Գյուղերում պատերազմի շանտաժը չի աշխատում. մեր ժողովուրդն Արցախի մասին չի՛ մոռացել. Դավիթ Անանյան
«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի ներկայացուցիչ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը «Պրեսսինգ» հաղորդաշարում խոսել է նաև իրենց թիմի մարզային այցելությունների, գյուղացիներին հուզող խնդիրների մասին:
«Ժողովրդին նախ և առաջ հետաքրքրում է երկրի անվտանգությունը: Գյուղատնտեսության հետ կապված, ոռոգման ջրի, վարելահողերի, մթերման խնդիրների հարցեր էլ են բարձրացնում: Մարդիկ թերահավատ են, հուսախաբված: Ժողովուրդն իրեն խաբված ու լքյալ է զգում:
Սա մենք ակնհայտ տեսնում ենք: Ցավալի է, որ մեր ժողովրդի մի մասն անկեղծորեն հավատում է փաշինյանական այն թեզերին, թե այս վիճակի պատասխանատուն նախկիններն են: Այն դեպքում, երբ Փաշինյանն ամենամեծ նախկինն է: Բայց երբ մարդուն հանգիստ բացատրում ես՝ ինչը ինչից հետո է, նույնիսկ ՔՊ-ապաշտ մեր հայրենակիցների մոտ է մտածողություն փոխվում, ամեն ինչ շատ լավ հասկանում են:

Գյուղերի ժողովրդի մոտ պատերազմով Փաշինյանի շանտաժը չի աշխատում, դա աշխատում է քաղաքներում: Ընդ որում, գյուղն ինչքան բարձրադիր է, այնքան սթափ է նրա բնակիչների մտածողությունը»,- ասաց Դավիթ Անանյանը:
Վերջինս նկատեց՝ Փաշինյանին չի հաջողվել մարդկանց մեջ ջնջել Արցախը, հայրենասիրությունը:
«Սա մեր շփումներն են ցույց տալիս: Համընդհանուր համապատկերում Արցախի կորստի հետ մեր ժողովուրդը չի համակերպվում: Ու շատ դեպքերում մեզնից պահանջում են ասել, որ գնալու ենք, Արցախը հետ բերենք: Բացատրում ենք, որ այսօր առաջնահերթությունն արցախցիների վերադարձի իրավունքն է, նրանց այլ իրավունքների պաշտպանությունը, արժանապատիվ ապրելը: Մեր ժողովրդին նման դեպքերում միշտ ասում ենք՝ կա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակը»,- ասաց Դավիթ Անանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



