«Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված սկզբունքային նոր քայլեր չեմ տեսնում». Ռուբեն Սաֆրաստյան
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում մայիսի 4-ին Հայաստան էր ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորել էին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Հայաստան կատարած այցի ընթացքում Թուրքիայի փոխանախագահը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել էին Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Այս այցից առաջ էլ՝ մայիսի 28-ին, Կարսում տեղի էր ունեցել հայ և թուրք պատվիրակների հանդիպումը՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման աշխատանքները քննարկելու համար։
Թուրքիայի փոխանախագահը Հայաստան կատարած այցից 3 օր անց հայտարարել էր, որ «Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կլինի թե՛ ավելի մեծ անվտանգություն, թե՛ ավելի մեծ բարեկեցություն:
«Մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանն ու Ադրբեջանն այս հարցում զգալի առաջընթաց են գրանցել։ Մենք ասում ենք՝ «Խաղաղությունն այժմ շատ մոտ է»։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը տարածաշրջանային և գլոբալ մակարդակում այլ դեր կխաղա՝ որպես չափազանց բարձր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան։ Հատկապես «Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կլինի թե՛ ավելի մեծ անվտանգություն, թե՛ ավելի մեծ բարեկեցություն»,- հայտարարել էր Թուրքիայի փոխնախագահը։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ամփոփելով թուրք պաշտոնյայի Հայաստան կատարած այցը և ստորագրված արձանագրությունը, նկատեց՝ այցն այնքանով է կարևոր, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյա է եկել Հայաստան, թեպետ Թուրքիայում շատերը նրա անունը գուցե չգիտեն էլ։ Սակայն սա խոսում է այն մասին, որ երկու երկրների միջև «կոնտակտը» շարունակվում է։
«Թուրքիայի փոխնախագահը որպես քաղաքական ֆիգուր՝ որևէ բան չի ներկայացնում՝ գտնվում է Էրդողանի շվաքի ներքո։ Չեմ կարծում, որ Թուրքիայից մոտ ապագայում Հայաստան կգան բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչո՞ւ, որովհետև եթե բարձրաստիճան պաշտոնյա գա, պետք է լինի սկզբունքային կարևոր քայլ՝ երկուստեք հարաբերությունները կարգավորելուն ուղղված։ Սակայն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված սկզբունքային նոր քայլեր չեմ տեսնում, կարծում եմ՝ մոտ ապագայում չի էլ լինելու։
Իմ ընկալմամբ՝ Թուրքիայում որոշում է ընդունվել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Բայց հաշվի առնելով Թուրքիայի նախագահի հայտարարությունները, որոնցով նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հետ, կարծում եմ՝ սա է կարգավորման հիմնական պահանջը»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցն ասաց՝ այո, Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որոշումը կա, ինչը պայմանավորված է տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի կարևորության աճով, ինչը կարևոր է Թուրքիայի համար։ Կա նաև երկրորդ հանգամանքը՝ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան միշտ կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։
«Մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չստորագրվի, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված որևէ սկզբունքային քայլ չի անելու։ Փոխարենը՝ կձեռնարկի տեխնիկական բնույթի փոքր քայլեր, որպեսզի բոլորին ցույց տա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին դրական է տրամադրված»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է Գյումրի-Կարս երկաթգծի աշխատանքներին ուղղված քայլերին և Հայաստանի ֆինանսական կարողություններին՝ երկաթգիծը վերականգնելու համար ներդրումներ անելու առումով, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ դժվարանում է ասել, թե այդ ամենի համար որքան գումար կպահանջվի, սակայն Հայաստանի համար հնարավորություն է՝ մեկ ճանապարհ է նաև՝ կապվել աշխարհի հետ։
«Այստեղ խնդիրն այն է, որ, այո, կան հնարավորություններ և կան նաև ռիսկեր և այդ ռիսկերը պետք է լինեն կառավարելի։ Այն, ինչ ասում եմ՝ արդյունքն է այս տասնյակ տարիների, քանի որ խնդիրները բազմիցս քննարկվել են՝ կապված հայ-թուրքական սահմանի հետ։ Գործել են տարբեր հետազոտական, մասնագիտական խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ լուրջ հետազոտել են այս խնդիրները, ինքս էլ դրանց մաս եմ կազմել։ Ընդհանուր իմ մոտեցումը, որը ձևավորվել է այդ խմբերում աշխատելու ժամանակ, հետևյալն է՝ կան հնարավորություններ, և դրանք Հայաստանի համար դրական կլինեն, բայց նաև կան ռիսկեր, որոնք պետք է կարողանան կառավարել»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։



