Առաջին անգամ հայ-ադրբեջանական «քաղաքացիական» հասարակության ներկայացուցիչների հանդիպում Երևանում․ ինչի՞ն է միտված գործընթացը

Անցնող օրերի ընթացքում հայաստանյան հասարակության, ԶԼՄ-ների ուշադրությունից չվրիպեց  տեղեկությունն այն մասին, որ մի խումբ ադրբեջանցի փորձագետներ են ժամանում Հայաստան։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը տեղեկացրեց, որ 2025թ․ հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան-քննարկում։

Հայկական կողմից քննարկմանը մասնակցեցին Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացնում էին Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսքանդերլին, Քամալա Մամեդովան և Դիլարա Աֆանդիևան։

«Նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրի, և դարձավ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս ձևաչափով առաջին հանդիպումը։ Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան երկու երկրների հասարակություններին հուզող թեմաների լայն շրջանակի՝ ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները հարաբերությունների կարգավորման պարագայում, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց խմբի համատեղ գործողությունների ծրագրի մշակմանը և հեռանկարներին»,- ասված էր հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Փորձագետներին ընդունել էր նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հոկտեմբերի 22-ին հանդիպել եմ Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։ Բարձր եմ գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Ընդգծել եմ, որ հանրության տարբեր շերտերի ներգրավումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը»,- նշել էր Գրիգորյանը տարածած հաղորդագրությունում։

Բնականաբար, հանդիպումները կայացել են կոնֆիդենցիալ և հանրության լայն շերտերի համար փակ ռեժիմով, նման հանդիպումների դեպքում տարածվում է հիմնականում պաշտոնական, համաձայնեցված, սուղ տեղեկատվություն։

Քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, ով ադրբեջանական պատվիրակության կազմում ժամանել է Հայաստան, այնուամենայնիվ, կարճ հարցազրույց է տվել Minval ադրբեջանական պորտալին՝ որոշ մանրամասներ ներկայացնելով այցի վերաբերյալ:

Նա նշել է, որ Երևանի ու Բաքվի միջև ծավալվող գործընթացների ֆոնին անհրաժեշտ է, որ քաղաքացիական հասարակությունը միանա վերոնշյալ բոլոր գործընթացներին խաղաղության օրակարգի շրջանակներում։

«Մասնագետները, հանրության և լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց գործունեությունն այս կամ այն ​​կերպ կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հետ, առաջարկել են ստեղծել քաղաքացիական առաքելություն։ Երկու երկրների կառավարություններն էլ աջակցել են այս գաղափարին։ Տարիներ շարունակ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրատվամիջոցների ղեկավարները և փորձագետները պարբերաբար մասնակցել են միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված խաղաղությանն ուղղված մի շարք միջոցառումների և նախագծերի՝ տարբեր ձևաչափերով։

Օրինակ, ես հնարավորություն ունեմ տարեկան 6-8 անգամ մասնակցելու նման հանդիպումների Հայաստանի և այլ երկրների ներկայացուցիչների հետ, հիմնականում՝ փակ ձևաչափով։ Այս հանդիպման մեջ ուշագրավն այն էր, որ այն նախաձեռնել և կազմակերպել են և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը, այսինքն՝ առանց երրորդ կողմի մասնակցության։ Մինչդեռ նախկինում մեր շփումները տեղի էին ունենում արտասահմանում»,- բացատրել է փորձագետը։

Մամեդովը նաև ասել է, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը թռել է դեպի ՀՀ և անվտանգ վայրէջք կատարել։ «Մենք տեսանք զարմանքը օդանավակայանի աշխատակիցների դեմքերին, երբ նրանք տեսան ադրբեջանական ինքնաթիռը, քանի որ դրա ժամանման մասին որևէ տեղեկություն չկար, քանի որ նշանակված էր հատուկ չվերթ։ Առայժմ անվտանգությունը մնում է խնդիր այս առումով, և ոչ ոք դա չի հերքում»,- իր տպավորություններով է կիսվել քաղաքագետը։

Նա նաև նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը հասել է իր նպատակներին։ «Հայաստանը չի ժխտում այս պատերազմի արդյունքները, ընդհակառակը, Հայաստանում իշխանության գլուխ գտնվող քաղաքական ուժն աջակցում է ադրբեջանական կողմի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին»,- նշել է Մամեդովը։

Խոսելով միջոցառման ընդհանուր մթնոլորտի մասին՝ նա նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչների խումբը զբոսնել է Երևանում, անվտանգության հարցը լուծվել է։ Սա, ըստ էության, առաջին անգամն է, որ կողմերը ժողովրդական դիվանագիտություն են զարգացնում ուղիղ առանց միջնորդների։

Պատահական չէ, որ Մամեդովն իր խոսքն ավարտել է ադրբեջանական հաղթանակի մասին թեզով ու դիտարկմամբ, թե ՀՀ իշխանությունները կողմ են ադրբեջանական օրակարգին, ինչը բացահայտում է ադրբեջանական իշխանական ընկալումը ողջ գործընթացի վերաբերյալ, որում բացակայում է հայկական շահի մասին ադրբեջանական ընկալումը։

Սակայն ասել, որ սա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպում է, հետևաբար՝ արդյունավետ ժողովրդական դիվանագիտություն՝ խիստ չափազանցված է, քանի որ գաղտնիք չէ, որ Ադրբեջանում չկա քաղաքացիական հասարակություն՝ առավել ևս՝ համակարգային կերպով դրսից ֆինանսավորվող։

Ադրբեջանի քաղաքական համակարգը ձևավորվել է ոչ թե ժողովրդավարական սկզբունքների, այլ իշխանական կլանի շահերի շուրջ կառուցված իշխանության կենտրոնացման մոդելով։ Այս համատեքստում քաղաքացիական հասարակության բացակայությունը ոչ թե պատահական կամ երկրորդական երևույթ է, այլ՝ պետական քաղաքականության գիտակցված արդյունք։

Քաղաքացիական հասարակությունը ենթադրում է անկախ ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, ազատ մամուլի և քաղաքացիական նախաձեռնությունների գոյություն, որոնք վերահսկում են իշխանությանը և նպաստում հանրային շահերի պաշտպանությանը։

Ադրբեջանում, սակայն, այդ միջավայրը ոչնչացված է և շատ վաղուց Ալիևների վարչակարգի կողմից իրականացված ճնշումների արդյունքում։ Անկախ ՀԿ-ների և լրատվամիջոցների մեծ մասը փակվել է կամ դարձել իշխանությանը ենթակա կառույց։ Իրավապաշտպանների, լրագրողների և ակտիվիստների դեմ հարուցված են քրեական գործեր, տնտեսական ճնշումներ, արտագաղթի պարտադրանք և նույնիսկ բանտարկություն։ Այսպիսով, քաղաքացիական հասարակության ցանկացած դրսևորում ներկայացվում է՝ որպես «արտաքին ազդեցություն» կամ «պետական դավաճանություն»։

Ադրբեջանը դասվում է այն պետությունների շարքին, որտեղ իշխանությունը հիմնավորում է իր գոյությունը ոչ թե հանրային մասնակցությամբ, այլ ուժային ապարատի, նավթային եկամուտների և ազգայնական հռետորաբանության միջոցով։ Սա թույլ է տալիս պահել արտաքին կայունության պատրանք, բայց իրականում ստեղծում է խորը հասարակական իներտություն։

Ադրբեջանի հասարակությունը զրկված է ինքնակազմակերպման հնարավորությունից, ինչի հետևանքով քաղաքացիների մասնակցությունը քաղաքական գործընթացներին նվազագույն է։ Այս երևույթը հաճախ բնորոշվում է՝ որպես «համաձայնության ավտորիտարիզմ», երբ բնակչությունը լուռ է, ոչ թե որովհետև համակարծիք է, այլ որովհետև վախեցած և զրկված է արտահայտվելու ազատությունից։

Եվ այս պատճառով է նաև իշխանությունը հակված արտաքին ագրեսիայի կամ հակամարտության միջոցով լեգիտիմություն ձեռք բերելու։

Ուստի այս համակարգային խնդիրների ֆոնին ասել, թե ՀՀ են ժամանել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեղմ ասած, սուտ է, Հայաստան են ժամանել Ալիևյան քաղաքականությունը սատարող ու առաջ մղող գործիչներ, ինչպիսին հենց Ֆարհադ Մամեդովն է, ով ֆինանսավորվում է իշխանության կողմից և առաջ մղում իշխանական թեզերը։

Անկախ նույնիսկ ռեգիոնալ իրավիճակից, ժողովրդական դիվանագիտությունը կարող է օգտակար լինել հակամարտող երկրների հասարակությունների միջև շփումների հաստատման, միմյանց դիրքորոշումներին, տրամադրություններին էլ ավելի լավ ծանոթանալու և բաց խոսակցություն ծավալելու տեսանկյունից։

Սակայն Ադրբեջանի դեպքում սա կրում է իմիտացիոն բնույթ և նպատակ ունի պարզապես թոզ փչել միջազգային հանրության աչքին՝ առաջ մղելով բացառապես սեփական շահերն ու օրակարգերը։

Տեսանյութեր

Լրահոս