Ի՞նչ կարգի և ինչով վարակված ցորեն է Փաշինյանը ներմուծում Հայաստան. «Հրապարակ»

Անցյալ շաբաթ ՀՀ իշխանությունը հերթական անգամ իր դատարկամտությունը ցուցադրելով՝ իշխանական քարոզչամեքենայի ողջ հզորությամբ «ավետեց», թե Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով, ծով ու ցամաք կտրելով՝ պատրաստվում է ցորեն ներմուծել Հայաստան։ Արցախի հայ ազգաբնակչության հանդեպ պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ իրականացրած Իլհամ Ալիեւն իբրեւ թե բարի կամք է ցուցաբերել՝ բեռնափոխադրման համար Ադրբեջանի տարածքը տրամադրելով։ Փաշինյանն էլ բարձր է գնահատել Ալիեւի ժեստը եւ շնորհակալություն է հայտնել։ 

Ադրբեջանի տարածքը, Ալիեւին ու Փաշինյանին մի կողմ թողնելով, ցանկացած գիտակից անձի, Ղազախստանից ցորենի ներմուծման մասին լսելիս, նախ կմտահոգի հարցը, թե Ղազախստանի որ շրջաններից է ներմուծվում ցորենը, Սեմիպալատինսկի միջուկային փորձարկումների պոլիգոնին որքանո՞վ մոտ կամ հեռու տարածքում է այն աճել։ Թե կոնկրետ Հայաստան ներմուծվող ցորենը Ղազախստանի որ շրջաններում աճած բերքից է, բաց աղբյուրներից արագորեն պարզել հնարավոր չէ։ Ինչ-որ ատյանների գրավոր դիմելու, տեղեկություն խնդրելու վրա էլ չարժե ժամանակ վատնել, քանի որ բավական է եւ այն, ինչ հասանելի է բաց աղբյուրներից՝ 2025-ին Ղազախստանում աճած ցորենի որակի վերաբերյալ ընդհանրապես։ 

Համաձայն ղազախական լրատվամիջոցների (օրինակ՝ հղումով), Ղազախստանի կառավարության 23․09.2025-ի նիստում գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովը պաշտոնապես հայտարարել է, որ աշնանային անձրեւները հանգեցրել են Ղազախստանում ցորենի որակական ցուցանիշների անկման։ Ըստ նրա, այս տարի Ղազախստանի էլեւատորներ (ցորենի արտադրական պահեստարաններ) հասնող բերքի 40 տոկոսը ցածրակարգ է։ «Պահեստավորման համար ստացված փափուկ ցորենի ծավալի 60%-ը դասակարգվել է որպես երրորդ կարգի, 28%-ը՝ որպես չորրորդ կարգի, իսկ 12%-ը՝ որպես հինգերորդ կարգի եւ դասակարգում չունեցող ցորեն»,- հայտնել է Այդարբեկ Սապարովը («Из поступившего на хранение объема мягкой пшеницы к третьему классу отнесено 60%, к четвертому – 28%, к пятому классу и неклассной пшенице отнесены 12% объема»,- сообщил Айдарбек Сапаров.)։ 

Ի՞նչ է նշանակում III կարգի ցորեն։ Համաձայն համացանցից հասանելի տեղեկատվության, դա վատագույն կարգի ցորենն է, որը թույլատրվում է օգտագործել սննդի արդյունաբերության մեջ։ Ընդսմին, թույլատրվում է այն դեպքում, եթե բուսական սոսնձանյութի (gluten, клейковина, սնձան) պարունակությունն այդ ցորենի մեջ հասնում է գոնե 23%-ի, այլապես ցորենն օգտագործվում է կերարտադրության համար։ Ստացվում է, որ Փաշինյանն իր սնամեջ PR-ի համար սննդարդյունաբերության ու կերարտադրության սահմանին գտնվող ցորեն է ներմուծում Հայաստան։ Դա՝ դեռ լավագույն դեպքում։ Իսկ գործնականում ի՞նչ երաշխիք կա, թե ներմուծվող ցորենի մեջ սնձանի պարունակությունը 23% է եւ ոչ թե, դիցուք, 21%, եւ ո՞վ կարող է երաշխավորել, որ ներմուծվող քանակության մեջ 4-րդ կարգի, կերարտադրության մեջ օգտագործվող ցորեն էլ խառնված չի գալիս Հայաստան՝ որպես սնունդ հրամցվելու։

Սակայն այս՝  լավագույն դեպքում երրորդ կարգի ցորենի ներմուծումը դեռ ծաղիկներն են՝ վտանգի առումով։ Շատ ավելի մտահոգիչ է այն, թե ինչ է կատարվում Ղազախստանում աճող ցորենի հետ, երբ ամառային երաշտից հետո՝ սեպտեմբերին սկսվում է անձրեւային սեզոնը։ Ինչպես հասանելի է բաց գիտական աղբյուրներից եւ հավաստված է երկրագնդի վրա փորձարկման, փորձաքննության եւ հավաստագրման ծառայություններ մատուցող ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի լաբորատոր հետազոտություններով (ի դեպ, գործում է ավելի քան մեկ դար, գործունեությունն սկսել է հենց ցորենի որակի ստուգումից), Ղազախստանում ամառային երաշտին հետեւող հորդառատ անձրեւները «հանգեցնում են հասկի մեջ հատիկի ծլման։ «Հասկի մեջ սերմնահատիկի հատիկի ծլման գործընթացն ուղեկցվում է կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ համալիրով։ Դրանցից մեկը ալֆա-ամիլազա ֆերմենտի սինթեզման խթանումն է, որը քայքայում է հատիկի օսլան եւ հանգեցնում է Անկման թվի (Falling Number, Число падения) նվազման։ Նման ցորենի որակը կտրուկ վատանում է, ընդհուպ մինչեւ հացաթխման որակների կատարյալ կորուստ։ Խոնավ հատիկը նաեւ դյուրությամբ վարակվում է սնկային հիվանդություններով, պաթոգեն սնկերն արտադրում են  միկո եւ ալֆա տոքսիններ»: Միկո եւ ալֆա տոքսինները բորբոսասնկային թույներ են, որոնք ոչ միայն վտանգավոր են մարդկային օրգանիզմի համար, վնասում են ներքին օրգանները, հատկապես՝ լյարդը, երիկամները, կարող են անգամ հանգեցնել մահվան։ Դրանք ներգործուն են այնքան, որ օգտագործվում են քիմիական զենքերի արտադրության մեջ։ Իսկ Ղազախստանում ավելի եւ ավելի հաճախ են հայտնվում տեղեկություններ ծլած սերմնահատիկով ցորենից ստացված ալյուրի մասին՝ միկո եւ ալֆա տոքսինների բարձր պարունակությամբ։

Հասարակության մեջ խուճապ չառաջացնելու համար, բաց աղբյուրներից մեզ հասանելի դարձած գիտական եւ լաբորատոր տեղեկությունները` Ղազախստանում երաշտների եւ հորդառատ անձրեւների հերթագայության արդյունքում ցորենի ծլման եւ միկո տոքսիններով թունավորման մասին, առայժմ չենք հրապարակում։ Շուրջ 10 էջ ծավալով այդ նյութը կփոխանցենք ՀՀ վարչապետի աշխատակազմին։ 

Ակնկալում ենք մեկ շաբաթվա (5 աշխատանքային օրվա) ընթացքում ստանալ գրավոր տեղեկատվություն այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Ղազախստանից Հայաստան III կարգի եւ միկո  տոքսիններով վարակման ենթակա ցորենի ներկրումը կասեցնելու համար, ինչ պատասխանատվության են ենթարկվում անձինք, ովքեր են բանակցել ցորենի գնումն ու ներկրումը եւ ինչ քաղաքական հետեւանք է սպասվում գյուղատնտեսության ոլորտը վերահսկել։

Տեսանյութեր

Լրահոս