Փողը փախչում է Հայաստանից. օտարերկրյա ուղղակի ներդրումներ, կարելի է ասել, չկան. Վարդան Արամյան

Այս օրերին Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը։

Կառավարությունը, ըստ այս բյուջեի նախագծի, կանխատեսել է 2026 թվականին հավաքագրել 3 տրլն 91 մլրդ դրամ, որի հիմնական մասը կգոյանա հարկերից։

Պլանավորվել է ծախսել մոտ 3 տրլն 629 մլրդ դրամ։

2026 թվականին ծախսերը 537.5 մլրդ դրամով կգերազանցեն եկամուտները։

Կարդացեք նաև

Բյուջեի դեֆիցիտը կփակվի նոր պետական պարտքեր ներգրավելով։

Ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ 2026-ին բյուջեի ծախսերի ամենամեծ հատվածը՝ 27.4%-ը, կուղղվի սոցիալական ոլորտի պաշտպանությանը. գումարը կկազմի մոտ 993 մլրդ դրամ։

2026թ. համար Պաշտպանության նախարարությանն ուղղվող գումարները կկրճատվեն մոտ 102 մլրդ դրամով կամ 15.2%-ով։

1 միլիարդ դոլար էլ  2026 թվականի ընթացքում Կառավարությունը կուղղի պետական պարտքի սպասարկմանը, իսկ 2026 թվականին պետական պարտքը կշարունակի աճել։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը, խոսելով 2026թ. բյուջեի մասին, այն որակեց պահպանողական։

«2026 թվականի բյուջեն պահպանողական է՝ պայմանավորված բյուջեի պակասուրդով և պետական պարտքի ավելացմամբ։ 2022 թվականից առ այսօր մեր պարտք/ՀՆԱ ցուցանիշը վատթարացող է»,- ասաց Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանական ծախսերը կրճատելով՝ Կառավարությունը կրճատում է կապիտալ ծախսերը՝ զուգահեռ ավելացնելով ընթացիկ ծախսերը՝ 220 միլիարդով։

«Դրանից զատ, այս Կառավարությունն ընկել է իր իսկ լարած թակարդը… այդպիսի թակարդներից մեկը եկամտահարկի վերադարձն է, որի վերաբերյալ ես դեռ 2018 թվականին էի ասում՝ ծրագիրը պետք է դադարեցվի։ Չարեցին, ավելին՝ այս տարիների ընթացքում այդ ծրագրից օգտվեցին ոչ թե ցածր եկամուտներ ունեցողները, այլ՝ ունևոր խավը։ Ես դա պնդում էի, երբ բյուջեից հետ էր տրվում 8 միլիարդ դրամ, իսկ այսօր արդեն 102 միլիարդ է հետ վերադարձվում»,- ասաց Արամյանը։

Թակարդներից մյուսը, ըստ Արամյանի, պետական պարտքի մարմանն ուղղվող  հսկայական գումարն է, ինչը վճարելու է սովորական հարկատուն։

«Թակարդներից հաջորդն օտարերկրյա ուղղակի ներդրումներն են. փողը փախնում է Հայաստանից, օտարերկրյա ուղղակի ներդրումներն ընդամենը 5 միլիարդ դրամ են կազմում՝ 6 ամսվա կտրվածքով։ Կարելի է ասել՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ չկան, իսկ արդյունաբերության ոլորտն ընդհանրապես խռխռոցի մեջ է»,- շեշտեց Վարդան Արամյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս