Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հաղթանակի գործում Իսրայելի դերի մասին
Ամերիկացի ռազմական փորձագետները նշում են՝ իսրայելցի զինվորականներն ու հետախուզությունը, ոչ պակաս, քան Թուրքիան, նպաստեցին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կայծակնային ռազմական նվաճմանը: Նրանք նշում են՝ հետախուզական և ռադիոգաղտնալսման նյութերի արագ փոխանցման հարցում, որոնք հասել են Իսրայելի պաշտպանության բանակի «8200 ստորաբաժանման» կայուն ազդանշանային հետախուզական բազա (ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նմանակը): Իսրայելի արտաքին հետախուզության (Մոսադ) հետախուզական տվյալները նույնպես խիտ հոսքով են հասել Բաքու։ Դեռևս Լեռնային Ղարաբաղի նվաճման եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ Անկարան ադրբեջանական ուժերին նոր սարքավորումներ է մատակարարել իր ALECAN ընկերության ռադիոէլեկտրոնային պայքարի համար: Եվ այդ համատեղ ռազմավարական ակտիվներն օգնում են (ի թիվս այլ պատճառների) բացատրել Բաքվի արագ ռազմական հաղթանակը։ Երկու երկրների միջև հետախուզական տվյալների զգալի փոխանակումից բացի, Իսրայելը Բաքվի սպառազինության և ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարներից մեկն է:
Երբ 2017-ին Նեթանյահուն և Ալիևը հանդիպեցին, վերջինս տեղեկացրեց՝ իր երկիրն Իսրայելից ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա է գնել: Իսրայելական արտադրության ԱԹՍ-ները վերջին տարիներին մի քանի անգամ օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի հետ մարտերում։ Այժմ այդ համագործակցությունն ակնհայտորեն հասել է նոր «զավեշտական մակարդակի»:
Սա նշանակում է՝ ադրբեջանական բանակը վերջին հակամարտությունում օգտագործել է նաև երկու արբանյակ, որոնք ադրբեջանական Azercosmos տիեզերական գործակալությունը ձեռք է բերել Israel Aerospace Industries-ից։
Այս երկու բազմասպեկտրալ էլեկտրաօպտիկական լրտեսական արբանյակները ձեռք են բերվել Azersky-2 ծրագրի շրջանակներում։ Ադրբեջանի տիեզերական գործակալությունը և Թել Ավիվում տեղակայված ընկերությունը գործարքի մասին հայտարարելիս չեն բացահայտել արբանյակի մոդելը կամ պայմանագրի արժեքը, բայց ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ համաձայնագրի արժեքը կազմում է մոտ 120 միլիոն դոլար, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ՝ խոսքը OptSat-500 մոդելի մասին է: Սա արբանյակի այս նոր մոդելի առաջին հայտարարված վաճառքն է, որը տարբերվում է Իսրայելի Պաշտպանության բանակին մատակարարվող OptSat-3000-ից:
Արբանյակները կփոխարինեն Բաքվի կողմից օգտագործվող Airbus արբանյակին, որը գործարկվել է 2014-ին, և որի հետ կապն ընդհատվել է, և ուղեծիր դուրս կբերվեն 2026 և 2028 թվականներին: Նոր արբանյակները կարող են լուսանկարել 50 սմ լուծաչափով, ունեն մոտ 7 տարի ծառայության ժամկետ, իսկ դրանց գինը կազմում է OptSat-3000-ի մոտ 1/3-ը: Azersky-2 ծրագիրը ներառում է երկարաժամկետ բիզնես գործընկերություն իսրայելական ընկերության և Azercosmos-ի միջև՝ տիեզերքի ոլորտում նորարարական, ձեռնարկատիրական, ակադեմիական և հետազոտական էկոհամակարգի ստեղծման գործում: Գործարքը նաև իսրայելական հետախուզական հնարավորությունները մոտեցնում է իրանական սահմանին:
Բաքուն հանդիսանում է նաև IAI և IDF-ի խոշորագույն պատվիրատուներից մեկը՝ գնելով սպառազինություն և ռազմական տեխնիկա, որոնք առանցքային դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ հակամարտությունում:
«Այս նախագիծը եզակի է՝ ինչպես Azercosmos-ի, այնպես էլ՝ Israel Aerospace Industries-ի համար և, անկասկած, ներդրում կունենա մեր երկրների միջև տիեզերական համագործակցության զարգացման գործում։ Ես մեր համագործակցությունը կարևոր քայլ եմ համարում երկրում մարդկային կապիտալի և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործում»,- այս առիթով ասված է Azercosmos-ի ղեկավար Սամեդդին Ասադովի հայտարարության մեջ։
Նշենք նաև՝ իսրայելցիներն այս հարցում շատ լուրջ մրցակցություն են շահել Իլոն Մասկի կառույցների և եվրոպական TALES-ի մոտ:
Տիեզերական զգայուն տեխնոլոգիաների վերաբերյալ գործարքների ներկայիս առաջընթացը տեղի է ունենում հարաբերություններում վերջերս տեղի ունեցած խզումից հետո: 2021-ին երկու երկրների միջև համագործակցությունն այս ոլորտում սառեցվել է՝ կապված Իսրայելի կողմից նման արտադրանքի արտահանման սահմանափակումների հետ։ Այն ժամանակ Ադրբեջանի կառավարությունը սպառնացել էր խզել ռազմավարական հարաբերությունները, եթե Իսրայելի կառավարությունը չեղարկի ավիացիոն պաշտպանության համակարգերի (ADS) դեմ դատական հայցերը, որոնք կարող էին քաղաքական վնաս հասցնել Ալիևի ռեժիմին:
2021թ. սկզբին Մոսադի և իսրայելական բանակի հետ գաղտնի հանդիպումների ժամանակ Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիթը խոստովանել է՝ Ադրբեջանի կառավարությունը երկու տարի փորձել է դադարեցնել ADS-ի հետ կապված իրավական ընթացակարգերը։ Նա մտահոգություն է հայտնել, որ այդ գործը կարող է ազդել երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության վրա:
Իսրայելական ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ 2017-ին իսրայելական ԶԼՄ-ներում հաղորդվել էր՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics-ը խախտել է Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից իր արտահանման լիցենզիայի պայմանները՝ իր կապալառուներին հագցնելով ադրբեջանական զինվորական համազգեստ և թույլ տալով, որ նրանք ինքնուրույն վարեն Orbiter կամիկաձե անօդաչու սարքերը՝ Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի վրա հարձակվելու համար:
Ադրբեջանական ուղեծրերը ստեղծվում են տեղական Azad Systems ընկերության կողմից, որը 2011-ին համագործակցության մեջ է մտել ADS-ի հետ: Դատական արգելանք (խափանման միջոց) է ստացվել, որն արգելում է այս գործի լուսաբանումը իսրայելական լրատվամիջոցներում: Հետաքննության արդյունքում ընկերությանը և նրա հինգ մենեջերներին, այդ թվում՝ գործադիր տնօրեն Ամոս Մատանին, երկու տարի առաջ մեղադրանք է առաջադրվել։ Aeronautics-ը ձեռք է բերվել 2019-ին Rafael ընկերության կողմից՝ գործարար Ավիհայ Ստոլյարի հետ համագործակցությամբ, ով ակտիվորեն աշխատում է հետախուզական ոլորտում։
ADS-ի խնդիրը մեծ երկընտրանք էր Իսրայելի կառավարության համար, որը սովոր էր հույս դնել Ադրբեջանի վրա. Բաքուն ավելի քան մեկ տասնամյակ առաջ դարձավ Իրանում Մոսադի գործողությունների տարածաշրջանային կենտրոնը:
ՅՈՒ.Բ․ ՇՉԵԳԼՈՎԻՆ
Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի
Աղբյուրը՝ – О роли Израиля в военной победе Азербайджана в Нагорном Карабахе | Институт Ближнего Востока