Ջալալ Հարությունյանը վարում էր մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ. Նոր սլաքներ՝ Օնիկ Գասպարյանի և Տիրան Խաչատրյանի ուղղությամբ

Հուլիսի 6-ին Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է վերջին շրջանում տարբեր պաշտոնատար անձանց կողմից իր անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակմանը, այդ թվում՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման հետ կապված:

Շուշիի օպերացիայի պատասխանատուն Միքայել Արզումանյանն է

Իր հայտարարության մեջ Միքայել Արզումանյանն ասում է՝ երբ 2020-ի հոկտեմբերի 27-ին ստանձնել է ՊԲ հրամանատարի պարտականությունները, թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով՝ մոտեցել էր Շուշիի մատույցներին, իսկ բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ՝ ինչպես օդում, այնպես էլ՝ գետնի վրա։

«Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար, և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։

Կարդացեք նաև

Սակայն թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային, և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։

Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։

Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա։

Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ 18 տարեկանից զենքը ձեռքիս մարտնչել եմ Հայրենիքիս համար, ինչպես նաև Շուշիի ազատագրումից հետո առաջիններից մեկը Շուշի մտած անձանցից մեկն եմ հանդիսանում։

Ուստի բացարձակ պատահական չեմ համարում նաև, որ ես եմ ընտրվել որպես թիրախ»,- կալանավայրից տարածած իր հայտարարության մեջ նշել է ՊԲ նախկին հրամանատարը:

168.amանդրադարձել է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի քաղաքական և ռազմական մեսիջներին, ինչպես նաև՝ Շուշիի շուրջ մի քանի դրվագի:

Ամեն դեպքում, հիշեցնենք, որ հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020 թ. նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է Շուշիի անկման մասին, որից հետո ինքը քաղաքը հետ վերցնելու պահանջ է դրել:

«Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի: Եվ ստացել էի հավաստիացում, որ կպահվի: Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք: Այսինքն՝ պահեք Շուշին: Շուշին պահել, ետ վերցնել:

Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է: Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո նոյեմբերի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, և երբ մեկ-երկու օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- շարունակել էր Փաշինյանը:

Իսկ հունիսի 28-ին 24TVի հետ հարցազրույցում 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ եղած Արծրուն Հովհաննիսյանն էլ ասել է, որ Շուշիի պաշտպանության անմիջական պատասխանատուն եղել է ՊԲ հրամանատարը, այսինքն՝ Միքայել Արզումանյանը:

«Ես նոյեմբերի 6-ին եղել եմ անձամբ իր մոտ, ինքը եղել է անձամբ Շուշիի օպերացիայի պատասխանատուն՝ Միքայել Արզումանյանը: Ես ամսի 6-ին, առավոտյան ժամը 5-6-ի կողմերն իր հետ մոտ 45 րոպե զրուցել եմ իր սենյակում: Ինքը զուգահեռ շարունակում էր վարել մարտը, հրահանգներ տալ և ինձ հետ սուրճ խմել, և խոսում էինք իրար հետ: Ինքն անմիջական պատասխանատուն էր, ինչքան ես եմ նայում՝ թղթերով նաև, որևէ առանձին հրամանատար նշանակված չի եղել՝ որպես Շուշիի հրամանատար»,- պնդել է նա:

Դիտարկմանը, թե Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթից պարզ է դառնում, որ խնդիր է դրել պահել Շուշին, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է՝ «դեռ հոկտեմբերի 15-ից սկսած»:

Հակադարձմանը՝ ինչո՞ւ չի պահվել, նա պատասխանել է՝ չի ստացվել:

«Հազար անգամ ասել եմ՝ Շուշիի հետ կապված ինձ համար լիքը հարցականներ կան, մինչև հիմա մնում եմ այդ ասածիս: Եթերում առաջին անգամ եմ սա ասում՝ դեռ հոկտեմբերի 15-ի կողմերը, երբ դեռ վերջնական չգիտեինք՝ Հադրութը կորցրե՞լ ենք, թե՞ ոչ, ես եղա ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի սենյակում: Կրկնում եմ, որ դեռ վերջնական Հադրութը կորսված չէր համարվում, ես կարծեմ մեկ օր առաջ էի եղել Ֆիզուլիում, եղել էի Հադրութի արվարձաններում, երբ դեռ կատաստրոֆայի այդ աստիճանը չէր ուրվագծված, ինձ փոխնախարարն ասաց՝ ադրբեջանցիք պատերազմը կանգնեցնելու ինչ-որ առաջարկ են ներկայացրել, քննարկվում է հիմա, ես այդ օրը իմացա, որ ՌԴ-ի միջոցով այդ առաջարկներն անդադար գալիս են, քննարկվում են: Եվ ասաց՝ գիտե՞ս՝ պահանջը Շուշին է: Այսինքն, Շուշին տվեք, կռիվը կանգնի: Ինձ համար դա ուղղակի սառը ցնցուղ էր, որ իրանք Շուշիից էդքան հեռու են, ո՞նց կարող են Շուշին ուզել, հասնել Շուշի: Էդ բարդ անտառային տեղանքում իրանք ո՞նց կարող են հասնել Շուշի: Ես տեսել եմ, որ բանակի, ԳՇ ղեկավարությունը հոկտեմբերի 20-ի մոտերից սկսած անդադար ինչ-որ հրահանգներ տալիս էր՝ ամրացնել Շուշին»,- մանրամասնել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 6-ին Միքայել Արզումանյանը վստահաբար պնդել է, որ՝ «Շուշի եկող մատույցները՝ Լիսագոր, Քարինտակ, բոլոր ուղղություններն անխտիր ականապատվում են, լավ ծուղակներ են դրած»:

