ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՍՈՒՄ Է՝ «ՍՐԱՆՑ ԿԲՌՆԵՔ, ՈՒ ՎԵՐՋ»․ ԱԱԾ-Ն Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ. ՎԵՐԱԾՎԵԼ Է ՆԵՐՔԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ․ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հայաստանը մի տարածք է, որտեղ շատ երկրների հատուկ ծառայությունների համար աշխատանքային ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծված։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց Անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ, Զինված ուժերի պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեության մասին մամուլում հրապարակված տեղեկություններին։

«Այս համատարած «բարդակը» որ կա մեր երկրում, սա ընդամենը տարածք է, ոչ պետություն, ցանկացած պետության հատուկ ծառայությունները, մեր տարածքում անօրինական գործունեություն իրականացնելիս, նախ պետք է պարտադիր զգան իրենց թիկունքում մեր կառույցի աշխատակիցների շունչը։ Բայց եթե այդ կառույցն իր գործառույթը չի կատարում, հետևաբար՝ սա ընդամենը տարածք է, պետական ինստիտուտներն այդ առումով իրենց գործառույթները չեն իրականացնում, և ցանկացած երկրի հատուկ ծառայություն կարող է այստեղ գործունեություն իրականացնել, այդ թվում՝ հավաքագրման իմաստով։ Ասենք, Հայաստան են գալիս Իրանի շատ քաղաքացիներ՝ բիզնես հարցերով, տուրիստներ և այլն։ Նրանց հետ, բնականաբար, մեզ մոտ կաշխատեն նաև «Մոսադ»-ի համապատասխան հավաքագրող աշխատակիցները, որոնք ոչ թե Իսրայելից են գալիս, այլ գալիս են տարբեր երկրներից՝ այլ երկրների անձնագրերով»,– մեկնաբանեց Հայկ Նահապետյանը։

Հիշեցնենք, որ ըստ իրանական լրատվամիջոցների՝ սեպտեմբերի 29-ին Իրանում մահապատժի էր ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսություն իրականացնելու համար մեղավոր ճանաչված մի քաղաքացի, որը ներկայացվում էր որպես Իսրայելի Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչության՝ «Մոսադ»-ի ամենակարևոր լրտեսներից մեկն Իրանում։

Կարդացեք նաև

Ըստ իրանական «Միզան» լրատվական գործակալության՝ Բահրամ Չուբի Ասլը ծրագրավորող է եղել՝ մասնագիտացած տվյալների բազայի համակարգերի ոլորտում, որը հասանելիություն է ստացել Իրանի զգայուն և հեռահաղորդակցության նախագծերի գիտելիքահեն մի ընկերությունում իր ներկայության շնորհիվ։ Բայց էլ ավելի ուշագրավ է նրա հավաքագրման պատմությունը։ Նշվում է, որ Պարսից ծոցի երկրներից մեկում անցկացված տեխնիկական վերապատրաստման դասընթացի ժամանակ նրան նկատել են «Մոսադ»-ի գործակալները։ Շուտով «Մոսադ»-ի սպան ESMI կոչվող ընկերության քողարկման տակ հեռախոսով կապվել է իրանցու հետ՝ առաջարկելով նրան համագործակցել տվյալների բազայի նախագծերի շուրջ։

«Ավելի ուշ, տեխնիկական բանակցություններ վարելու և համագործակցության պայմաններն անձամբ քննարկելու պատրվակով նրան խնդրել են մեկնել Հայաստան»,- գրում է իրանական լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Բահրամ Չուբի Ասլը անձամբ հանդիպել է «Մոսադ»-ի աշխատակիցների հետ ԱՄԷ-ում, Հայաստանում, Հնդկաստանում, Թաիլանդում, Վիետնամում, Իռլանդիայում և Բուլղարիայում։ Իսրայելի օգտին «կանխամտածված և գիտակցված լրտեսության» մեղադրանքով մահվան դատապարտված Բահրամ Չուբի Ասլը մահապատժի է ենթարկվել սեպտեմբերի 29-ին կախաղանի միջոցով։

Այս համատեքստում պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ընդգծում է՝ ուժային կառույցները, այդ թվում՝ ԱԱԾ-ն, իրենց բուն գործառույթները թողած, ծառայում են հիմնականում մեկ նպատակի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելուն։

«Որևէ մեկն ինձ կարո՞ղ է բացատրել՝ Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն ի՞նչ գործ ունի Մայր Աթոռի վեհարանում, երբ փորձում էին բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այն էլ՝ զինված։ Հիմա որևիցե մեկը կարո՞ղ է բացատրել՝ ԱԱԾ-ի գործառույթի մեջ նման բան մտնո՞ւմ է։ Վստահաբար, օրենքով՝ ոչ։ Այդ դեպքում ի՞նչ գործ ունեին այնտեղ։ Այսինքն՝ սա ցանկություն է, որովհետև ինքը վերցնում է հեռախոսը կամ ասում է «Ինձ կապի հանեք»։ Ասում է «Մարդ կուղարկես, սրանց կբռնեք, ու վերջ», և անջատում է… Այս մարդու համար գոյություն չունի օրենք, սահմանադրություն, իրավական ակտ, հրաման», – նշեց Նահապետյանը։

Ռազմական փորձագետը նաև շեշտեց՝ 44-օրյա պատերազմում պարտության իրական պատճառները համապարփակ և համալիր ուսումնասիրելու դեպքում պարզվելու է՝ որքան արդյունավետ են աշխատել Ադրբեջանի և Թուրքիայի հետախուզությունները մինչև 2020 թվականը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։

«Մի քանի կարևորագույն վարչություններ ԱԱԾ-ի ղեկավարի տնօրինությունից հանվեցին և դրվեցին Ձեր նշած անձի ենթակայության ներքո։ Հիմա ի՞նչ եք կարծում՝ այդ կառույցն առավել արդյունավե՞տ է գործում։ Իհարկե, ոչ։ Ակնհայտ է, որ դարձել է ներքին ոստիկանություն, որը ոստիկանական գործառույթներ է իրականացնում՝ մարդկանց բռնել, գաղտնալսել, տեսագրել, վախեցնել։ ԱԱԾ-ի հիմնական խնդիրը սկզբունքորեն դուրսն է։ Ստեղծել են Արտաքին հետախուզության ծառայություն, որի ղեկավարն այդ կառույցի հետ կապ ունի այնքանով, որքանով երկինքը՝ երկրի հետ»,- մեկնաբանեց Հայկ Նահապետյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է «մարտունակ բանակ» հասկացությունը փոխենք «պաշտպանունակ բանակ»-ով, ռազմական փորձագետը նշեց, որ դա աբսուրդի ժանրից է, քանի որ «մարտունակ բանակ» հասկացությունը Զինված ուժերում ունի հստակ չափորոշիչներ՝ ի տարբերություն «պաշտպանունակ բանակ»-ի։

«Ի՞նչ չափորոշիչներ ունի Փաշինյանի նշած այդ նոր բառը՝ պաշտպանության հետ կապված։ Մարտունակության հստակ չափորոշիչներ կան, ըստ որի՝ Գլխավոր շտաբի համապատասխան հանձնաժողովները կամ՝ նախագահին կից մի ժամանակ կար ծառայություն, որը ևս, բանակի համապատասխան վերահսկողական ծառայությանը զուգահեռ, բայց՝ ոչ նրա ենթակայությամբ, ստուգում էին բանակի ստորաբաժանումների մարտունակությունը, և գնահատումներն ըստ չափորոշիչների էին։ Հստակ էր դա։ Ընդ որում, այդ չափորոշիչները ամրագրված էին և՛ իրավական ակտերով, և՛ հրամաններով, և՛ կարգադրություններով։ Հիմա այն բառը, որը շրջանառության մեջ է մտցնում Ձեր նշած անձը, ունի՞ չափորոշիչներ։ Իհարկե ոչ։ Ընդամենը բառ է։ Այդ դեպքում իմաստը ո՞րն է ասելու։

Իմաստը մեկն է՝ հերթական մեսիջը հղել Ադրբեջանին և Թուրքիային, որ Հայաստանի բանակը երբեք նման խնդիր չի կատարի։ Սա, մյուս կողմից էլ, աբսուրդի դաշտից է, որովհետև տեսականորեն պատկերացրեք մի պետություն, որը հարձակվում է քո երկրի վրա և տարածքներ է գրավում, և Գլխավոր շտաբի համապատասխան զինվորական մասնագետները որոշում են հակառակորդին երկրի տարածքից դուրս շպրտելու համար ագրեսիա իրականացրած պետության դեմ այլ կողմից նախահարձակ գործողություններ իրականացնել, որը հարձակողական է։ Ի՞նչ է, ստացվում է, որ նման բան չենք կարո՞ղ անել», – մեկնաբանում է պաշտոնաթող զինվորականը։

Գնդապետը հիշեցնում է՝ վերջիվերջո, ռազմագիտության մեջ մարտի երեք տեսակ կա՝ պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական։

«Հիմա մյուս երկուսը՝ հարձակողականն ու հակահարձակողականը, Փաշինյանի օրակարգից դո՞ւրս են։ Կրկնում եմ՝ դա աբսուրդի դաշտից է՝ ինչպես 44-օրյա պատերազմի առաջին օրերին, երբ հաղթելու իր յուրօրինակ և տխմարությանը շատ մոտ բանաձևն էր տալիս մի քանի կետերով, վերջում էլ ասում էր, որ «հաղթելու ենք»։ Կամ ժողովրդին կոչով դիմելուց ասում էր «Վերցրեք սաղավարտներն ու զրահաբաճկոնները, կազմեք ջոկատներ, գնացեք զինկոմիսարիատներ, և այդպես շարունակ։ Մեծ հաշվով՝ ես այս ամենը գնահատում եմ որպես ողբերգություն, որովհետև մեր հարևան պետությունների համապատասխան մասնագետները տեսնում են այս ամենը և ասում են՝ հայ ժողովուրդը հանդուրժում է այսպիսի մեկին, որը նման ցնդաբանություններ է դուրս տալիս և դեռևս իշխանություն է։ Մարդ, որը երկիրը սահուն, հաստատակամ կերպով տանում է կորուստների՝ Արցախի կորուստ, Մեղրիի համապատասխան տարածքների կորուստ՝ վերահսկողությունը այլոց հանձնելով, որն իրականում միջանցք է, ոչ մի ճանապարհ էլ չկա»։

Խոսելով Ադրբեջանից բխող սպառնալիքների մասին՝ Հայկ Նահապետյանը շեշտեց, որ Ադրբեջանն ակնհայտորեն մեծ պատերազմի է պատրաստվում, որը կարող է ուղղված լինել՝ ինչպես Իրանի, այնպես էլ՝ Հայաստանի դեմ։

Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Բաքվի բռնապետը փորձում է Սեֆյան Պարսկաստանի (1501-1722 թթ․) տարածքային սահմաններն ընդգրկող կայսրություն ստեղծել։

«Այն պրոյեկտը, որի մեջ, փաստորեն, Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի առաջ լուրջ խնդիր է դրած՝ Իրանը մասնատելու, «Արևմտյան Ադրբեջան»։ Այստեղ խաղաղությունից են խոսում, մինչդեռ երեկ այս «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության ղեկավարի մտքերը կարդացի։ Ասում է «Այս պետությունը՝ Հայաստանը, ընդհանրապես պիտի գոյություն չունենա»։ Ասում է, թե իբր սա «իրենց տարածքն է եղել»։ Իսկ «իրենց տարածքը» ե՞րբ է եղել՝ Սեֆյանների ժամանակ։ Այնպես որ, Ադրբեջանն այսօր հավակնում է Սեֆյանների ժառանգությանը։ Ավելին ասեմ՝ նա ունի պատվիրատու, այնպես չէ, որ դա Ադրբեջանի նախագահի ցանկություններն են»:

Այս համատեքստում ռազմական փորձագետը խոսեց նաև Հյուսիսային Իրանի Ատրպատական նահանգից իր անվանումը վերցրած և այժմ «Ադրբեջանի Հանրապետություն» կոչվող արհեստածին միավորման մասնատման հնարավորությունների մասին՝ նկատի ունենալով Արցախի հարցը, թալիշների ազատագրական ձգտումները և այլն։

«Եթե Ադրբեջանի նախագահը, այնուամենայնիվ, գնա այն արկածախնդրությանը, որ «մեգապրոյեկտներ» են ուզում անել։ Այդ «մեգապրոյեկտի» հիվանդությունը ոչ միայն Ալիևին է պատել։ «Մեծ Թուրանի» հիվանդությունը պատել է նաև Էրդողանին։ «Մեգապրոյեկտի»՝ Ռեչ Պոսպոլիտայի հիվանդությունը պատել է նաև լեհերին, նաև Ուկրաինային, նաև Միացյալ Նահանգներին՝ որպես աշխարհի միակ գերտերության։

Հիմա այս «մեգապրոյեկտները» գոնե մեր տարածաշրջանում ձախողվելու են՝ ես առավել քան համոզված եմ, որովհետև Ադրբեջանի այդ քայլերն ուղղակի երկու կողմից ոչ միայն խոչընդոտի և լուրջ հակազդեցության կարժանանան, այլ ուղղակի հարվածի, առաջինը՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, երկրորդը՝ Ռուսաստանի Դաշնություն։ Բայց որ Ադրեջանի ներկայիս ղեկավարության քաղաքականությունը բերի նրան, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, դառնա գործիք Իրանի դեմ ռազմական գործողությունների, Ադրբեջանի վիճակագրական վարչության կողմից մի քանի հարյուր հազար ներկայացվող, բայց իրականում 1,5-2 միլիոն թալիշները՝ մերձկասպյան շրջանի և իրանական բարձրավանդակի ժողովուրդը, վստահաբար կհիշեն, թե իրենց արմատներն ու ակունքները որտեղ են, և որտեղ է եղել Մազանդարանը, որովհետև նրանց ժառանգներն են։

Հայերն էլ կհիշեն՝ Արցախում 1-ին դարի քարոզիչ Դադիի գերեզմանն է, որի վրա Դադիվանքն է կառուցվել։ Եթե լավ հիշենք և համապատասխան իրավիճակ լինի, Հայաստանի իշխանությունների ճիշտ քաղաքականության արդյունքում մենք կդառնանք այս տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու այն շահառուներից մեկը, որտեղ այն, ինչ որ պատմական և իրավական առումով մերն է, կվերադառնա մեզ։ Բայց դրա համար պետք է կամք, կազմակերպվածություն և ճիշտ դաշնակիցների ընտրություն»,- կարծում է Հայկ Նահապետյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս