Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում կհանդիպե՞ն․ արևմտյան առաջնորդներից ո՞վ կկազմակերպի հանդիպում

Փետրվարի 14-16-ը Գերմանիայում կանցկացվի Մյունխենի անվտանգության 61-րդ միջազգային համաժողովը, որին կմասնակցեն երկրների և կառավարությունների ավելի քան 60 ղեկավարներ։ Այնտեղ՝ Մյունխենի Bayerischer Hof հյուրանոցում, համաժողովը կնախագահի Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը, իսկ բացումը կիրականացնի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Ի թիվս բազմաթիվ աշխարհաքաղաքական բնույթի հարցերի, համաժողովին գլխավորապես քննարկվելու է Ուկրաինայի պատերազմի ավարտը։ Սակայն համաժողովի կազմակերպիչները նշում են, որ MSC 2025-ը տեղի է ունենալու փոփոխությունների առանցքային պահին, երբ հունվարին պաշտոնավարումն է սկսել ԱՄՆ-ի նոր վարչակազմը, Բրյուսելում եվրոպական օրենսդիր մարմնի նոր ցիկլն է սկսվել, և համաժողովից ընդամենը մեկ շաբաթ անց Գերմանիայի խորհրդարանական ընտրություններն են սպասվում։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում կներկայացնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ծրագիր, և այդ ծրագիրը կներկայացնի Քիթ Քելլոգը։ Սակայն Newsmax-ին տված հարցազրույցում Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը պարզաբանել էր, որ մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ինքը խաղաղության ծրագիր է ներկայացնելու փետրվարի 14-16-ը Մյունխենի համաժողովում, իրականությանը չի համապատասխանում: Նա նաև ասել էր, որ հաջորդ շաբաթ պլանը չի հայտարարվի։

«Խաղաղության ծրագիրը կներկայացնի ոչ թե Քիթ Քելլոգը, այլ ԱՄՆ նախագահը։ Մենք կօգնենք նրան պատրաստվել, բայց դա տեղի չի ունենա հաջորդ շաբաթ»,- ասել էր Քելլոգը՝ հավելելով, որ նախքան ծրագրի հրապարակումը պետք է մի շարք բանակցություններ վարել։

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ համաժողովից առաջ ուշագրավ լուրեր են տարածվում. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ուրբաթ օրը Air Force One -ին տված հարցազրույցում՝ հարցին, թե քանի՞ անգամ են երկու առաջնորդները շփվել, Թրամփը պատասխանել էր, որ ավելի լավ է չասի:

«Նա (Պուտինը) ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ»,- New York Post-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

Զուգահեռաբար մեծ աղմուկ բարձրացրեց Քիթ Քելլոգի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացվեն՝ ցանկալի է այս տարի, հատկապես, եթե կողմերը զինադադարի շուրջ համաձայնության գան։ Մյունխենի համաժողովի քննարկումները խոստանում են թեժ լինել։

Մանրամասն օրակարգը կհրապարակվի համաժողովի մեկնարկից մեկ օր առաջ։ Սակայն հայտնի է, որ ԱՄՆ-ից համաժողովին կմասնակցի նոր փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ում հետ օրերս Սպիտակ տանը «ճանաչողական» բնույթի հանդիպում էր ունեցել Նիկոլ Փաշինյանը:

Սպասվում է նաև, որ կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մյունխենի համաժողովին կմասնակցեն կանցլերի պաշտոնի թեկնածուները՝ ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը, ՔԴՄ-ի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը, Կանաչների թեկնածու Ռոբերտ Հաբեկը և Քրիստիան Լինդները՝ Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունից։

Համաժողովին կմասնակցեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը, պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը և այլք։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պաշտոնապես չեն հայտնել համաժողովին իրենց մասնակցության մասին, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, թե Ալիևը, թե Փաշինյանը լինելու են Մյունխենում։

Փաշինյանն ու Ալիևը Մյունխենի Անվտանգության համաժողովի հարթակում հանդիպումների հարուստ փորձ ունեն։ Սակայն, չնայած այս հարթակում հաճախակի հանդիպումներին՝ դրանք հայաստանյան հանրությանը որևէ հայամետ հանգրվան չեն հիշեցնում։ Փաշինյան-Ալիև հանդիպումների շարքը գերմանական այս քաղաքում անցկացվող համաժողովներին սկսվեց 2020 թվականի փետրվարից, այդ ժամանակ նրանք թե առանձին հանդիպում ունեցան, թե հանրային դեբատ հակամարտության մասին․ նրանք մասնակցել էին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» խորագրով քննարկման (Conversation «An Update on Nagorno-Karabakh»), որը վարել էր ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի նախագահ ու գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։

Այդ քննարկումից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր «Մյունխենյան սկզբունքներ» խորագիրը կրող 6 կետանոց գրառումը, որոնցից հաջորդող տարիների ընթացքում ոչինչ չի մնացել։ Ավելին՝ այդ քննարկումից ու Մյունխենյան սկզբունքներից կես տարի անց Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա․․․ 2022 թվականին ևս Փաշինյանը մասնակցել էր համաժողովին։ 2023 թվականին անցկացված Մյունխենի Անվտանգության համաժողովին Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ։

Անցած տարի՝ 2024 թվականի փետրվարին, Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում էին, որտեղ հանդիպեցին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ։ Սա արդեն այն փուլն էր, երբ տապալվել էր բանակցային բրյուսելյան ձևաչափը, և Արևմուտքը փորձեր էր անում վերականգնել բանակցային արևմտյան հարթակը։ Անցած տարի Մյունխենում Փաշինյանի ունեցած շփումներից ամենանշանակալիներից մեկը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ նրա հանդիպումն էր:

Չի բացառվում, որ այս անգամ ևս Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն հենց գերմանական կողմի նախաձեռնությամբ կամ ուղիղ ձևաչափով, քանի որ ամերիկյան կողմից այս փուլում բարդ է ակնկալել նախաձեռնություններ։

Հայտնի է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսը Մյունխենում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որը կդառնա Զելենսկիի առաջին հանդիպումն ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցչի հետ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Մյունխենից առաջ Փաշինյանը քառօրյա աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում էր, իսկ այսօր մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ի դեպ, ԱԲԳ գագաթնաժողովին մասնակցում են այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսը, ԵՄ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որոնց այսօր Ելիսեյան պալատում պետական ընթրիք է մատուցվելու։

Բացի այդ, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա կատարած այցերի միջև Փաշինյանը հասցրեց հոդված հրապարակել Երևան-Բաքու հարաբերությունների ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից և հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: «Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից»,- ընդգծել է Փաշինյանը։

Չի բացառվում, որ այս ուղերձներով նա փորձում է հող նախապատրաստել Մյունխենում տեղի ունենալիք առաջիկա հնարավոր հանդիպման համար։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի կոնֆերանսը շատ հետաքրքրական է լինելու հատկապես Ուկրաինայի հակամարտության տեսանկյունից, քանի որ նոր վարչակազմն արդեն սկսել է բանակցել ռուսական կողմի հետ և ուկրաինական կողմին առաջարկներ է անելու, որոնք գուցե այդքան չգոհացնեն Զելենսկիին։ Ըստ նրա, բացասականն այն է, որ Վրաստանը չի մասնակցելու կոնֆերանսին Արևմուտքի հետ հայտնի տարաձայնությունների հետևանքով։

«Կարծում եմ՝ ինչպես վերջերս, այնպես էլ դեռևս ներկայումս, հետևաբար՝ Մյունխենի կոնֆերանսում բոլորի ուշադրությունը լինելու է ամերիկյան կողմի և Զելենսկիի ելույթի վրա։ Վստահաբար կլինեն նաև ԱՄՆ-ԵՄ ներկայացուցիչների միջև հանդիպումներ, որոնք ևս հետաքրքրական են»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Նա գտնում է, որ գուցե եվրոպական կողմը փորձի հանդիպում կազմակերպել Երևան-Բաքու ձևաչափով։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ Բրյուսելը չի զբաղվում միջնորդությամբ, գուցե այդ հարցով զբաղվեն այլ կողմեր։ Շատ հավանական է, որ դա անի ընդունող կողմը, դա ընդունված պրակտիկա է»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս