հրամանատարը ճիշտ է կողմնորոշվել ու լուսադեմին է կազմակերպել հակահարձակումը»,– շեշտել էր Ջալալ Հարությունյանի փաստաբանը։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ բանակը պատերազմին կամ որոշ դեպքերում պատրաստ չի եղել նաև տեխնիկական հագեցվածության առումով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ պատերազմում հաղթանակ ունենալու համար առնվազն սպառազինության առումով արել է, ինչ պահանջել են:
Ջալալ Հարությունյանը այս կարևոր խնդիրը չի՞ բարձրացրել, թե՞ բարձրացրել է, և անտեսվել է, հայտնի չէ:
Առհասարակ, 44-օրյա պատերազմի համատեքստում հանրությանը հետաքրքրող հարցեր կան, որոնց պետք է պատասխանի Ջալալ Հարությունյանը:
Հարց առաջին
2021 թվականի հունիսի 11-ին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով վերջին պատերազմի ժամանակահատվածում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, հաղորդավարի հարցին՝ դուք ե՞րբ իմացաք, որ սկսվել է պատերազմ, պատասխանել էր.
«Ես իմացել եմ ամսի 27-ի առավոտյան, ինչպես բոլոր ժողովուրդը»:
Հակադարձմանը՝ դուք պետական գաղտնիքի կրող եք, տեղյակ չե՞ն պահել նախօրոք, Բաբայանը բացասական պատասխան է տվել:
«Տեղյակ չեն պահել: Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»,- ասել է նա և ճշտող հարցին՝ զեկուցվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՞ն, Սամվել Բաբայանը արձագանքել է՝ երևի, բա էլ ո՞ւմ:
Դիտարկմանը, որ ՀՀ սահմանին համար 1 պատրաստության հրամանը եղել է պատերազմից 2-3 օր առաջ, այդ ինչպե՞ս է, որ ԱՀ ԱԽ քարտուղարին տեղյակ չեն պահել, որ պատերազմ է սկսվելու, Բաբայանն ասել էր, որ Արցախի ՊԲ-ն քաղաքացիական իշխանության հետ կապ չունի` նկատի ունենալով, որ ՊԲ-ն «ենթարկվում» է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին:
Միաժամանակ, Բաբայանը լրատվամիջոցին ասել էր, որ պատերազմից մի քանի օր առաջ հուշել է մարտական գործողությունների ուղղությունները:
«Ես պատերազմից մի քանի օր առաջ ներկայացրել եմ զեկուցագիր, եղել է ԱԽ նիստ, որ լինելու է Ջաբրայիլի հատվածը և Մատաղիսի հատվածը: Որևիցե անգամ ես Աղդամի ուղղությամբ հարված չեմ սպասել, ոչ էլ կարար լիներ: Անիմաստ է դա: Աշխարհագրական էդ քարտեզին նայելով, պետք է առնվազն խելք չունենալ, որ Աղդամի ուղղությամբ խփի: Ջաբրայիլ, Մատաղիսն է եղել, անգամ նկարագրված է եղել, թե հարվածի դեպքում ինչ պիտի արվի, այդտեղ ջրամբարներ կան… Իսկ ՀՀ-ի և Արցախի ռազմական ղեկավարությունը սպասել են, որ պիտի Աղդամի ուղղությամբ հարված լինի»,- նշել էր Բաբայանը:
Ե՞րբ է իմացել Ջալալ Հարությունյանը պատերազմը սկսվելու մասին, արդյո՞ք ծանոթ է Սամվել Բաբայանի զեկուցագրին, և ի՞նչ է արվել այս ուղղությամբ: Այսինքն, որքանով է հաշվի առնվել այս զգուշացումը:
Հարց երկրորդ
44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի փաստաբան Արման Թամրազյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 25-ին կարգադրություն է արձակել, համաձայն որի՝ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելու և կանխելու համար, սակայն սադրիչ գործողությունը հակառակորդի լայնածավալ հարձակումը չէ, դա կարող է դրսևորվել դիրքերի ռմբակոծմամբ, տեխնիկայի դուրսբերմամբ, վատագույն դեպքում՝ դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցմամբ։
168.am–ի հետ զրույցում էլ Թամրազյանը հայտնել էր.
«Սեպտեմբերի 25-ին ԳՇ պետը կարգադրություն է տվել առ այն, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ, դա ուղղված է եղել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, որովհետև «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի» համաձայն՝ վերադասն իր ստորադասին է կարգադրում, նա չի կարող իր ստորադասի ստորադասին կարգադրություն տալ»:
Ի՞նչ կարգադրություն է ստացել Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից և որքանո՞վ է այն կատարել, եթե փոխել է, ապա ինչո՞ւ:
Հարց երրորդ
Ինչո՞ւ ՊԲ-ն պատշաճ պատրաստ չի եղել պատերազմին, և պատերազմի առաջին օրը ինչո՞ւ են կարևոր հատվածներում զինվորները զորամասերում դիմավորել, իսկ ՊԲ հրամանատարները տանից կամ արձակուրդից կանչվել սեպտեմբերի 27-ին, եթե 2 օր առաջ պարզ էր՝ պատերազմ է սկսվելու: Ավելին, ինչո՞ւ է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը թույլ տվել սեպտեմբերի 26-ի խնջույքը, որին հրավիրված է եղել, իսկ պատերազմը սկսվելուց իր աշխատասենյակում չի եղել:
Հարց չորրորդ
Որքանո՞վ է հաջողվել համագործակցությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի և ՊՆ-ի հետ, որքա՞ն հաճախ է շփվել նրանց և Նիկոլ Փաշինյանի հետ:
Հարց հինգերորդ
Ինչպե՞ս է, որ ըստ ՔԿ հաղորդագրության, Միքայել Արզումանյանը, չլինելով ՊԲ հրամանատար, կամ երբ հրամանատարը Ջալալ Հարությունյանն էր, հրամայել է թողնել «Արեգա» բարձունքը, որը իբր հետ էր վերցվել:
Այս համատեքստում հարցեր կան նաև Քննչական կոմիտեին. տարբեր տեղեկություններով, «Արեգասարը» հետ չի վերցվել յուրային ստորաբաժանումների կողմից:
Ավելին, Միքայել Արզումանյանի նկատմամբ մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է Շուշիի պաշտպանության կազմակերպմանը: Բավականին լուրջ դրվագներ են, ինչպե՞ս է, որ Արզումանյանի գործի նախաքննությունը կարողացան ավարտել և դատարանին փոխանցել՝ առանց լրացուցիչ ռազմագիտական փորձաքննության, բայց Ջալալ Հարությունյանի գործի դեպքում նման անհրաժեշտություն զգացվեց: Գուցե պատճառն այն է, որ, օրինակ, հայտնի հակահարվածի որոշումը Փաշինյա՞նն է հաստատել:
Ո՞ւմ են փրկում՝ Ջալալ Հարությունյանի՞ն, Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ երկուսին միասին: Եվ ովքե՞ր կարող են տուժել այս «փրկությունից»: