Արևային էներգիան դարձել է Թուրքիայի ամենաէժան էլեկտրաէներգիայի աղբյուրը

Էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի կտրուկ նվազման արդյունքում արևային էներգիան դարձել է Թուրքիայի համար ամենաէժան էլեկտրաէներգիայի աղբյուրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միջազգային էներգետիկ վերլուծական կենտրոն «Ember»-ի զեկույցի համաձայն՝ վերջին տարիներին Թուրքիայում քամու էլեկտրակայանների կառուցման արժեքը նվազել է 40 տոկոսով, իսկ արևային կայաններինը՝ 77 տոկոսով։ Այս միտումը հանգեցրել է նաև արտադրության ընդհանուր արժեքի նվազմանը․ արևային էլեկտրաէներգիայի ծախսը կրճատվել է շուրջ 69 տոկոսով՝ հասնելով 1 ՄՎտժ 43 դոլարի։

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում տեղական ածխով աշխատող կայանների համար սահմանվել է 1 ՄՎտժ 75 դոլար գնման երաշխիք, ինչը միջին շուկայական գնից շուրջ 36 տոկոսով բարձր է։ «Ember»-ի գնահատմամբ՝ այդ քաղաքականությունը առաջիկա չորս տարում կարժենա մոտ 8,7 միլիարդ դոլար։

Փորձագետները նշում են, որ եթե այդ ռեսուրսները ուղղվեն էլեկտրացանցի արդիականացմանը և արևային կայանների առաջ գտնվող վարչարարական խոչընդոտների վերացմանը, ապա Թուրքիան կարող է մինչև 2035 թվականը հասնել 120 գիգավատ վերականգնվող էներգիայի հզորության նպատակին։

Էներգետիկ վերլուծաբան Չաղլար Չելիքյոզի խոսքով՝ Թուրքիան արևային էներգետիկայի ոլորտում զգալի առաջընթաց է գրանցել, սակայն իր ողջ ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ են ավելի վճռական քայլեր։

Տեսանյութեր

Լրահոս