«72 ժամում Փաշինյանի համար անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել»․ Էդգար Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու որոշման հիմքում 2 հիմնական գործոն կա։

«Առաջինը նրա ներկայիս կարգավիճակն է՝ որպես ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի միասնական թեկնածու։ Իմպիչմենտի նախաձեռնությունը մոտեցել է իրավական գործընթաց հաղորդելու, այսինքն՝ ցանկացած պահի ԱԺ-ում քննարկման հասցնելու փուլին, ինչը վտանգ է ներկայացնում, որովհետև եթե հարցը մտնի ԱԺ, դրա քննարկման համար 72 ժամ է տվելու, իսկ այդ 72 ժամվա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ Նիկոլ Փաշինյանի համար։ Հիմա, ոչ ոք չի հավաստիացնում, որ ՔՊ-ից պատգամավորներ կարող են միանալ այդ նախաձեռնությանը, բայց ոչ ոք չի էլ բացառում, որ ինչ-որ պահի 18-ը կարող են միանալ, իսկ 69 պատգամավորի մեջ 18-ը մեծ ցուցանիշ չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ ՔՊ-ի ներսում բոլոր հարցերում համերաշխություն և միասնականություն չի նկատվում։

«Օրինակ՝ կիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին, որը կեղծ պատարագի անվան տակ կազմակերպել էր, ԱԺ-ի ՔՊ խմբակցությունից մոտ 3-4 պատգամավոր կար ընդամենը։ Պարզ է, չէ՞, որ հանրահավաք էր դա։ Վարչապետը հանրահավաք է կազմակերպում, և անգամ ՔՊ խմբակցության պատգամավորները չեն մասնակցում։ Դա նշանակում է, որ ՔՊ ներսում էլ միասնություն չկա, ինչը Փաշինյանը շատ լավ զգում է, և այդ զգացողություններն են, որ վտանգ է տեսնում Դավիթ Համբարձումյանի ներկա կարգավիճակի մեջ։

Կարդացեք նաև

Մյուս պատճառն էլ Դավիթ Համբարձումյանի՝ ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավարի կարգավիճակն է, որը չի կիսում Փաշինյանի հայացքները։ Այսինքն՝ ոչ ՔՊ-ական, ավելին, ՔՊ-ին հաղթած համայնքի ղեկավար է։

Իսկ թե 2026թ․ ընտրություններին ընդառաջ ինչ մոտեցում կա ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ, մենք դա արդեն տեսանք վերջին օրերին։ 2025թ․ երկու ընտրություն է եղել՝ մեկը՝ Գյումրիում, մյուսը՝ Փարաքարում, երկուսում էլ ՔՊ-ն մասնակցել է ողջ ռեսուրսով, երկուսում էլ պարտվել է, հետևանքը եղել է այն, որ ընտրված համայնքի ղեկավարներից մեկը գնդակահարվել է, մյուսը հայտնվել է բանտում։

Այս շարքի մեջ համայնքի այն ղեկավարները, որոնք սկզբունքային ընդդիմադիր կեցվածք ենք ընդունում, նրանց նկատմամբ ցուցաբերվում է նման մոտեցում,  այսինքն՝ սպասվող ընտրություններից առաջ լիկվիդացվում են հասարակության մեջ հեղինակություն վայելող, կշիռ ներկայացնող և հետագա ընտրական գործընթացների վրա ենթադրյալ քաղաքական ազդեցություն ունեցող գործիչները, որոնց թվում է նաև Դավիթ Համբարձումյանը»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս