Փաշինյանի իշխանությունը կարող է կործանել Եկեղեցին՝ ինչպես կործանեց Արցախը․ Մհեր Աբրահամյան

«Հայաստանի ներկա կառավարիչների բացահայտ միջամտությունը Սահմանադրությամբ պետությունից տարանջատված Եկեղեցու ներքին կառավարմանը՝ ազգային անվտանգության տեսանկյունից չափազանց վտանգավոր քայլ է, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Եթե Փաշինյանի իշխանությանը հաջողվի իրականացնել իր ծրագիրը և Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխարինել իրեն ցանկալի անձով, դա կհանգեցնի Եկեղեցու կործանմանը»,- այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ խոսելով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին և դա համեմատելով Արցախի կորստի պատմության հետ։

«Այսօրվա իշխանություններն անմիջականորեն միջամտեցին Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, և Արցախում իշխանության եկավ նրանց համար ցանկալի մի կերպար։ Դրանից հետո տեղի ունեցավ պատերազմը և տեղի ունեցավ Արցախի լիարժեք կործանումը։ Այսօր այս իշխանությունը գնում է նույն ճանապարհով և փորձում է Եկեղեցուն թելադրել իր կառավարման կանոնները, և այս ուղիով գնալու պարագայում, եթե նրանց հաջողվի իրականացնել իրենց մտադրությունները և Եկեղեցում հասնել այն բանին, որ իրենց ցանկությամբ կաթողիկոս ընտրվի, որը չլսված բան է, տեղի կունենա Եկեղեցու կործանումը։

Իմ համեմատությունը Եկեղեցու և Արցախի միջև կայանում է նրանում, որ այսօրվա իշխանությունն անմիջականորեն միջամտեց և՛ Արցախի կառավարմանը, և՛ նաև փորձում է միջամտել Եկեղեցու կառավարմանը, ինչը բերելու է Եկեղեցու կործանմանը, եթե նրանք կարողանան հաջողել իրենց ծրագիրը»,- մեկնաբանեց փորձագետը։

Մհեր Աբրահամյանի խոսքով՝ նման զարգացման պարագայում տեղի է ունենալու հասարակության ևս մեկ պառակտում, որը բերելու է լարվածության հասարակության տարբեր շերտերի մեջ։ Բացի այդ, դա շատ վտանգավոր քայլ է նաև ազգային անվտանգության տեսանկյունից։

«Սա հղի է լուրջ վտանգներով, որովհետև բացի այն, որ Եկեղեցին կառույց է, այլև մշակույթի, ինքնության կրող է, որտեղ սովորական մարդու մտնելը բերելու է հասարակության լուրջ բաժանման և հասարակության մեջ հոգևոր արժեքների նկատմամբ հավատքի սասանման, որը նաև պետության կործանմանն է հանգեցնելու»,- պարզաբանեց զրուցակիցը։

Պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքի բացահայտ ոտնահարման փաստի ընդհանուր համատեքստում Մհեր Աբրահամյանն արձանագրում է, որ վերջին տարիներին ականատես ենք լինում նաև Հայաստանում իրավական համակարգի փլուզմանը։

«1461 թվականին, երբ օսմանյան սուլթան Մեհմեդ Ֆաթիհը ստեղծեց Հայոց պատրիարքարանը, դա արեց միայն մի պատճառով, որ Օսմանյան կայսրության հայությանը կտրի Էջմիածնից։ Դրանից 20 տարի առաջ կաթողիկոսությունը Սիսից տեղափոխվել էր Էջմիածին, և այդ ժամանակ նա այդ քայլն արեց, որպեսզի հայությունը կտրվի Էջմիածնից։

Այսինքն՝ Էջմիածինն իր բնույթով այնքան հզոր կառույց է, որը կարողացել է միավորել հայերին, և սրա մեջ Մեհմեդ Ֆաթիհը վտանգ է տեսել։ Զուտ այդ պատճառով նա ստեղծեց Պոլսո պատրիարքարանը։ Եվ հիմա էլ այսօրվա իշխանությունն է հայությանը կտրում այդ կենտրոնից, այսինքն՝ գործողությունը համեմատելի է Մեհմեդ Ֆաթիհի գործողության հետ, և փորձում ստեղծել ինչ-որ վերացական կանոններով մի Եկեղեցու կառավարում, երբ ըստ նրանց՝ Եկեղեցու «կառավարիչ» կարող է դառնալ նաև մի մարդ, որն ընդամենը քահանա է։

Ինչո՞վ է այսօրվա իշխանության գործողությունը տարբերվում թուրքերից, նույն Մեհմեդ Ֆաթիհից, որը գրավեց Կոստանդնուպոլիսը»,- շեշտեց թուրքագետը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս