ԵԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է, ԹՇՆԱՄԻՆ ԻՆՉՈ՞Ւ Է ՋԵՐՄՈՒԿԻ ՄՈՏ, ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴՈՒՄ, ԻՇԽԱՆԱՍԱՐՈՒՄ ԱՄՐԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ․ ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆ
Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, Ադրբեջանն ինչո՞ւ է ավելացնում իր ռազմական բյուջեն, ինչո՞ւ է 40 կործանիչ ձեռք բերում Պակիստանից, ինչո՞ւ է ամրաշինություններ կառուցում ՀՀ տարածքում՝ Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ խոսելով Հայաստանի ներկա մարտահրավերների մասին։

Քաղաքական գործչի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատված չէ, կա հարաբերական անդորր։
«Խաղաղություն հաստատելու մասին հնարավոր կլիներ հայտարարել, եթե մենք ունենայինք խաղաղության պայմանագիր, եթե չունենայինք Ադրբեջանքում գերիներ, չունենայինք ադրբեջանական զորքեր ՀՀ ինքնիշխան տարածքում, տեղի չունենար ցեղասպանություն Արցախում, և այլն։ Դա կլիներ խաղաղություն։ Հիմա խաղաղություն չկա, կա հարաբերական անդորր։ Խաղաղություն հաստատելու համար տարածաշրջանում նոր անվտանգային ճարտարապետություն պետք է ձևավորվի, ուժերի նոր հավասարակշռություն, որում կողմերի ուժերը որոշակիորեն հավասարակշռվում են, և մենք ունենում ենք իսկապես մի իրավիճակ, որտեղ որևէ կողմ չի պարտադրում իր կամքն այլ կողմին։ Այժմ այդ իրավիճակը չունենք։ Մենք գնում ենք այդ ճանապարհով, փորձում ենք այդ իրավիճակը ձևավորել, բայց դա հեշտ չէ, որովհետև կարող է, ընդհակառակը, հաշվեկշիռը հակառակ ուղղությամբ շարունակի խախտվել։ Այդ իմաստով մեր ժողովուրդը կանգնած է շատ մեծ մարտահրավերի առջև՝ ինչպես ապահովել իր ֆիզիկական անվտանգությունը մի տարածաշրջանում, որտեղ ագրեսիվ խաղացողներ կան, այդ խաղացողների միջև կա շահերի շատ ընդգծված բախում», – մեկնաբանեց Ավետիք Չալաբյանը։
«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորումը չի ընդունում գործող իշխանությունների այն մոտեցումը, թե ուժերի հավասարակշռությունը հնարավոր չէ վերականգնել, և անվտանգությունն ապահովելու միակ ճանապարհը Թուրքիայի և Ադրբեջանի պարտադրանքին ենթարկվելը և բոլոր պահանջները կատարելն է։
«Մենք չենք հավատում այդ տարբերակին, չենք կարծում, որ թուրք-ադրբեջանական տանդեմին կարելի է սիրաշահել կամ խաբել։ Նրանց նպատակները, որպես կանոն, հեռահար են, նրանց ռազմավարությունը տասնամյակներով է մշակվում, նրանց մոտ իշխանությունը, ի տարբերություն Հայաստանի, տասնամյակներով է հաստատվում։ Տեսեք՝ քանի տասնամյակ է՝ արդեն Ալիևները կառավարում են Ադրբեջանում, և քանի տասնամյակ է՝ Էրդողանը կառավարում է Թուրքիայում»,– նշեց «ՀայաՔվե»-ի համակարգողը՝ ընդգծելով, որ ծիծաղելի է համարում այն պնդումները, որ ժողովրդավարությունն ավելի արդյունավետ է պետության անվտանգության տեսանկյունից։
Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ ծայրահեղ ոչ ժողովրդավարական երկրներ են․ «Բավական է նայել «Freedom House»-ի գնահատականները, որոնք Ադրբեջանը գնահատում են ծայրահեղ ավտորիտար երկիր, Թուրքիան գնահատում են մասնակիորեն անազատ երկիր, և այս երկրների համար ժողովրդավարությունն արժեք չէ։ Թուրքիայում մի քանի տասնյակ քաղաքապետներ այսօր ձերբակալված են, Թուրքիան այդ իմաստով օրինակ է տալիս Հայաստանում գործող վարչախմբին, Հայաստանում գործող վարչախումբն էլ քանի որ կարդում է Թուրքիայի ավտորիտար ղեկավարի գրած գրքերը, փորձում է նույն փորձն այստեղ կիրառել․ ինչպես տեսանք՝ հանրապետության երկրորդ խոշորագույն քաղաքի քաղաքապետը ձերբակալվեց»։
Ավետիք Չալաբյանը մտավախություն ունի, որ այս պայմաններում Հայաստանը կարող է իսպառ վատնել իր համեստ ժողովրդավարական նվաճումները և ներկա ավտորիտար վարչակարգի վիճակից հետ գլորվել դեպի ավելի վատ համակարգ՝ ամբողջատիրություն, որն ավտորիտարիզմից տարբերվում է նրանով, որ ամբողջատիրական պետությունում ընդհանրապես խոսքի որևէ ազատություն չկա, հավաքների ազատություն չկա, իշխանության բոլոր մարմիններն անվերապահորեն ենթարկվում են բռնապետի կամքին։
Քաղաքական գործիչը կարծում է, որ Հայաստանի պարագայում այդ՝ ամենամեծ մարտահրավերը կարելի է հաղթահարել ազգի ու ազգային ուժերի համախմբման և համապարփակ անվտանգության համակարգի (ՀԱՀ) ստեղծման և ներդրման միջոցով, որը հնարավորություն է տալիս դիմագրավելու թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին։
«Դրան նաև գումարվում է, բնականաբար, արտաքին բաղադրիչը, որովհետև միայն ներքին ռեսուրսներով, ունենալով ընդամենը 3 մլն բնակչություն և 25 մլրդ դոլար ՀՆԱ՝ չես կարող դիմագրավել 90 մլն բնակչություն ունեցող թշնամու։ Հետևաբար, պետք է ունենաս նաև բարեկամներ, որոնք պատրաստ են քեզ այդ գործում աջակցել, ոչ թե կռվել քեզ հետ միասին, այլ ուժերի հավասարակշռություն հաստատել, որպեսզի թշնամին չհավակնի քո երկրի տարածքի նկատմամբ ագրեսիաների»,– հավելեց «Ռեվյու»-ի զրուցակիցը։

Այս համատեքստում Ավետիք Չալաբյանը պաշտպանական ծախսերը և ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու որոշումը գնահատում է որպես գործող վարչակարգի կողմից Հայաստանի պաշտպանությունը կազմալուծելու և Հայաստանը թշնամիների առաջ զինաթափելու պատվեր։
«Պատվեր են կատարում ուղղակի, որովհետև եթե, ինչպես իրենք են ասում՝ խաղաղություն է հաստատվել, ռազմական բյուջեն կրճատում ենք, այդ դեպքում Ադրբեջանն ինչո՞ւ է ավելացնում, ինչո՞ւ է Պակիստանից 40 կործանիչ ձեռք բերում, կարո՞ղ եք բացատրել։ Ադրբեջանն ինչո՞ւ է շարունակում ՀՀ տարածքում՝ Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա, ամրաշինություններ կառուցել։ Ոչ թե զորքը պահել, այլ ժամանակակից ամրաշինություններ է կառուցել։ Թող այս վարչախումբը՝ իր պաշտպանության նախարարով, վարչապետով և այլն, բացատրի՝ եթե խաղաղություն է հաստատվել, թշնամին ինչո՞ւ է Ջերմուկի մոտակայքում ամրաշինություններ կառուցում, ինչո՞ւ է ամրաշինություններ կառուցում Ներքին Հանդում, Իշխանասարում և այլն։ Ոչ մի տրամաբանություն չկա։
Ես ծայրահեղ բացասաբար եմ վերաբերվում նրան, որ մենք կրճատում ենք ռազմական բյուջեն, կրճատում ենք բանակի թվաքանակը։ Դրանք բոլորը տանում են Հայաստանի անվտանգության համակարգի հետագա խարխլման, տանում են նրան, որ Հայաստանի անվտանգության համակարգը դառնում է ավելի խոցելի հնարավոր ագրեսիայի առաջ, և ես չեմ բացառում, որ այս իշխանությունը, ինչպես ժամանակին բացեց Արցախի դռներն Ադրբեջանի առաջ, այնպես էլ հիմա բացում է Հայաստանի Հանրապետության դռները հնարավոր ագրեսիայի առաջ։
Պարզապես տեղի չի ունենա ընտրություններից առաջ, որովհետև ընտրություններից առաջ թշնամիները, բնականաբար, պետք է «ֆորա» տան այս իշխանությանը, որ հասցնի վերարտադրվել։ Իհարկե, չի հասցնի։ Բայց վերարտադրության դեպքում ես պրակտիկորեն համոզված եմ, որ մեր թշնամիները պատրվակներ են գտնելու՝ նոր ռազմական գործողություններ Հայաստանի դեմ ծավալելու և օգտվելու այն հանգամանքից, որ այս վարչախումբը մեզ անպաշտպան է թողել»,– հայտարարեց Ավետիք Չալաբյանը։
Այս իրավիճակում «ՀայաՔվե»-ի գլխավոր խնդիրը թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմի և նրանց տեղական կամակատարների նկրտումներին դիմադրելն է։
«Պատահական չէ, որ մեր խորհրդանիշն Արարատն է, որովհետև մենք անկեղծորեն հավատում ենք, որ Արարատն է մեր սկզբնաղբյուրը։ Բնականաբար, մենք խաղաղ ճանապարհով, սահմանադրական ճանապարհով, հարգելով մեր երկրի օրենքները՝ շարունակում ենք մեր խաղաղ, բայց վճռական դիմադրությունը թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին։ Ես նաև ուրախ եմ արձանագրել, որ այդ դիմադրության շրջանակն աճում է։ Հիմա նոր ուժեր են ավելանում, որոնք նախկինում դուրս էին դիմադրությունից։ Հիմա իրենք էլ են սկսում դրա մեջ մտնել՝ հասկանալով, որ, ի վերջո, այս վարչախումբը և իր տերերն այլընտրանք չեն թողնում, և միայն դիմադրության ճանապարհով է, որ հնարավոր է փրկել Հայաստանի Հանրապետությունը վերջնական կործանումից։ Ի դեպ, սա էլ փոխաբերություն կամ ինչ-որ վերացական գնահատական չէ։ Արդեն հայտարարվել է այդ մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լուծարվի, դրա փոխարեն պետք է լինի ինչ-որ միֆական «չորրորդ հանրապետություն»»,– հավելեց Ավետիք Չալաբյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել Պակիստանի հետ՝ 40 միավոր JF-17 «Thunder» Block ժամանակակից կործանիչներ ձեռք բերելու նպատակով։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 4.2 մլրդ ԱՄՆ դոլար: JF-17-ը Չինաստանի և Պակիստանի համատեղ արտադրանքն է: Այն չորրորդ սերնդի թեթև, բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռ է, որը նախատեսված է ժամանակակից օդային պատերազմի պահանջները բավարարելու համար:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