«Ամսի 8-ին իմ ունեցած տեղեկություններով, որոնք վերահաստատվեցին, փորձ է կատարվել վերցնել Շուշին, ուղղակի չի ստացվել»,- շեշտել է Արծրուն Հովհաննիսյանը, և հարցին՝ որ շատ ցանկանայինք՝ չէի՞նք կարող դա անել, պատասխանել է՝ «շատ ուզեինք, բայց նաև գրագետ գործեինք, այդ երկուսը պիտի գումարես իրար: Իսկ ով՝ իհարկե, տեղի հրամանատարությունը»:

Առաջին, մեր տեղեկություններով, Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորը եղել է գնդապետ Սերգեյ Առուստամյանը։

Երկրորդ, 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. 

«1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։

2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։

4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձևով:

5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։

6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»:

Այսինքն, այստեղ Շուշիի մասին խոսք չկար:

Պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 29-ին է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել, որ Շուշիի, մասնավորապես, ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակի շուրջ խոսակցություն կա:

Երրորդ, 2020թ. հոկտեմբերի 29-ին 168.am-ի հետ զրույցում ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) ահազանգում էր, որ պատերազմը հասել է Շուշիի պարիսպների տակ, և Ադրբեջանն ուզում է վերցնել Շուշին, և՝ ոչ միայն, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույն օրը հայտնել էր՝ «թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կիլոմետր հեռավորության վրա»:

Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանը, մեղմ ասած, ծիծաղով էր ընդունում այդ ժամանակ Արկադի Կարապետյանի այս զգուշացումը:

Չորրորդ, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքում Շուշիի պաշտպանությանը վերաբերող դրվագը, ըստ ՀՀ քննչական հաղորդագրության, ավարտվում է նոյեմբերի 7-ով:

Փաշինյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել է Շուշիի անկման մասին, բայց ինքը հրահանգել է հետ վերցնել քաղաքը, իրականացնել հակագործողություններ, ո՞վ է պատասխանատվություն կրելու նոյեմբերի 7-ից հետո գործողությունների համար:

Կամ՝ ինչո՞ւ է Արծրուն Հովհաննիսյանը Շուշիի կորստի համար առաջին հերթին մեղադրում տեղի հրամանատարությանը: Մյուս կողմից, երբ նա նշում է, որ գրագետ գործեինք՝ կկարողանայինք հետ վերցնել Շուշին, կարո՞ղ ենք ենթադրել, որ տողատակում նկատի ունի նաև այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, քանի որ առանց նրա իմացության՝ դժվար թե հակագրոհի գործողություններ իրականացվեին:

Եվ հետո վերջերս հարցազրույցներից մեկում Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ «Իսկանդերը» կիրառվել է նոյեմբերի 8-ին, Շուշիի ուղղությամբ, իսկ մենք հիշում ենք, որ «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու համար իշխանությունը մի պահ մեղադրում էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին:

Անհասկանալի է նաև՝ եթե Շուշիի անկման հետ մինչև այսօր կան մութ պահեր, ինչո՞ւ Միքայել Արզումանյանի գործով անհրաժեշտություն չի եղել ռազմագիտական փորձաքննության անցկացման, ինչպես Ջալալ Հարությունյանի գործի դեպքում:

Հունիսի 16-ին Քննչական կոմիտե ուղարկած մեր հարցմամբ փորձել էինք պարզել՝ ինչո՞ւ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտություն չեղավ, երբ գործ ունենք ոչ պակաս կարևոր, կամ շատ կարևոր պատերազմական դրվագների հետ, իսկ «Արեգասարի» հետ կապված մեղադրանքը շատ հարցեր է առաջացնում:

«Միքայել Արզումանյանին վերաբերելի քրեական վարույթով նախաքննության ընթացքում փորձաքննության միջոցով որևէ հանգամանք պարզելու անհրաժեշտություն չի ծագել, հետևաբար՝ ռազմագիտական փորձաքննություն չի նշանակվել»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին ՔԿ-ից:

Նշենք, որ հունիսի 12-ին հայտնի էր դարձել, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու որոշում է կայացվել:

Ջալալ Հարությունյանը  վարում էր մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ

168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ «վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է Ջ․Հ․-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում»:

Հունիսի 16-ին մեր հարցմամբ Քննչական կոմիտեից փորձել էինք պարզել նաև, թե ովքեր են անցկացնելու այդ ռազմագիտական փորձաքննությունը՝ ՊՆ ներկայացուցիչնե՞րը, թե՞ կոնկրետ փորձագետներ, որոնց փորձագիտական կարծիքը կարող է դատարանը հիմք ընդունել:

