Շուշիի կորուստը սկսվել է ոչ թե նրա պաշտպանության ժամանակ, այլ շատ ավելի վաղ. Փաշինյանը բավականին տեղեկություն է փոխանցում 44-օրյայում իր «ջանքերի» մասին
6 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել էին Արցախ՝ նշելու Եռատոնը:
«Շուշին մեզ առավել մեծ վստահություն է տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ: Մենք բոլորս հավաքական և միասնական պարտք ունենք մեր նահատակների առաջ: Պետք է պատվով կատարենք այդ պարտքը և այդ պարտքը տասնապատկված վերադարձնենք նրանց սերունդներին»,- այդ ժամանակ հայտարարել էր Փաշինյանը, ով դրանից առաջ հասցրել էր ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:
Իսկ հետո 2020 թվականի 44-օրյա պատերազմում տանուլ տրվեց կամ ծրագրված հանձնվեց Շուշին, թեև իբր այն պահելու համար Նիկոլ Փաշինյանը մերժել էր 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահ Պուտինի առաջարկը, որովհետև այնտեղ պիտի վերադառնային ադրբեջանցի փախստականները, բայց բերդաքաղաքը հայկական կողմի վերահսկողության տակ էր մնալու: Կամ՝ իբր Փաշինյանը շատ էր ազդվել 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշին կորցնելու լուրը ստանալով և այդ ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հրահանգել էր այն հետ վերցնելու գործողություններ ձեռնարկել:
«Նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին… Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ Շուշին պահել, ետ վերցնել: Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին…»,- 2023 թվականին հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում ասել էր նա:
Այլ հարց է, որ, ինչպես մի առիթով գրել ենք՝ Փաշինյանն ի՞նչ կարգավիճակով է Շուշին հակագրոհով հետ վերցնելու հրաման տվել՝ որպես ՀՀ վարչապե՞տ, թե՞ գերագույն հրամանատար:
Փաստ է նաև, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրվում է միայն ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանը, ում մեղադրանքն ավարտվում է նոյեմբերի 7-ով, իսկ հակագործողությունները Փաշինյանի հրամանով իրականացվել են նոյեմբերի 7-ից հետո:
2024 թվականին ՀՀ քննչական կոմիտեն 168.am-ին հայտնել էր, որ 2020թ. նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձվել:
Իսկ Միքայել Արզումանյանը 2023 թվականի հուլիսին իր տարածած հայտարարության մեջ Շուշիի պաշտպանության կազմակերպմանն անդրադառնալով՝ մասնավորապես, նշել է.
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։ Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար, և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։
Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային, և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։
Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։
Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա։
Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ 18 տարեկանից զենքը ձեռքիս մարտնչել եմ Հայրենիքիս համար, ինչպես նաև Շուշիի ազատագրումից հետո առաջիններից մեկը Շուշի մտած անձանցից մեկն եմ հանդիսանում։
Ուստի բացարձակ պատահական չեմ համարում նաև, որ ես եմ ընտրվել որպես թիրախ»:
Ի դեպ, ՔԿ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ հիմք է վերցնում հոկտեմբերի 30-ից սկսած ժամանակահատվածը:
2020թ. հոկտեմբերի 29-ին 168.am-ի հետ զրույցում ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) ահազանգում էր, որ պատերազմը հասել է Շուշիի պարիսպների տակ, և Ադրբեջանն ուզում է վերցնել Շուշին, և՝ ոչ միայն, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույն օրը հայտնել էր՝ «թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կիլոմետր հեռավորության վրա»:
Վերջերս նշվածի համատեքստում և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին առնչվող դարձյալ խոսակցություններ ակտիվացան, իսկ նա առաջարկեց փակ հանդիպում կազմակերպել, այսինքն, այդ թվում՝ Շուշին հետ վերցնելու Նիկոլ Փաշինյանի հրահանգից բխող գործողությունների մասին պատրաստ չէ հրապարակավ խոսել, թեպետ նույն իշխանություններն ու Նիկոլ Փաշինյանը հրապարակավ շատ բան են ասել, որքանո՞վ է տրամաբանական ամեն ինչ գաղտնիության սկզբունքով հիմնավորելը:
Ինչևէ, 44-օրյա պատերազմի հետ կապված դեռ շատ հարցերի պիտի ռազմական նախկին ղեկավարությունը պատասխանի:
Իսկ մինչ այդ մենք 34 տարի առաջ իրականացված Շուշիի օպերացիայի և 44-օրյա պատերազմում բերդաքաղաքի կորստի շուրջ զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ՝ որտե՞ղ սխալվեցինք, ինչո՞ւ կորցրեցինք Շուշին, արդյո՞ք երբ այն կար, արժևորել ենք իրապես:
Տիգրան Աբրահամյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը երբեք մերը չի եղել, ըստ էության, բավականին տեղեկություն է փոխանցում 44-օրյա պատերազմում նրա գործադրած «ջանքերի» և առաջնահերթությունների մասին:
«Եվ սա ոչ միայն՝ Շուշիի հետ կապված, այսինքն, պատերազմում պարտության և Արցախի հանձնման հարցում կա մեկ գլխավոր պատասխանատու՝ դա գործող իշխանությունն է և նրա ղեկավար Փաշինյանը: Իսկ Միքայել Արզումանյանին և այլոց մեղադրանքների առաջադրումը և ազատությունից զրկելն ունի բացառապես մեկ նպատակ՝ պատասխանատվությունն իրենից գցել և ուրիշների վրա բարդել: Ինչ վերաբերում է օրվա խորհրդին՝ 1992 թվականի մայիսին տեղի ունեցած Շուշիի օպերացիային, ապա այն հայ ժողովրդի քաղաքական կամքի, պայքարի, ձգտումների և հաղթանակի հասնելու մասին է: Հայոց պատմությունը՝ իր հաղթական էջերով, որևէ իշխանություն, գործիչ չի կարող սրբագրել, և Փաշինյանի ադրբեջանական թեզեր պարունակող հայտարարությունները, որոնք սպասարկում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահը, նպատակ է հետապնդում՝ որոշակի ձևով չեզոքացնել իշխանության հանձնողական քաղաքականությունը և դրա ծանր հետևանքները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Իսկ թե որքանո՞վ է Հադրութի կորուստը հանգեցրել Շուշիի կորստին, և ե՞րբ են դրվել բերդաքաղաքը կորցնելու «հիմքերը» 44-օրյա պատերազմի ժամանակ, արդեն Գեղամ Մանուկյանը նկատեց.

«Իրականում Շուշիի կորուստը սկսվել է ոչ թե նրա պաշտպանության ժամանակ, այլ շատ ավելի վաղ, երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ոչ հավասարակշիռ վիճակում ուղիղ եթերում որոշեց գլխատել Արցախի Պաշտպանության բանակը, երբ իշխանությունը դեռ նոր ընդունած՝ հարձակումներ սկսվեցին զինվորականության, Արցախյան ազատամարտին մասնակիցների և հերոսների դեմ, հարուցվեցին քրեական գործեր, երբ ամեն քայլափոխի սկսեցին կասկածի տակ դնել բանակի բովանդակությունը:
Ավելին, երբ բանակի բարոյահոգեբանական վիճակը վերածվեց զինվորական ճաշարաններում միայն բանան և կոկա-կոլա ուտել-խմելու մեծ փիառ-ակցիայի: Իսկ թե 44-օրյայի բուն ռազմական գործողությունների ժամանակ ինչու ընկավ Շուշին, դա համալիր վերլուծության կարիք ունի:
ՀՀ քաղաքական ղեկավարությունը և իշխող շրջանակներն ամբողջությամբ տապալեցին պատերազմի հենց սկզբից երկիրը, պետությունը պատերազմական ռելսերի վրա դնելու գործողությունները, և իրար հաջորդած սխալները հանգեցրին պատերազմում պարտության: Եվ հայ ժողովուրդն ապիկարների պատճառով ձեռքից բաց թողեց արցախյան մեծագույն հաղթանակը: Ու տարիների հեռվից նայելով, այսօր՝ Շուշիի ազատագրման օրը, ամենամեծ ցանկությունը, որ կա, դա ներողություն խնդրելն է…»:
168.am-ը գրել է, որ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» օրակարգում եղել է նաև հաղթական ելքով 1992 թվականի մայիսին հայկական կողմի իրականացրած Շուշիի օպերացիան: Մասնավորապես, «դատական» նիստերի ընթացքում ներկայացվել էին Շուշիի օպերացիային առնչվող տեսանյութեր, որտեղ, օրինակ, Արկադի Տեր-Թադևոսյանը պատմում է Շուշիի ազատագրման կամ բուն ռազմական տեսանկյունից գրավման մասին:
Բաքվի զինվորական դատարանում նաև այլ տեսանյութեր էին հրապարակվել, որտեղ նշվել է, թե «Շուշիի գրավումն իրականացվել է 4 ուղղություններով, որոնք ղեկավարել են Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Վալերի Չիթչյանն ու Արկադի Կարապետյանը», և, որ «Շուշիի հարձակողական օպերացիայում կարևոր դեր է ունեցել նաև գեներալ Գուրգեն Դալիբալթայանը», ում խոսքերին հղում անելով՝ ադրբեջանական դատարանում պնդել էին նաև, որ օպերացիային իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:
Այսինքն, Ադրբեջանը փորձել է ապացուցել, որ Շուշին վերցնելու հրամանը տվել է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ուստի կատարվել է բազմակողմանի նախապատրաստական աշխատանք:
Ավելին, Բաքվի դատարանում ուսումնասիրման էր դրվել անգամ տեսանյութ, որտեղ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է խոսում Շուշիի օպերացիայի կարևորության մասին, և որտեղ, մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն ասում է՝ «Շուշիի օպերացիայի նշանակությունն այնքան մեծ էր, որ դրան անձամբ մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը»:
Իսկ Շուշիի ազատագրման մասին պատմող մի քանի մասից բաղկացած ֆիլմում տեղ գտել է նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա պատմում է. «1992 թվականի ապրիլին ստեղծվել էր անելանելի վիճակ, չհարձակվել Շուշիի վրա, չգրավել Շուշին, նշանակում էր՝ դանդաղ մահվան դատապարտել Ղարաբաղի բնակչությանը, և առաջին հերթին՝ Ստեփանակերտի, որովհետև օրական Շուշիից Ստեփանակերտի վրա էր գալիս առնվազն 300-350 հրթիռ, բանը հասել էր նրան, որ Շուշիից սովորական հրաձգային զենքի գնդակը հասանելի էր ստեփանակերտցուն»:
Բնականաբար, Բաքվի դատարանում այս և այլ պատճառների մասին չեն խոսել:
Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ կրկնում է, թե՝ Արցախը երբեք մերը չի եղել, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան այն, որ ՀՀ գործող ղեկավարությունը Հայաստանին մեղադրում է «օկուպանտ» լինելու մեջ:
Այսինքն, այն, ինչ փորձում էին ապացուցել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ «դատավարության» ժամանակ, ինչը, ինչպես բազմիցս ենք գրել, գլոբալ առումով Հայաստանի դեմ է, ոչ թե անձերի, եթե անգամ նման դրվագներ կան:




