Խաղաղության պայմանագրի ստորագրման ադրբեջանական պլանները
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցում նշել է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար չկա ֆիքսված ամիս, ամսաթիվ, վայր: Եվ այս համատեքստում նա հերթական անգամ շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը:
Սրան զուգահեռ՝ Ադրբեջանում սկսել են գեներացնել միտքը, որ այն հնարավոր է ստորագրվի արդեն 2026թ. ՀՀ-ում սպասվելիք ԱԺ ընտրություններից հետո:
Մասնավորապես, minval.az-ի հետ զրույցում ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն նկատել է՝ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագիրը ստորագրվի արդեն հաջորդ տարի, որի համար ներքաղաքական որոշակի պայմաններ պիտի լինեն:
«Առաջին, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պետք է հաղթի 2026թ. հունիսին անցկացվելիք ԱԺ ընտրություններում: Երկրորդ, հաղթանակից հետո ՀՀ վարչապետը պետք է փոխի երկրի սահմանադրությունը, որից հետո իրավական խոչընդոտ չի լինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»,- մանրամասնել է նա՝ ընդգծելով, որ ՀՀ սահմանադրությունը փոխելու հարցում Ադրբեջանը հետ չի կանգնելու իր դիրքորոշումից՝ «առանց դրա լիարժեք խաղաղության պայմանագրի մասին խոսելը դժվար է»:
Էլխան Շահինօղլուի կարծիքով, եթե Փաշինյանը որոշի արագացնել այս պրոցեսը և խաղաղության համաձայնագիրը ստորագրել 2025թ. տարեվերջին, ապա Հայաստանում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:
«Եթե ընտրություններում Նիկոլ Փաշինյանը պարտվի ռադիկալ ուժերին կամ ներքաղաքական սադրանքների արդյունքում տեղի ունենա իշխանափոխություն, նոր կառավարությունը կարող է հրաժարվել սահմանադրական փոփոխություններից, և այդ դեպքում խաղաղության պայմանագիրը կհայտնվի վտանգի տակ»,- շարունակել է նա՝ հավելելով, որ խաղաղության հաստատման պրոցեսը կախված է ոչ միայն երկու երկրների դիվանագիտական պատրաստակամությունից, այլ նաև Հայաստանի ներքաղաքական կայունությունից:
«Միայն Փաշինյանի քաղաքական կայունության և հետևողական քայլերի դեպքում կարող է իրական հնարավորություն լինել՝ վերջակետ դնելու երկարատև հակամարտությանը»,- շեշտել է ադրբեջանցի քաղաքագետը:
Եվ այս համատեքստում Շահինօղլուն կարևորել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումը, ինչպես նաև՝ սահմանին հրադադարի պահպանումն ու հանգիստ իրավիճակը:
Այսինքն, Ադրբեջանը փորձում է այսկերպ աջակցել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա հանգիստ կարողանա հանրությանը «վաճառել» Ադրբեջանի տարածքով Հայաստան «ղազախական ցորենի» և այլ ապրանքների մատակարարումը, և, որ Փաշինյանը կարողանա պարծենալ՝ 1 տարի 8 ամիս է՝ սահմանին զինվոր չի զոհվել:
Հիշեցնենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի նախագահ Ալիևը որոշ փակագծեր էր բացել.
«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»:
Այլ հարց է, որ պատերազմից առաջ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում (որն այդպես էլ ամբողջապես չի հրապարակվել և 44-օրյային առնչվող քննիչ հանձնաժողովում քննության չի դրվել), Փաշինյանն էլ հայտարարել էր, որ այդ Իլհամ Ալիևն է իրեն նմանօրինակ խնդրանքով դիմել:
«Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով, և այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը: Եթե հիշում եք, այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, և գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում: Եվ էնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով, դրանից առաջ էլ, ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին և փորձում, այսպես ասած, խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ և որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Եվ Իլհամ Ալիևի շահագրգռվածությունը, որ էնտեղ ինչ-որ համաձայնություն կայանա, մի բանի վերաբերյալ էր. ինքը ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ էդ ելույթներից ձեռնպահ մնամ: Ինչո՞ւ:
Շատ պարզ պատճառով, որ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, ամբողջ աշխարհը, առավել ևս՝ տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը, ոգևորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում էր, որ այս ալիքը հես ա շուտով կհասնի Ադրբեջան: Եվ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթները իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում:
Եվ Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով մի թղթի վրա, բլոկնոտի վրա, և մենք էդ կետերը քննարկել ենք և արձանագրել ենք, որ մենք էկանք համաձայնության: Ես գո՞հ եմ, որ էդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, թե՞ ոչ: Այո: Որովհետև նախ Ադրբեջանի ներքին հարցերը ամենևին էլ իմ օրակարգի հարցերը չեն: Եվ երկրորդը, դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, և ես դրա համար գոհ եմ»,- նշվում է 2020թ. սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի երկրորդ օրը, Փաշինյանի հրապարակված հատվածում:
Նշենք, որ 44-օրյայից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Փաշինյանն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել էր, որ տիրապետում է կոնֆիդենցիալ ինֆորմացիաների, որի հրապարակումն Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կապակայունացնի: Թե կոնկրետ ինչ տեղեկությունների մասին է խոսքը, այդպես էլ Փաշինյանը չգաղտնազերծեց, չնայած Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի ներքաղաքական հարցերին միջամտելու փորձերին, պահանջներ և նախապայմաններ առաջ քաշելուն: Ինչու Նիկոլ Փաշինյանը չցանկացավ «թուլացնել» Ալիևի իշխանությունն այս առումով, կարելի է միայն ենթադրել:
Վերադառնանք ԱԺ ընտրությունների թեմային, և հավելենք, որ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ գնում են հերթական ընտրությունների, արտահերթի կարիք չկա, բայցև չի բացառել արտահերթ ընտրությունների անհրաժեշտության առաջացման հանգամանքը:
«Կարող է այնպիսի աշխարհացունց իրավիճակ լինի, ու դրանից ապահովագրված չէ որևէ երկիր, բայց մենք գնում ենք հունիսին կայանալիք հերթական ընտրություններին»,- ընդգծել է նա:
Իսկ ադրբեջանական caliber.az-ին տված հարցազրույցում ալիևյան ռեժիմի քարոզչամեքենայի վստահելի ներկայացուցիչ քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, ով վերջերս Երևան այցելած Բաքվի «քաղհասարակությունը» ներկայացնող խմբի մեջ էր, խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի առնչությամբ, կարելի է ասել, նույն կանխատեսումներն է արել, ինչ ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն՝ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը տեղի կունենա Հայաստանում հաջորդ տարի կայանալիք ԱԺ ընտրություններից հետո:

«Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության հաղթանակի դեպքում մենք ունենում ենք Հայաստան մի վարչապետով, որն իշխանության է լինելու 5 տարի, ավելին, ՀՀ օրենքներով վարչապետի կառավարման առաջին տարում չի կարող նրա անվստահության հարցը բարձրացվել: Այսինքն, եթե քաղաքական ուժը հաղթել է ընտրություններում, վարչապետի նրանց թեկնածուն է դարձել երկրի ղեկավար, առնվազն այդ մեկ տարում կարող են անել, ինչ ուզում են: Եվ հենց այս ժամանակահատվածն է մեզ հնարավորություն տալու ընդլայնել և խորացնել խաղաղության օրակարգը»,- մանրամասնել է Մամեդովը՝ ակնարկելով, որ Ռուսաստանը փորձելու է հումանիտար տարբեր ծրագրերով և ՌԴ-ի հետ առնչվող անձանց, քաղաքական շարժումների և նախաձեռնությունների միջոցով ազդել ընտրություններին չգնացող, չկողմնորոշված զանգվածի վրա, այդ թվում՝ գումար բաժանելով:
Նշենք, որ ՀՀ սահմանադրության հոդված 115-ը սահմանում է. «Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո»:
Ադրբեջանական կողմից մեկ անգամ չէ, որ վերջին շրջանում մտահոգություններ են հնչում, թե Հայաստանի հետ խաղաղության օրակարգ է ձևավորվում, բայց այն համաձայնեցված է ՀՀ գործող կառավարության հետ, և, որ հայտնի չէ, թե Հայաստանում 2026թ. ինչ քաղաքական ուժեր, կուսակցություններ ինչպիսի ծրագրերով ընտրությունների կգնան, և հայ հասարակությունն ում կտա իր վստահության քվեն (կամ ում նկատմամբ կարտահայտի իր անվստահությունը):
Ուստի Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին՝ հաղթելու 2026թ. խորհրդարանական ընտրություններում, և անգամ տողատակում և՛ ադրբեջանական կողմում, և՛ հայաստանյան իշխանական շրջանակներում չեն բացառում, որ կարող է հանկարծ այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ գնան արտահերթ ընտրությունների: Ադրբեջանական կողմը նույնիսկ հերթական անգամ ներքին և նախընտրական պայքարի թեմաներ է հուշել Փաշինյանին, որտեղ, մեծ հաշվով, կրետատիվ բան չկա, այն է՝ պետք է աշխատել պասիվ զանգվածի վրա, և, որ ռուսամետ գործիչները փորձելու են ֆինանսական միջոցների միջոցով իրենցով անել այդ զանգվածին:
Այնպես որ, սպասվում է, այսպես ասած, թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացում ՀՀ ներքաղաքական հարթությունում, ինչն էլ ստիպում է ենթադրել, որ Փաշինյանն իր վրա թուրք-ադրբեջանական արտաքին ճնշումը տեղափոխելու է ներքաղաքական դաշտ և խստացնելու է պայքարն ընդդիմախոսների դեմ, որոնցից սպառնալիքի «հոտ կառնի» իր իշխանության պահպանման հարցում:

