Պղծումների սարսափից

Հայ Առաքելական եկեղեցու կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից կիրակի օրը Հովհաննավանքում հրավիրված ինքնակոչ հավաքին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը սեփական օգտագործման պատգամավորի շուրթերով խորհրդարանում հռչակվեց՝ որպես «հոգևոր առաջնորդություն»:

Փաշինյանը ոչ միայն չառարկեց իրեն արդեն նաև «հոգևոր առաջնորդ» հռչակելու անաստվածությանը, այլև  ազդարարեց, որ հաջորդիվ սկսելու է եկեղեցապատկան շենքերի, իմա՝ վանքերի՝ եկեղեցուց խլելու գործընթացը: Հիմնավորումը՝  իր ձայնապնակի հանգույն՝ «Եկեղեցին ժողովուրդն է»: Այնպես, ինչպես անցած տարիներին նույնանման հիմնավորմամբ քանդվել են բոլոր կարևորագույն ինստիտուտները՝ դատարաններից մինչև կառավարություն:

Ժամանակին «դատարանը ժողոովուրդն էր», և դրանք գրավվեցին՝ վնգստացող դատավորներից ազատվելու, իրականում՝ դատական համակարգն ամբողջությամբ հնազանդեցնելու, SMS-ով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին պաշտոնից հեռացնելու համար:

Իսկ իշխանությունը, որ էլի «ժողովուրդն էր», այլևս Նիկոլ Փաշինյանն է ինքնին. հայտարարել է՝ «կառավարությունը ես եմ»: Այսինքն՝ իմն է, ինչ ուզեմ՝ կանեմ դրա հետ:

Կարդացեք նաև

Այսօր արդեն՝ ասելով՝ եկեղեցին ժողովուրդն է, միաժամանակ ստանձնելով «հոգևոր առաջնորդություն», Փաշինյանը մոտեցնում է «եկեղեցին ես եմ» հայտարարության պահը, որին կարող է հաջորդել այս պահին սատանայական թվացող «Աստված ես եմ»  այլանդակությունը:

Իրականում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետ վարվում է այնպես, ինչպես որևէ երկիր ասպատակած թշնամի, հրոսակ՝ հերթով զավթում է հանրային ու պետական բոլոր կառույցները:

Դա նրա քաղաքական նպատակադրումն է, որին զուգահեռ, սակայն, լուծվում է առաջին հայացքից՝ անտեսանելի, բայց նշանակությամբ՝ շատ ավելի զազրելի խնդիր: Իրեն նույնացնելով դատարանների, կառավարության, հավատի, եկեղեցու, պետության հետ՝ նա ստիպում է, որպեսզի արժանապատվության նշույլ ունեցող մարդիկ բոլոր այդ կառույցներին վերաբերվեն այնպես, ինչպես իրեն են վերաբերվում՝ Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներին վերաբերելի հայհոյանքներով: «Եթե դու ես կառավարությունը, այդ կառավարության…», «Եթե դու ես եկեղեցին, այդ եկեղեցու…», «Եթե դու ես պետությունը, այդ պետության…»…

Իսկ թե ո՞ւմ շահերից է բխում, որպեսզի Հայաստանում մնացած առողջ ու արժանապատիվ քաղաքացիներն այդպես վերաբերվեն հանրային ու պետական բոլոր կառույցներին՝ դրանք թողնելով Փաշինյանի անձնական օգտագործման պատգամավորների, նախարարների, իրավապաշտպանների, վերջին հաշվով, նաև մաշված ընտրազանգվածի «հոգածությանը», Նիկոլ Փաշինյանին կարող է տեղեկացնել Իլհամ Ալիևը՝ իր հասցեին նրա կողմից հնչած գովաբանությանն ի պատասխան հղված նամակում: Կամ հանձնարարականում:

Կիրակի օրը կարող է ջրբաժանային դառնալ հանրային համերաշխությունը վերջնականապես քայքայելու առումով: Արդեն «հոգևոր առաջնորդի» դերում հայտնված Փաշինյանն արդեն նոր՝ միայն իրեն հայտնի կրոնի կամ աղանդի շրջանակներում կարող է պահանջել զոհաբերություններ՝ նաև Հայ Առաքելական եկեղեցու արյուն հեղելու սատանայական մղումով:

Աստված պահապան հայ ժողովրդին ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն:  

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս