Իմ պորտը Ռուսաստանում չեն կտրել, բայց երաշխիք չունեմ՝ եթե ռուսական զորքերը հայ-իրանական և հայ-թուրքական սահմանից հեռանան, Անկարան և Թեհրանը դեմարկացիա և դելիմիտացիա չեն պահանջելու. Սուրեն Սուրենյանց
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն խափանել կամ ջախջախել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Պարտված կողմն է կառչում որևէ փաստաթղթից, հաղթողին դա պետք չէ։ Ալիևը բազմաթիվ անգամներ բաց տեքստով ասել էր՝ չտաս Զանգեզուրի միջանցքը, կփակեմ Լաչինը։ Այդպես էլ արեց։ Փաշինյանը նախ զոհաբերեց Գորիս-Կապան ճանապարհը, հետո անցավ Լաչինի միջանցքն ու Արցախը զոհաբերելուն։ Հիմա հարց՝ էդ ի՞նչ սարսափելի բան էր գրված 9-րդ կետում, որի պատճառով Նիկոլ Փաշինյանը գնաց այդպիսի սարսափելի, ազգադավ գործողությունների։ Ոչինչ էլ չկա։ Պարզապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի հետ նա որոշեց փոխել երկրի արտաքին քաղաքական կուրսը։ Հիմա էլ նա կանգնած է իր մտադրությունը մինչև վերջ իրականացնելու ճանապարհին։
- Ողբերգություն է, երբ երկրի ղեկավարը «մոնիտորինգ» ու «վերահսկողություն» բառերն իրարից չի տարբերում։
- Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն արևմտյան որևէ կենտրոնից երաշխիք է ստացել, որ 9-րդ կետը չկատարելու դեպքում Ադրբեջանի ագրեսիայի պարագայում մեզ անվտանգության երաշխիքներ են տրամադրելու։ Իհարկե ո՛չ։ Նա պատերազմ է բերելու՝ առնվազն Սյունիքի կորստով։ Նրա՝ ինչպես նախապատերազմյան, այնպես էլ՝ հետպատերազմյան քաղաքականությունն արկածախնդրություն է։
- Փաշինյանը որոշել է, որ փոխելու է Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը, ինչի հետևանքով մենք այսօր ունենք տոքսիկ հարաբերություններ Ռուսաստանի հետ և զրո երաշխիքներ՝ Արևմուտքից։ Սրանից լավ առիթ պատերազմի համար չի կարող լինել։
- Պետք է գնալ Մոսկվա, բանակցել, պակաս ռիսկային լուծումներ գտնել այդ 9-րդ կետը կատարելու համար, բայց այդ դեպքում նա կարող է դաժանորեն պատժվել Արևմուտքի կողմից։ Երբ ռուս-ուկրաինական ճակատում նժարը թեքվում էր դեպի ուկրաինական կողմը, Փաշինյանը հակառուսականության մաստեր-կլասներ էր ցույց տալիս, իսկ երբ ռուսներն են սկսում հաջողել, սիրաշահում է նրանց։
- Մոսկվան Թեհրանին այս կոնֆիգուրացիայում ինչ-որ բան խոստացել է։ Մենք հասկանում ենք՝ ինչ են ուզում ռուսներն ու Իրանի ղեկավարությունը կամ Արևմուտքը։ Նիկոլ Փաշինյանին տվել են խաղալիք՝ «իշխանություն» անունով, և ասում են՝ խաղա, մինչև տեսնենք՝ ինչ է լինում։ Ինքն էլ խաղում է ժամանակի վրա։ Այս իրավիճակում քիչ թե շատ ռիսկային լուծումն այն է, ինչ նկարագրված է Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում։
- Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, եթե անգամ ցանկություն ունենան Հայաստանը պաշտպանելու թուրքերից ու ադրբեջանցիներից, դրա ո՛չ լոգիստիկ, և ո՛չ էլ այլ հնարավորությունները չունեն։ Բացի դրանից, տկարամտություն է մտածել, որ այդ երկրները մեզ պաշտպանելու են՝ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցի դեմ դուրս գալով։
- Նախկին իշխանությունների ժամանակ Արևմուտքը հարգում էր Հայաստանի ինքնիշխանությունը և այս տարածաշրջանը ճանաչում էր՝ որպես ռուսական ազդեցության տարածք։ Մենք հիմա ստրատեգիական բեռ ենք Արևմուտքի համար։
- Եթե Մերձավոր Արևելքում խոշորամասշտաբ պատերազմ լինի, որտեղ կլինի Իրանի ներգրավվածություն, այդ ժամանակ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Այդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կշիռը բարձրանալու է, ու նա գին է ուզելու, որը վճարելու է Հայաստանը։
- Մեր հասարակության մեջ գերագնահատված պատկերացումներ կան Իրանի դերի վերաբերյալ։ Իրանն առանց ռուսների աջակցության՝ Արաքսի սահմանը չի կարող անցնել։ Իրանն ամեն ինչ անում է մեծ պատերազմի մեջ չներքաշվելու համար։
- Սյունիքը հայ-ադրբեջանական հակամարտության մաս է դարձել 44-օրյա պատերազմում պարտվելու ուղիղ հետևանքով։ Սյունիքի 42 կմ-անոց միջանցքը միանձնյա վերահսկելու հնարավորությունը Փաշինյանը կորցրել է պատերազմում պարտությամբ։
- Եթե համաշխարհային տուրբուլենտությունը մի մակարդակ էլ բարձրացավ, ու եթե նա հաշվարկեց, որ ավելին է ստանում, քան ռեպուտացիոն ռիսկերն են, նա կհարձակվի Հայաստանի վրա։ Ադրբեջանին զսպում են ոչ թե ԵՄ դիտորդներն ու արևմտյան երկրների հայտարարությունները, այլ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Իրանը՝ ռուսական գործոնի հետ համատեղ։
- Ես որևէ երաշխիք չունեմ, որ եթե ռուսական զորքերը հայ-իրանական և հայ-թուրքական սահմանից հեռանան, Անկարան և Թեհրանը դեմարկացիա և դելիմիտացիա չեն պահանջելու և չեն ասելու՝ սա խորհրդային սահման է, եկեք գծենք։
- Իմ պորտը Ռուսաստանում չեն կտրել։ Ես շատ պարզ ասում եմ՝ մենք շատ բարդ անվտանգային համակարգ ունենք, ունենք շատ հարցեր մեր ռազմավարական դաշնակցին, բայց բերե՛ք այլընտրանք, նստենք, քննարկենք։
- Անվտանգության խորհրդի քարտուղար ունենք՝ Արմեն Գրիգորյան։ Այս հանճարեղ տգետը մեզ առաջարկում է Ռուսաստանից 100% կախվածության մեջ ընկնել՝ ասելով, որ կարող ենք ցորենը փոխարինել բրնձով։
- Վերջին օրերում Ադրբեջանում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված մեծ աղմուկ է բարձրացվել։ Ադրբեջանը կա՛մ կհասնի ԵՄ մանդատի չեղարկմանը, կա՛մ դիտորդական առաքելության կազմում թուրքական կոնտինգենտի ներառմանը։
- Ռուսական ուղեծրից դուրս գալու դեպքում մենք հայտնվելու ենք ոչ թե Եվրոպայում, այլ թուրք-ադրբեջանական աքցանի մեջ։
- Ալմա Աթայի հռչակագիրը Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական կուսության խախտման փաստաթուղթն է։ Անգամ Զելենսկին պաշտպանվելիս չի հիշում Ալմա Աթայի հռչակագիրը։
- Եթե մենք Ռուսաստանին հարցեր ենք ուղղում, ու դա շատ ճիշտ ենք անում, հարցեր պետք է ուղղենք նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, որովհետև ինչպես Կիլիկիայի դեպքում չենք մոռացել, այս դեպքում էլ չենք մոռանալու, որ Արցախի կորստյան համար Մակրոնն էլ ունի մեծ պատասխանատվություն։
- Դիմում եմ մեր ժողովրդին՝ չի լինելու այն հրաշքը, որ դիմադրես ու Միջանցքը չտաս։
- Բոլոր պսևդոարևմտամետների գրպանում դրված է Լոնդոնի, Վաշինգտոնի, Բրյուսելի տոմս։ Նրանք չենք կռվելու, փախչելու են։
- Ալիևը բոլոր հնարավորություններն ունի Վերսալյան մոդելով մեզ կապիտուլյացիա պարտադրելու համար։ Փաշինյանը Հայաստանին առանց դաշնակցի է թողել։ Թուրք-ադրբեջանական տանդեմի արանքում Հայաստանը մենակ թողնելը ավարտվելու է կա՛մ ցեղասպանությամբ, կա՛մ պետականության կորստով։ Կա նաև 3-րդ տարբերակը, որ վերջին պահին ռուսները գան, փրկեն։ Բայց դա էլ է ստորացուցիչ, ու էդ ժամանակ Հայաստանից 10.000 քկմ է մնալու, որ ռուսները ոտատեղ ունենան։
- Ալիևը շատ լավ է հաշվարկում իր կարմիր գծերը, և ինչ էլ լինի, ռուսական կարմիր գծերը նա չի տրորելու։ Մեր միակ հույսը դա է։
- Բրյուսելում ու Վաշինգտոնում սովոր են տեսնել հակառուսական ձողի վրա ստրիպտիզ պարող մեկին, որին հաճոյախոսություններ են անում ու чаевой տալիս, որը շատ թանկ է նստում Հայաստանի վրա, բայց որը Փաշինյանին պահում է իշխանության։
- ՔՊ-ի ներսում ոհմակի կանոններով իրար հոշոտում են․ փողի ու ազդեցության խնդիր է։ Մեծ ցնցումից առաջ բոլորը փորձում են ավելի լավ դիրքավորվել, որովհետև հասկանում են՝ Փաշինյանն իրենց բոլորին գցելու է։ Հիմա թիմի ներսում սկսվելու է խժռումը։
- Եթե Հովիկ Աղազարյանը, ով իրենց հեղափոխության մեջ Գավրոշի դեր էլ չի ունեցել, հիմա 300 000 դոլարի կաշառք է պահանջում, բա պատկերացրե՛ք՝ մյուսներն ինչ են անում։
- Տիգրան Ավինյանը նույնպես աննախանձելի վիճակում է։ Նա Նիկոլ Փաշինյանի ու Արամ Զավենի Սարգսյանի գործարքի սդաչի է։ Սա Հայաստանի ամենակոռումպացված իշխանությունն է։ Մենք տիպիկ ընտանիքապետության հետ գործ ունենք նաև ուղիղ իմաստով, որովհետև փողերը չեն կարողանում կիսեն։
- Կարող են Չալոյին նշանակել Արդարադատության նախարար, իրենց շարքերից ամենաազնիվն է:
- Արցախի կորստով փակվեց նախկին նախագահների էպոխան։ Բայց որևէ նախկին նախագահ չի խանգարում քաղաքական նոր կոնտենտի ստեղծմանը։ Ինչ-որ մեկին հրամայական քաղաքական դաշտից դուրս թողնել չես կարող։ Կարո՞ղ ենք ստեղծել համակարգ, որը Նիկոլ Փաշինյանին կուղարկի Նաիրի Հունանյանի մոտ, 3 նախագահներին էլ՝ արժանապատիվ քաղաքական հանգստի, լուռ ստեղծեք։ Քանի դեռ չեք ստեղծել, լռեք։ Հիմա ես կարո՞ղ եմ ասել՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, տուն գնացեք, ես գալիս եմ։ Եթե նրանք հեռանան, դա նշանակում է՝ մարդիկ գալու են իմ հետևի՞ց… Չէ՛։ Հետևաբար՝ ես չեմ կարծում, որ դա ճիշտ զրույց է։ Քաղաքական սերնդափոխությունն օդից չի լինում։ Բոլորին խորհուրդ կտամ ընդդիմադիր դաշտում բաժանարար գծերը խիստ պակասեցնել։ Հայաստանի 2-րդ ու 3-րդ նախագահների համակիրը չեմ, շատ եմ տուժել 2-րդ նախագահի օրոք, բայց նախկինում եղած մանր խնդիրներն այսօրվա արհավիրքների հանդիման վեր հանելը ճիշտ չէ։ Ես Արցախի կորստից հետո Մարտի 1-ի ու Ապրիլի 12-ի մասին երբեք էլ չեմ խոսում։
- Ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ ընդդիմադիր որևէ գործչի ճկույթ Նիկոլ Փաշինյանի ամբողջ իշխանության հետ չեմ փոխի:
- Չի բացառվում, որ արտաքին ֆորսմաժորների պատճառով Հայաստանում իշխանությունը միանգամից փլուզվի:
Մանրամասները՝ տեսանյութում։