«Սրտիկներ»՝ բռունցքին ի պատասխան. Փաշինյանի արյունոտ սիմվոլիզմը
Հարցը՝ ի վերջո, դեռ որքա՞ն են շարունակվելու ձեռքերով «սրտիկներ» ցուցադրելու՝ Նիկոլ Փաշինյանի առավոտյան սեանսները, որն առաջին հայացքից թվում է հռետորական, կարող է ունենալ կոնկրետ, թվային արտահայտությամբ պատասխան՝ 4000-5000 անգամ: Այնքան, որքան Արցախյան 44-օրյա ողբերգական պատերազմում նվազագույն հաշվարկով կազմել են հայկական կողմի զոհերը:
Ահա այդքան սիրտ դադարել է բաբախել Նիկոլ Փաշինյանի հանցավոր անգործության և/կամ կանխամտածված գործողությունների պատճառով: Ամեն օր ցուցադրվող «սրտիկները» նաև, իսկ գուցե՝ հենց այդ սրտերի մասին հիշեցումներ են:
Այս զուգահեռը սատանայական է թվում այնքան, որքան գրեթե ամեն առավոտ պետության ղեկավարի կարգավիճակին անպատշաճ այդ ցուցադրությանն ուղեկցող ժպիտը: Փաշինյանի մատների միջոցով ցուցադրվող սիմվոլիզմը, սակայն, այդքանով չի սահմանափակվում:
Պատերազմում հայկական կողմի ողբերգական պարտությունն ու հազարավոր զոհերն ուղեկցվել են մինչև վերջերս Ալիևի կողմից թափահարվող բռունցքի ցուցադրությամբ: Մեկի ձեռքը բռունցք է ցույց տվել/ցույց տալիս՝ սատանայաբար հիշեցնելով մեր զոհերին, մյուսի ձեռքերը նույնպիսի ժպիտով ամեն օր ցույց են տալիս այդ զոհերի բաբախած սրտերը՝ հասկացնելով, որ դա կարող է կրկնվել մի քանի հազար անգամ: Այսինքն՝ մի քանի հազար օր: Այսինքն՝ 10, 15 տարի:
Բոլոր նրանք, ովքեր անիրական են համարում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է այդքան երկար պահպանել իշխանությունը, չեն հասկանում իրենց իսկ գնահատականների իմաստը՝ Հայաստանում ավտորիտարիզմի հաստատման մասին: Իսկ Փաշինյանը զբաղված է հենց դրանով: Ընթացիկ ռեժիմում լուծելով այս փուլում իշխանության վերարտադրման հարցը, հեռանկարային իմաստով նա զբաղված է նույն իշխանության հավերժացմամբ: Եվ դա նրա պատասխանն է հայ ժողովրդին՝ իրեն իսկ հանդուրժելու համար: Դա ոչ թե շնորհակալության պատասխան է, այլ վրեժ:
Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ, եթե իր կողմից պետությանն ու հասարակությանը պատճառված բոլոր արհավիրքներից հետո մարդիկ դեռ հանդուրժում են իրեն, ուրեմն արժանի են բազմապատիկ ավելի դաժան պատժի՝ իր իսկ իշխանության հավերժացման տեսքով: Ընդ որում, նա այդ մասին մի քանի անգամ հայտարարել է ուղիղ՝ հեգնելով՝ «չէիք ուզում՝ հեղափոխություն անեիք…»:
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո, թաքնվելով բոլոր հնարավոր նկուղներում, դրանցից մեկում նկարահանված ուղերձում Նիկոլ Փաշինյանն այլայլված հայտարարում էր՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»: Անցած տարիների ընթացքում նա ամեն ինչ արեց ու շարունակում է անել քաղաքացիներից վրեժ լուծելու համար:
Հարություն Ավետիսյան

