
Թութանհամոնի դամբարանը փլուզման վտանգի տակ է

Հնագետները զգուշացրել են, որ եգիպտական փարավոն Թութանհամոնի 3,300-ամյա դամբարանը ջրհեղեղի վտանգի պատճառով փլուզման վտանգի տակ է, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով ուսումնասիրությանը։
Հետազոտողների կարծիքով, դամբարանում ճաքեր են առաջացել թաղման վայրում խոնավության բարձրացման պատճառով։ Սա նպաստում է սնկերի աճին, որոնք քայքայում են որմնանկարները։
Թութանհամոնի դամբարանը գտնվում է Եգիպտոսի Լուքսոր քաղաքի մոտ գտնվող Թագավորների հովտի մի մասում, որտեղ կան տասնյակ փարավոնների դամբարաններ: Թագավորների հովիտը նախկինում տուժել էր 1994 թվականի ջրհեղեղից, երբ դամբարանների մեծ մասը ջրի տակ էր անցել, ինչը լուրջ վնաս էր հասցրել որմնանկարներին և ճաքեր առաջացրել դամբարաններում: