«Եթե այսօր չի հաջողվել հեռացնել Փաշինյանին, չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը նա չի հեռացվելու». Հակոբ Հակոբյան

Ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 11-ին, Բաքվում կմեկնարկի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ՝ COP29 համաժողովը, որը կտևի մինչև նոյեմբերի 22-ը։

Հայկական կողմը մինչև այս պահը դեռևս չի հայտարարել՝ մասնակցելո՞ւ է համաժողովին, թե՞ ոչ։

Դեռ ամիսներ առաջ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ԵԽ պատգամավորներ կոչ էին արել Բաքվին մինչև COP29-ն ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին։ Արդեն մի քանի անգամ ՀՀ-ում տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ, քաղաքական ուժեր բողոքի ակցիաներ են անցկացրել, նամակներ են հանձնել ՀՀ-ում դեսպանատներին, որպեսզի նրանք ևս ակտիվ աշխատանքներ տանեն Բաքվում պահվող հայ գերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու համար։

Բաքվում ապօրինի պահվող գերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու համար պայքարող անհատները, կազմակերպություններն իրենց պայքարը կշարունակեն ու ավելի ընդարձակ կդարձնեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ՀՀ իշխանությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չի անում։

Կարդացեք նաև

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ միջազգային ձևաչափով այս համաժողովը լավ առիթ է, որպեսզի պատանդների ու գերիների հարցը կարողանան առաջ մղել։ Այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված հայերին վերադարձնեն իրենց բնօրրան։

«Իմ մատնանշած խնդիրների բարձրաձայնումն ու առաջմղումը պետք է ՀՀ իշխանությունների համար առաջնահերթություն լիներ, սակայն, ցավոք, այս իշխանությունները ո՛չ ցանկություն, ո՛չ էլ բավարար կամք են դրսևորում, որպեսզի կարողանան այս հարցերը բարձրաձայնել։

Այդուհանդերձ ՀՀ իշխանությունների անգործությունը չպետք է պատճառ լինի, որպեսզի համայն հայությունն այդ հարցով զբաղվի. հասարակական-քաղաքական կառույցները, նաև սփյուռքը պետք է միավորվեն ու որքան հնարավոր է՝ այդ հարցերն առաջ տանեն, լսելի դարձնեն միջազգային հանրությանը։ Որքան այդ համաժողովի օրը մոտենում է, մեր խնդիրներն այդքան ինտենսիվորեն պետք է բարձրաձայնենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք արդեն հաստատել են իրենց մասնակցությունը COP29-ին, այս երկրների հետ ևս աշխատանք պետք է տարվի, որպեսզի նրանք Բաքվում նոյեմբերի 11-ին մեկնարկող համաժողովին բարձրաձայնեն այս հարցերը։

«Ցավոք, այսօր ՄԱԿ-ի որոշմամբ համաժողովը, ի դեմս Ադրբեջանի, անցկացվում է բռնապետական երկրում, որտեղ անտեսված են մարդու իրավունքները, տեղի են ունենում բռնաճնշումներ, ճնշում են գերիներին ու պատանդներին։ Այս խնդիրները պետք է բարձրաձայնել։ Բացի այդ, այդ երկիրը 150 հազարից ավելի հայերի բռնի տեղահանության, ցեղասպանության է ենթարկել Արցախում։ Էլ չենք խոսում Ադրբեջանի կազմում ապրող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ճնշումներից, Արցախի օրինակով նրանք կարող են տեսնել, որ բավական է մեկ քայլ՝ ինքնավարության մասին, իսկույն բռնաճնշումները կսկսվեն»,- շեշտեց նա։

Հակոբ Հակոբյանը նաև ընդգծեց, որ բոլոր հնարավորությունները, նույնիսկ, եթե այդ հնարավորությունը մեկ տոկոս է, պետք է օգտագործվեն։ Սակայն հնարավորությունները նվազում են, երբ ՀՀ իշխանությունը պետական մակարդակով չի պայքարում։

«Մեր ժողովրդին այս ամենին զուգահեռ՝ պետք է ցույց տանք, որ այս իշխանություններն ուղղակի հայանպաստ գործողություն անելու պատրաստ չեն, հետևաբար՝ փրկության ճանապարհը նախ այս իշխանություններից ազատվելն է, նրանց երկրի կառավարման ղեկից հեռացնելը։

Եթե մինչև այժմ մեր պայքարն արդյունք չի տվել, սա մեզ չպետք է հուսահատեցնի, քանի որ որևէ իշխանություն հավերժ չէ։ Ցանկացած շարժում ինքն իրենով արդեն որոշակի արդյունք տվել է, և այդ պայքարը պետք է շարունակական, հետևողական լինի։ Կրկնում եմ՝ հուսահատվել պետք չէ, պայքարը պետք է լինի այնքան ժամանակ, մինչև մենք տեսնենք տեսանելի արդյունք՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի հեռացումը։ Եթե այսօր չի հաջողվել հեռացնել Նիկոլ Փաշինյանին, չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը նա չի հեռացվելու»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս