Այս տարվա 9 ամիսների ընթացքում դատարան ուղարկված վարույթների թվով աճը կազմել է 57.4%, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Նիկոլ Փաշինյանը այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա եղել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Ելույթով հանդես է եկել նաև կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը:
«Ամփոփելով Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքը՝ հարկ եմ համարում նշել, որ հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 2061 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1896 վարույթի դիմաց։
Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 170-ը՝ 431 անձանց վերաբերյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 108-ը՝ 251 անձանց վերաբերյալ։
Այսինքն՝ սույն թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ ժամանակահատվածի համեմատ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 62–ով ավելի վարույթներ, իսկ դատարան ուղարկված այդ վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց մասով թիվն աճել է 180-ով կամ շուրջ 72%-ով։
Ամփոփելով՝ նշեմ, որ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում դատարան ուղարկված վարույթների թվով աճը կազմել է 57.4%, իսկ կարճված վարույթների դեպքում տեղի է ունեցել աճի նվազում՝ 21.1%։
Հատկանշական է, որ ընթացքը լուծված հիշյալ վարույթներից 58–ը հանդիսացել են երկուսից յոթ տարի ժամկետում, իսկ 102-ը՝ մեկ տարի ժամկետում քննված վարույթներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում հանրային հնչեղություն ստացած, ինչպես նաև նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ վարույթները։
Տևական ժամանակ քննված վարույթների դատավարական ավարտը խոսում է այն մասին, որ կոմիտեն որդեգրել է ուշացած արդարադատությունը բացառող մոտեցում և ցանկացած վարույթ, անկախ դրանում ներգրավված անձի դիրքից կամ կարգավիճակից, ենթարկվելու է համակողմանի, պատշաճ և ժամանակին քննության։
Ընդ որում, Կոմիտեն ցուցաբերում է բարձր զգայունություն ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաների կողմից թույլ տրված կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ։ Մասնավորապես՝ Կոմիտեն հստակ ուղերձ է հղում, որ կոռուպցիան՝ անկախ ժամանակային հեռավորությունից կամ անձի զբաղեցրած պաշտոնից, չի կարող մնալ անպատիժ։
Կոմիտեում քննվող՝ ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով միայն 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պատճառված ընդհանուր վնասից դրամական տեսքով փաստացի վերականգնվել է 2․033․416․000 (երկու միլիարդ երեսուներեք միլիոն չորս հարյուր տասնըվեց հազար) ՀՀ դրամ։
Ենթադրյալ հանցագործությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված զգալի աշխատանքը վերահաստատելու նպատակով կարևորում եմ հետևյալ ցուցանիշը՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս վերականգնվել է 2021–2024 թվականների ընթացքում վերականգնված վնասից շուրջ երկուս ու կես անգամ ավել գումար։
Այս ցուցանիշը վկայում է վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքի արդյունավետության և ինտենսիվության բարձր մակարդակի մասին։
Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի 9 ամիսների ընթացքում քննված քրեական վարույթներով նախաքննության ընթացքում համայնքներին են վերադարձվել ապօրինի օտարված ընդհանուր 13 միավոր հողատարածքներ։
Բացի այդ, քրեական վարույթներով հայտնաբերվել են ապօրինի օտարված ընդհանուր շուրջ 9.165.000.000 դրամ շուկայական կամ կադաստրային մոտարկված արժեքով ևս 181 միավոր հողատարածքներ, որոնք ենթակա են վերադարձման պետական շահերի պաշտպանության ոլորտում համապատասխան իրավական գործիքակազմի կիրառմամբ:
Կոմիտեի կազմում գործող օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից նույնպես իրականացվել է մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բացահայտել կոռուպցիոն բնույթի բազմատեսակ հանցագործությունների դեպքեր՝ այդ կապակցությամբ ներկայացնելով հանցագործության վերաբերյալ 67 հաղորդումներ։ Դրանցից շատերն ունեցել են բարդ և բազմադրվագ բնույթ և ստացել են հանրային մեծ հնչեղություն։
Օպերատիվ ստորաբաժանումների գործունեության ամփոփման համատեքստում կարևորում եմ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք իրականացվել են վերջին ժամանակահատվածում։
Մասնավորապես, նոր ստորաբաժանումների ձևավորումը, գործառույթների հստակ տարանջատումն ու սահմանումը էապես բարձրացրել են հակակոռուպցիոն պայքարի թիրախայնությունն ու արդյունավետությունը։
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկվել են նշանակալի կադրային բարեփոխումներ, որոնք ներառել են ինչպես նոր նշանակումները, այնպես էլ անհրաժեշտ ազատումները՝ ուղղված աշխատանքի որակական ցուցանիշների և պատասխանատվության մակարդակի բարձրացմանը։
Նպատակը՝ բարեվարք, համարձակ, բանիմաց և ստեղծագործական մտածողություն ունեցող աշխատակիցներ ունենալն է, ովքեր տեսական գիտելիքներն ու գործնական հմտություններն իրենց աշխատանքում կկարողանան հաջողությամբ համադրել՝ ապահովելով լավագույն արդյունքներ։
Հավաստիացնում եմ, որ Կոմիտեն շարունակելու է անշեղորեն պայքարել կոռուպցիոն դրսևորումների դեմ՝ օպերատիվ-հետախուզական և նախաքննական ստորաբաժանումների հնարավորությունների լիարժեք կիրառմամբ։
Մեր հիմնական թիրախներն են՝ կոռուպցիոն երևույթների հայտնաբերումն ու չեզոքացումը, քրեական վարույթների քննության որակի շարունակական կատարելագործումը և աշխատանքի ընդհանուր արդյունավետության բարձրացումը։
Այդ նպատակներին հասնելու ճանապարհին Կոմիտեն կարևորում է քննության համակողմանիությունն ու պատշաճությունը՝ բացառելով գործընթացների անհարկի ձգձգումները։
Մեծարգո՛ Վարչապետ, օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հետևողական ուշադրության ու անձնական մոտեցման համար, որը Դուք և ՀՀ կառավարությունը ցուցաբերում եք Կոմիտեի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման և համակարգի կայուն գործունեության ապահովման հարցում։
Ձեր աջակցությունը նպաստել է այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ Կոմիտեի ծառայողի աշխատանքը դիտարկվում է ոչ միայն որպես մասնագիտական առաքելություն, այլ նաև որպես արժանապատիվ և մրցունակ ծառայություն։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև իրավապահ կառույցների մեր գործընկերներին այն արդյունավետ և բարեխիղճ համագործակցության համար, որը նրանք ցուցաբերել են քրեական վարույթների և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման շրջանակներում։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գործընկերներիս և շնորհակալություն հայտնում ցուցաբերած նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և բարձր պատասխանատվության համար։
Լիահույս եմ, որ մեր հետևողական և նպատակաուղղված աշխատանքով կարող ենք կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել ոչ միայն ընթացիկ գործառույթ, այլ ազգային և մասնագիտական առաքելություն՝ հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ձևավորված անշրջելի ժողովրդավարության հիմնական սկզբունքներին և մեր երկրի կառավարության հիմնական գերակայություններին։
Մենք պարտավոր ենք արդարացնել հանրության բարձր վստահությունն ու սպասելիքները՝ ձևավորելով համակարգ, որտեղ արդարությունն ու թափանցիկությունը գերակա արժեքներ են, իսկ կոռուպցիան՝ մերժելի երևույթ։
Շնորհակալություն»,- ասել է նա։

