44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանի «քաղաքական ճկունության» հետևանքները. Խուդաֆերինի ջրամբարն Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ է, առաջիկայում հէկ կբացվի

Մարտի 15-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիին, գրել էին, որ առաջիկա օրերին Իրանի և Ադրբեջանի նախագահները կայցելեն Խուդաֆերին՝ մասնակցելու «Խուդաֆերին» և «Գիզ Գալասը» հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությանը: Նախքան այդ, Թեհրանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի էներգետիկ գերատեսչությունների ղեկավարները:

Նշենք, որ Իրանի և «օկուպացված» Արցախի սահմանային այս ջրամբարը ռազմավարական կարևորագույն հանգույց է, և, որ Խուդաֆերինի կամուրջն ու ջրամբարն Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ էր հայտնվել 44-օրյա պատերազմի արդյունքում: Մասնավորապես, այս մասին ադրբեջանական կողմը հայտնել էր 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:

2023 թվականի հունիսի 22-ին 168.am-ին տված հարցազրույցներից մեկում ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի օրերին Խուդաֆերինի ջրամբարի հատվածում մարտական գործողությունների, դրա վերահսկողության շուրջ շրջանառված հակասական տեղեկություններին, ինչպես նաև՝ Փաշինյանի հայտարարությանը, որ ադրբեջանական կողմը հրադադարի նախապայման է դրել, որ հայկական ուժերն Արաքսի երկայնքով պիտի նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով, նշել է.

«Նախ ասեմ, որ այն ժամանակ տեղյակ չեմ եղել, որ ադրբեջանական կողմը նման պահանջ է ներկայացրել, առաջին անգամ Փաշինյանի այդ հայտարարությունից եմ լսել դրա մասին: Ինչ վերաբերում է Խուդաֆերինի հետ կապված հակասական տեղեկություններին, իմ եղած տեղում, ես լրատվամիջոցներից ինֆորմացիա չունեի, չէի կարող այդ ժամանակ հետևել տեղեկատվական հոսքերին, բայց կարող եմ ասել, որ հոկտեմբերի սկզբին հաստատ Խուդաֆերինի ջրամբարը, կամուրջը եղել է մեր պաշտպանության խորքում: Իսկ առաջին նահանջներն այդտեղ հոկտեմբերի 15-ից են սկսվել, իսկ վերահսկողությունը կորցնելը Խուդաֆերինի կամուրջի եղել է հոկտեմբերի 18-19-ին»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»:

Հավելենք, որ 2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ հաջորդ օրը վերջինը տեղեկացրել է, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի: Այն է՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով:

«Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն»,- շարունակել էր Փաշինյանը:

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցով հեռախոսազրույց չի ունեցել Իրանի առաջնորդի հետ, քանի որ խոսքը Արցախի և Իրանի սահմանին էր առնչվում։

Ավելին՝ ինքնագործունեություն է թույլ տվել և Ադրբեջանին ինչ-ինչ առաջարկներ է փոխանցել, անունն էլ դրել է՝ քաղաքական ճկունություն, նույնիսկ խոստումներ է տվել Արցախի անունից:

Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել էր՝ հյուսիսում հաջողվել էր կանգնեցնել թշնամուն և նոր բնագիծ կառուցել՝ Մատաղիսի շրջակայքով, Թարթառ գետի աջափնյա բարձունքների վրա և հյուսիս՝ դեպի Եղնիկների դիրքը, իսկ հարավում՝ ընդամենը 14 կմ-ի վրա մենք չդիմացանք ու հենց առաջին օրը հետ քաշվեցինք։

«Եվ հենց այդ տասնչորս կիլոմետրով ադրբեջանցիները զարգացրին իրենց գրոհը, ճյուղավորվեցին դեպի Ջաբրայիլ, Հադրութ և այլն և ուղիղ դեպի Խուդաֆերին, Կուբաթլու, Զանգելան, և այդ ամբողջ ընթացքում մենք չկարողացանք նոր բնագիծ ձևավորել։ Ինչո՞ւ։ Որովհետև փորձել են ռազմական մի օպերացիա իրականացնել, որը շատ կասկածելի էր այն ժամանակ մի շարք զինվորականների համար»,- նշել էր Քոչարյանը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ-ի հետ զրույցում հրապարակայնացրել էր ընթացքի մեջ գտնվող ռազմական պլանները:

Ի դեպ, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ Խուդաֆերինի ջրամբարը, ըստ էության, եղել է ադրբեջանական թիրախում, բայց նպատակներին չեն կարողացել հասնել, երբ 2016-ի փետրվարին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ու Իրանը ստորագրել են համաձայնագիր էներգետիկ ոլորտում ջրային ռեսուրսների օգտագործման, Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասը» հիդրոհանգույցների շինարարության ու շահագործման մասին:

Փաստաթղթի համաձայն՝ Իրանը պիտի ապահովեր հիդրոհանգույցների ու հիդրոէլեկտրակայանների շինարարության ավարտը, հիդրոհանգույցներում ու հիդրոէլեկտրակայաններում ջրային ու էներգետիկ ռեսուրսների պահպանումն ու շահագործումը մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:

Համաձայնագրում նշվում էր, որ կողմերը պետք է օգտագործեն այդ օբյեկտները հավասար իրավունքներով, քանի որ «Խուդաֆերինը» և «Գիզ Գալասըն» գտնվում են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:

Դեռ նախքան Արցախի ամբողջական կորուստը, կամ՝ Սարսանգի ջրամբարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելը, ըստ տարբեր գնահատականների՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի ջրային ռեսուրսների մի մասը՝ 24 ջրամբարներից 22-ն, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

2021 թվականի հոկտեմբերի դրությամբ, ադրբեջանական տարբեր աղբյուրներ նշում էին, որ «ազատագրված տարածքների» ջրային ընդհանուր պաշարները կազմում են մոտ 2 մլրդ խմ, ինչը հեռանկարում լուծելու էր Ադրբեջանի խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրները:

2021 թվականի նոյեմբերին 168.amգրել էր, որ Ադրբեջանն անգամ ՀՀ ինքնիշխան տարածքում գործողություններ իրականացնելիս, հաշվի է առնում ջրային ռեսուրսների համար պատերազմի հանգամանքը, ըստ այդմ՝ առաջխաղացումների ժամանակ տեղավորվում է հայկական ջրային պաշարների ակունքներում, որպեսզի հետագայում այդ գալիք պատերազմում հաղթող դուրս գա:

Այս պնդումն ավելի ուշ հաստատել էր նաև ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ «երբ Ադրբեջանը հարձակվում է հայկական որևէ բնակավայրի վրա, 1-ին հերթին փակում է ջրի ակունքները»:

Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն գրում են՝ Հայաստանը «սեփականաշնորհել է Ղազախի շրջանի ջրային ռեսուրսները»»՝ հիշեցնելով Տավուշի հետ կապված Ադրբեջանի տարածքային պահանջը:

Մինչդեռ 2022-ին մեզ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը մի քանի նոր ճանապարհ է պատրաստվում կառուցել դեպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղությամբ, ավելին՝ Բերքաբերի «բերանով»:

Ավելի կոնկրետ՝ ճանապարհ է փորվել ոչ միայն Ղըզըլհաջըլի (ադրբ.՝ Qızılhacılı) գյուղի հատվածում, որը հարավ-արևմուտքում սահմանակից է Հայաստանի Բերքաբեր գյուղին, արևմուտքում՝ Բերքաբերի ջրամբարին, այլև առաջ են եկել դեպի ջրամբար ու փորել, քանդել նաև մեր տարածքում՝ սահմանից ներս:

Իսկ ջրային ռեսուրսների համար պատերազմները դեռ շարունակվելու են, որքանո՞վ է ՀՀ իշխանությունը լուրջ մոտենում այս խնդրին, թե՞ այս պատերազմին պատրաստվելը ևս էական չի համարում Փաշինյանը…

Տեսանյութեր

Լրահոս