ԵՂԵԼ Է ՇՐՋԱՆ՝ ԵՍ ՈՒ ՇՈՒՇԱՆԸ ՉԵՆՔ ՇՓՎԵԼ, ԲԱՅՑ ՄԵՐ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՋՆՋԵԼ. ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ երգիչ Արթուր Իսպիրյանը խոսում է իր երաժշտական սկզբունքների, մշակութային արժեքների, քաղաքական գործունեության և մարդկային հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ երբեք չի առաջնորդվել մասսայական պահանջարկով ու չի պատրաստվում փոխել իր ստեղծագործական ուղին միայն լսարանին հաճոյանալու համար։

Հարցին՝ արդյոք ժամանակի ընթացքում իր տեղը կորցնելու կամ զիջելու հարցում մտավախություն չունի՞, նա պատասխանում է.

«Ես սիրում եմ մատուցել այն, ինչ իմ սրտով է, և պարտադրված չեմ երգել այն, ինչ այսօրվա լայն մասսայական պահանջ ունեցող երաժշտությունն է»:

Կարդացեք նաև

Իսպիրյանի խոսքով՝ կյանքի մի փուլից հետո առաջնայինը դառնում է ոչ թե անձնական ճանաչումն ու բեմական ներկայությունը, այլ հանրության համար կարևոր աշխատանք կատարելը։ Միևնույն ժամանակ՝ նա չի դադարել երգել և շարունակում է համագործակցել Հանրային ռադիոյի ջազային նվագախմբի հետ։

«Ջազային մեծ նվագախմբի հետ երգելը մեջքդ պնդացնում է։ Այդտեղ եմ լիցքաթափվում։ Սրտիդ աշխատանքը փոխվում է, ուրիշ ձև է սկսում աշխատել»,- ասում է նա։

Խոսելով Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդի թվայնացման ու պահպանման աշխատանքների մասին՝ երգիչը շեշտում է, որ հայկական մշակութային ժառանգությունը բացառիկ արժեք է, որը պետք է շարունակաբար հարստացվի։

Նա առանձնահատուկ ակնածանքով է խոսում հայ մեծ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Էդվարդ Միրզոյանի մասին՝ նշելով, որ նրանց ստեղծած մշակութային արժեքներն անկրկնելի են։

«Արխիվը միայն անցյալը չէ։ Արխիվը փազլի նման է։ Այդ փազլը պետք է միշտ ավելանա, որպեսզի ստանանք այն մշակութային պատկերը, որը ցանկանում ենք տեսնել, հիմա, դա կլինի Արարատ լեռը, թե Մոնա Լիզան, չգիտեմ, ամեն մարդ մի ձև է պատկերացնում»,- ասում է Իսպիրյանը։

Նրա խոսքով՝ Հանրային ռադիոն այսօր շարունակում է ակտիվորեն համալրել ֆոնդը՝ ձայնագրելով սիմֆոնիկ, ջազային, ժողովրդական ու մանկական երաժշտություն, ինչպես նաև աջակցելով երիտասարդ ու փորձառու երաժիշտներին՝ որակյալ ձայնագրություններ իրականացնելու հարցում։

Անդրադառնալով Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում իր գործունեությանը՝ Իսպիրյանը նշում է, որ քաղաքականություն մուտք գործելու հիմնական նպատակը քաղաքին օգտակար լինելն էր։

«Ես սիրում եմ իմ քաղաքը, և ցանկացա ավելի օգտակար լինել Երևանին, շատ մեծ ցանկություն ունեցա, որ լինեմ ավագանու անդամ, երևի ինչ-որ տեղ էլ արժանի էի»,- ասում է նա։

Երգչի ամենասիրելի նախաձեռնություններից մեկը եղել է երաժշտական թաղամաս ստեղծելու գաղափարը։ Ամերիկյան համալսարանի հարակից Վերին անտառային հատվածում անվանի հայ կոմպոզիտորների անուններով փողոցներ անվանակոչելու նախագիծն արդեն կյանքի է կոչվել։

Խոսելով Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիայի հիմնադրման խոստումը չկատարելու մասին՝ Իսպիրյանը նշում է, որ ամբողջ ընթացքին լիարժեք չի հետևել, սակայն հիշում է, որ նման որոշումներ ու ծրագրեր եղել են.

«Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, բայց հիշում եմ, որ որոշում կայացվեց, որ պետք է վերանորոգվի «Կանազ»-ի մշակույթի տունը։ Հետո ի՞նչ լուրեր եղան, ինչո՞ւ չեղավ, ես, ճիշտն ասած, չգիտեմ, տեղյակ չեմ, բայց մրցույթ էին հայտարարել, որպեսզի վերանորոգեն, վերակառուցեն այդ տարածքը, բայց հիմա կարծեմ, ինձ թվում է, սկսել են շատ արագ վերանորոգել այդ շենքը էս վերջին հրդեհից հետո։ Չգիտեմ, հրդեհն ինչի՞ց բռնկվեց, ի՞նչ եղավ»:

Անդրադառնալով 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի հետ հարաբերությունների սրման, շփումների դադարեցման և տարիներ շարունակ շրջանառվող լարվածության մասին հարցերին՝ Արթուր Իսպիրյանը խուսափեց ուղիղ ու հստակ պատասխաններից՝ փորձելով թեման մեղմել ընդհանուր ձևակերպումներով։

Հարցին՝ արդյոք քաղաքական հայացքների տարբերությունն իսկապես խզե՞լ էր նրանց հարաբերությունները, Իսպիրյանը նախընտրեց «չխորանալ» անցյալի կոնֆլիկտների մեջ։

«Մենք Շուշանի հետ հիմա շատ լավ ընկերներ ենք և միշտ էլ լավ ընկերներ ենք եղել։ Տարաձայնություններ բոլոր մարդիկ էլ ունենում են։ Ես ուրիշ ձև եմ մտածում, ինքը՝ ուրիշ»,- ասում է երգիչը՝ այդպես էլ չպատասխանելով հարցին, թե իրականում ինչ փուլում և ինչ պատճառով էր դադարել իրենց շփումը։

Միաժամանակ նա շեշտում է, որ իրենց կապը տարիների պատմություն ունի, և նույնիսկ այն ժամանակ, երբ չեն շփվել, ընդհանուր ընկերների միջոցով տեղեկացել են միմյանց մասին։

«Եղել է ինչ-որ շրջան, որ մենք չենք շփվել, բայց մենք ունենք էնպիսի գեղեցիկ միասին ապրած կյանք, որ երբևէ ոչ ոք չի կարող դա ջնջել»,- հավելում է Իսպիրյանը՝ կրկին շրջանցելով թեմայի առավել սուր կողմերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031