«Հայտնում ենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական վարույթով՝ հակահարվածի դրվագով նշանակված ռազմագիտական փորձաքննությունը կատարվելու է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և ՀՀ ՊՆ ազգային ինստիտուտի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Ջալալ Հարությունյանի կողմից առաջարկված երկու սպաների կողմից: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի՝ փորձաքննությունը կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառում, այդ թվում՝ համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքներ»,- մոտ 2 շաբաթ հետո մեզ տեղեկացրել էին Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով. առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։

Հավելենք, որ 2022 թվականի նոյեմբերի 18-ին հրավիրած ասուլիսի ընթացքում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը հայտարարել էր, որ հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել է Նիկոլ Փաշինյանից՝ գերագույն գլխավոր հրամանատարից: Գուցե այս փաստո՞վ է պայմանավորված Ջալալ Հարությունյանի գործով ռազմագիտական փորձաքննության անցկացման որոշումը:

Ավելին, հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Ջալալ Հարությունյանի գործով հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր Օնիկ Գասպարյանի վրա:

«Ինձ համար կարևոր է եղել ԳՇ պետի կարծիքը: Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, և այն փաստը, որ իրենք կրում են գեներալական ուսադիրներ, ինձ համար վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ Սա շատ երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունը ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում, խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։ Եվ ես այնտեղից կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, պարոն Բաբայանին եմ խնդրել, որ ներկայացնի իր գաղափարը: Օնիկ Գասպարյանն ասել է, որ տրամաբանություն կա մեջը, ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան, ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ես ասել եմ՝ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, սակայն ռազմական առումով օպերացիայի իրագործումը պետք է որոշեին ռազմական պաշտոնյաները։

«Ես արդեն Երևանում էի, ու Օնիկ Գասպարյանն ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիրն այդպես է դրել՝ «տես՝ աչքդ ուտո՞ւմ է, թե՞ ոչ», որից հետո Հարությունյանը ասել է՝ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- եզրափակել էր Փաշինյանը՝ ըստ էության, հիմք ընդունելով Սամվել Բաբայանի այս առնչությամբ բոլոր ասածները:

Քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցուպատասխանից մեկ օր հետո՝ հունիսի 28-ին, Արծրուն Հովհաննիսյանը 24TV-ին տված հարցազրույցում շարունակել է «մաքրել» Ջալալ Հարությունյանին՝ սլաքն ուղղելով ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին:

«Իսկ Ջալալ Հարությունյանին թողնված ճակատը, որ թողել էին անձամբ իր կառավարմանը, իր հրամանատարության ներքո, ինչի լիարժեք ՊԲ-ի պաշտպանության ճակա՞տ էր: Եկեք ազնիվ լինենք, ասենք, որ Քարվաճառը հանել էինք իր ենթակայության տակից, ինքը չէր վարում Քարվաճառի ուղղությամբ մարտական գործողությունները, այլ դա պատկանում էր ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսին, ՊԲ 9-րդ ՊՇ-ն էլ լրիվ իր ենթակայությունից հանված էր, լրիվ այլ հրամանատարություն էր ստեղծված և այլ մարդ էր կառավարում: Այսպես ասենք՝ 9-րդ ՊՇ-ն և ՀՀ ԶՈՒ 1-ին կորպուսն իրար հետ միասնական հարավային ուղղություն էինք սարքել, որի հրամանատարը գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն էր: Այսինքն, ակտիվ մարտական գործողությունների ինչքան ճակատ է վարել Ջալալ Հարությունյանը, եթե բոլոր կիլոմետրերը գումարենք, Ջալալ Հարությունյանը՝ որպես ՊԲ հրամանատար, վարում էր մաքսիմում մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ: Բոլոր մեղադրանքները պոպուլիստական են և անհիմն»,- շեշտել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հետաքրքիր է, որ իշխանամերձ փորձագետը չի հաշվում, թե որքան տարածք են հանձնել Միքայել Արզումանյանին 2020-ի հոկտեմբերի 27-ին, այսինքն՝ որքան տարածքային կորուստ է եղել նախքան նրա՝ ՊԲ հրամանատարությունը ստանձնելը:

Այսինքն, Ջալալ Հարությունյանը վայելում է ՀՀ իշխանության բարեհաճությո՞ւնը, եթե անգամ հաշվի առնենք Հովհաննիսյանի որոշ ասածների իրական լինելը, իսկ Միքայել Արզումանյանի հանդեպ վրեժխնդի՞ր է, ինչո՞ւ:

Ի դեպ, Հովհաննիսյանի հարցազրույցից կարելի է ենթադրել, որ չի բացառվում, որ Փաշինյանի համար քաղաքական առումով հարմար պահի հստակ մեղադրանքներ կլինեն նաև Օնիկ Գասպարյանի և Տիրան Խաչատրյանի նկատմամբ:

Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս