Սա կհանձնի բոլորին, ինչպես հայ առաջին բոլշևիկները հանձնեցին Սարդարապատի բոլոր հերոսներին, կհանձնի բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվի Արցախի կորստի հետ. Արա Սահակյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մեր հասարակությունը տագնապի մեջ է, լրագրողները, փորձագետները, քաղաքական գործիչներն օբյեկտիվորեն բարձրաձայնում են, որ Ադրբեջանը միջամտում է մեր ներքին գործերին, բայց Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում ապագայի մասին ելույթ է ունենում՝ ասելով՝ «Ապագա կա»։ Տխմար ելույթ էր․ ապագան ներկայի հետ կապ ունի, ինքդ պետք է ստեղծես այդ ապագան, երկնքից ընկած մանանա չէ։ ՄԱԿ-ում նրա ելույթը չէր արտահայտում մեր հասարակության տագնապները։ Թուրքիան նրան համոզել է՝ քո հարցերի լուծումները միջազգային ատյաններում մի՛ փնտրիր, քո ապագան իմ բռի մեջ է։ Այդ կարգի միակողմանի, անպատասխան սերը սովորաբար ավարտվում է ինքնասպանությամբ։ Թույլ պետությունները գնում են զիջման, բայց դրա պտուղները ևս պետք է քաղես։
  • Թուրքիան մոտենում է իր 100 տարվա մեծ մուրազի կատարմանը։ Հայաստանում վերջապես այնպիսի իշխանություն է, կամ գուցե իրենք են բերել նրան, ով նրանց կատարած հանցագործությունը, ցեղասպանությունը մոռանում է։ 
  • Թուրքական դիվանագիտությունը հզոր ուժ է։
  • Ժամանակակից կյանքում այլ պետությունների ղեկավարներին նվաստացնելու դեպքեր շատ կան Հիտլերի քաղաքական կենսագրության մեջ՝ Չեխիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Իտալիայի ղեկավարների նկատմամբ։ Որպես կանոն՝ դա վատ տոն է համարվում, բայց իրենց հարգող պետությունների ղեկավարները նման դեպքերում խզում են հանդիպումները, լքում են հանդիպման վայրը, դեմարշ են հայտարարում, իսկ Փաշինյան-Էրդողան հանդիպման պարագայում դա փոխհամաձայնեցված էր։ 
  • Երբևէ որևէ մեկը Հայաստանի ղեկավարների հետ նման կերպ չի վարվել, ինչը մենք տեսանք Էրդողան-Փաշինյան հանդիպման ընթացքում։

Կարդացեք նաև

  • ՔՊ-ն շարունակում է գործերին մոտենալ հեղափոխական գլխապատառությամբ, քյալլագյոզությամբ՝ չնախապատրաստելով, չուսումնասիրելով հարցը, հաշվի չնստելով հասարակական կարծիքի հետ, չաշխատելով քաղաքական ուժերի, Խորհրդարանի հետ… Սահմանադրության փոփոխությունը, որը, եթե Փաշինյանը մնա իշխանության, կլինի հանրաքվեով, իր միակ հույսը կեղծելն է, ինչպես 2021թ ընտրությունները։ Ես այն մարդկանցից եմ, որ պնդում եմ՝ 2021թ. ընտրությունները կեղծվել են: Ես եղել եմ տեղամասում և տեսել եմ… Սա նորից բռնություն է ժողովրդի կամքի վրա, և նա փորձելու է կեղծելով անցկացնել Սահմանադրության փոփոխությունը:

Բայց այդ ամեն ինչը հետո է լինելու, իսկ հիմա պարզ է, որ դա արվելու է արտաքին պարտադրանքով: Այսինքն՝ Հայաստանը գտնվում է սնանկացած ձեռնարկության կարգավիճակում: Ե՛վ բանկային համակարգում, և՛ բիզնեսում երբ տեսնում են, որ այն հնարավոր չէ առողջացնել, նշանակում են սնանկության կառավարիչ: Հիմա Ալիևը մեր պետությունը տանում է սնանկացման, և Փաշինյանն էլ հանդես է գալիս՝ որպես սնանկության կառավարիչ: Այսինքն՝ նա կատարում է Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների ուղիղ հրահանգները՝ սնանկացնելու, քանդելու, վերացնելու մեր պետությունը: Սնանկացման կառավարիչը, որպես կանոն, կազմակերպիչ-կատարող է: Նա պիտի կատարի որոշում կայացնողների հրահանգները: 

  • Այդ զույգը չի հագենում, պետության փոշիացման գործընթացը կանգ չի առնում: Երբ նայում եմ Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգին, ես հիշում եմ Միխայիլ և Ռաիսա Գորբաչովներին, ովքեր, իհարկե, սրանց համեմատ շատ ավելի որակով էին, բայց որակով էլ այդ հզոր երկիրը փլուզեցին։ 
  • Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, կարծում եմ, հայտարարություն է կոչվել Հայաստանի կողմից այն ստորագրողի պաղատանքով, ով, թերևս, ասել է՝ մի բան արեք, ես էդ թուղթը չտանեմ Խորհրդարան, որովհետև հիշում ենք՝ ինչ վիճակում էր նա այդ օրերին՝ բունկերներում թաքնված, վախեցած։ Դա Փաշինյանի կողմից ինքնիրավչություն է։ Հաջորդ ցանկացած իշխանություն կարող է այն վերանայելու պահանջ դնել, և դրա պահանջը, կարծում եմ, կա։ Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ այդ փաստաթղթից ստացել է մեկ բան՝ 1-ին կետը՝ կրակի դադարեցում, ուրիշ ոչի՛նչ չի ստացել։ Այդ փաստաթղթում Ռուսաստանը 3 կետում է իր խնդիրը կատարել՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ կետեր՝ զորքերի դուրսբերում, խաղաղապահների տեղակայում, միջազգային կենտրոնի հիմնում։
  • Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով Հայաստանն ասում է՝ ես երաշխավորում եմ ապաշրջափակված ճանապարհներով մարդկանց ու բեռների անվտանգությունը։ Հավանաբար այդ հայտարարության քննարկման ժամանակ ասել են՝ բա դա ո՞նց է լինելու, Ռուսաստանն ասել է՝ իմ սահմանապահները կարող են հսկել։ Ռուսաստանն ինչ-որ իմաստով դարձել է Հայաստանի պարտավորության երաշխավորը։

2020թ. նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին եռակողմ համաձայնագիր, որի 9-րդ կետում ասվում է. 

«9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: 

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:

  • Այդ մարդը՝ Փաշինյանը, նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրելով՝ Ադրբեջանին ասել է՝ դու իրավունք ունես իմ տարածքով գնալ Նախիջևան, իսկ Նախիջևանից իրավունք ունեն իմ տարածքով գնալ Ադրբեջանի հիմնական տարածք։ Ավելին, նա խոստացել է նաև, բացի հիմնական ճանապարհից, այլ ճանապարհներ էլ կառուցել։

Երբ նա սկսեց 9-րդ կետի շուրջ «նեյնիմները», Ադրբեջանին քաղաքական ու բարոյական հնարավորություն տվեց ոչնչացնել Լաչինի միջանցքը, որն ավարտվեց Արցախի հայաթափմամբ։ Այս մարդն ամեն ինչ արեց, որ Ադրբեջանին տա կռվան՝ վերացնելու Արցախի հայությանն Արցախից։ Այս ամենը նա արեց՝ չկատարելով եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Հիմա էլ Ադրբեջանն ասում է՝ շատ լավ, Զանգեզուրի միջանցքը չես տալիս, ճանապարհ կտաս Երևանով։ 

  • Նոյեմբերի 9-ի այս փաստաթուղթը շատ ականներ ունի, բայց նրա չեղարկումով Հայաստանը զրկվում է իր համար կարևոր 1-ին կետից և… սկսվում է պատերազմ։

Ընթերցողին հիշեցնենք, որ 2024թ. ապրիլին Ալիևը հայտարարեց, որ իրենց դիրքորոշումը շատ հստակ է՝ 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը պետք է հարգվի, և Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով։ «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով չեն ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասեն։ Բայց էլի, սա իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը։ Այնպես որ, պարզ է, որ նրանք կկորցնեն տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը,- ասել է նա՝ ավելացնելով,- Ի՞նչ է լինելու վերջում։ Հայաստանը պարտվելու է»։

  • Ադրբեջանը չի վստահում Հայաստանին, ուզում են, որ ռուսները երաշխավոր լինեն, մինչդեռ Զանգեզուրի միջանցքի գործարկումը վտանգավոր չէր լինի, եթե Հայաստանը կարողանար նորմալ ապահովել այդ ճանապարհի անվտանգությունը։
  • 9-րդ կետի չկատարումն է պատճառը, որ Ադրբեջանը չի կատարում 8-րդ կետը՝ Բաքվի բանտերում գտնվող գերիների և պատանդառված անձանց վերադարձը։ Ադրբեջանը, կտեսնեք, մեծ դատավարություն է անելու՝ 1930-ականների Ստալինյան դատավարությունների նման։ Ցավոք, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ անմարդկային ճնշումներ են գործադրելու, ու հնարավոր է՝ նրանք կոտրվեն, բարոյալքվեն, կեղծ խոստովանություններ անեն, ինչը մենք դարերով չենք մարսելու։ Մենք պետք է քարոզչական մեծ արշավ անենք և Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ասենք՝ խոսեք, ինչ ուզում են՝ ասեք, միայն թե վերադարձեք: 
  • Հայ առաջին բոլշևիկները Սարդարապատի հերոսամարտի բոլոր հերոսներին, հրամանատարներին հանձնեցին բոլշևիկներին։ Նույնը սա կանի, կհանձնի բոլորին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բոլորին, ովքեր հաղթանակներ են կերտել Արցախի և Հայաստանի համար։ Սրանք Ալիևին կհանձնեն բոլորին, ովքեր չեն հաշտվի Արցախի կորստի հետ։
  • Սկզբում ասում էին՝ նախկինները չգան, հիմա ասում են՝ ոչ նախկին, ոչ ներկա… Բա ո՞վ։ Իրականում ամեն ինչ այսքան պարզունակ չէ։ Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն այլ քաղաքական մտածողության կերտողներ էին, ու նրանցից որևէ մեկի գալով՝ Արցախյան հարցը վերադառնալու է բանակցային սեղան։ Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ նրանցից որևէ մեկը չգա, դեմ են Արցախի հարցն օրակարգ վերադարձնելուն։ Նրանք, ովքեր ասում են՝ դեմ ենք նախկիններին, դրանք դեմ են նախկինների արցախյան քաղաքականությանն ու այդ քաղաքականությունը վերածնելուն։ Դեմ են մեր գերիներին վերադարձնելուն, դեմ են մեր զոհերի ճշգրիտ թիվն իմանալուն, դեմ են Հայաստան պետությանը:
  • Ինձ ասում են՝ Ռուսաստանը պարտվելու է, ես էլ հակադարձում եմ՝ կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է նշանակում միջուկային տերության պարտություն։ 
  • Թե ինչպիսի իշխանություն կլինի Հայաստանում, Ռուսաստանին չի մտահոգում։ Նրանք ասում են՝ հայ ժողովուրդ, դուք որոշեք, ինչ իշխանություն էլ լինի Հայաստանում, մենք ձևը կգտնենք նրանց հետ աշխատելու։ Այլ կերպ է մտածում, սակայն, ԱՄՆ-ը. նրանց պետք է Հայաստանում ունենալ դրածո իշխանություն։
  • Իշխող վարչախմբի՝ ՔՊ-ի ներսում այլևս չկա այն միաձույլ ձողը, փոքրիկ ապստամբություններ են բարձրացնում, նախարար են հեռացնում, նոր գործիչների դեմ են պրոցեսներ նշմարվում, որոշ պատգամավորներ այլևս շատ չեն խոսում… 
  • Որպես ապագա իշխանություն՝ հնարավոր է՝ Բագրատ սրբազանը հետո խնդիր դնի վերանայել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ու հնարավոր է՝ այդ պատճառով նա չպատասխանեց Պետրոս Ղազարյանի այդ հարցին։ Բագրատ սրբազանը կարող էր 2 պատասխան տալ, բայց նա գտավ 3-րդը՝ ոչինչ չպատասխանեց։

  • Դուք եք ստորագրել Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դուք չեք կատարել այն, ինչպես ասում են Շամշադինում՝ причем тут Баграт србазан?: Իշխանությունն է ստորագրել, թող ինքն էլ պատասխան տա՝ ի՞նչ է անելու այդ հայտարարության 9-րդ կետի հետ։ Ստորագրել եք, գնացեք, կատարեք ձեր միջազգային պարտավորությունները։ Հեծանիվ քշել գիտեք, ձեր ստորագրությունը կատարել չգիտե՞ք։
  • Մեր դժբախտությունն այն է, որ ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմության մի հատվածն է ծուլորեն օգտագործում չափազանց առանցքային «ինքնորոշում» բառը։ 30 տարի ամեն ինչ արվել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չընկալվի՝ որպես տարածքային վեճ, այլ ինքնորոշման համար պայքար, իրավունք։ Հիմա սրանք եկան իշխանության ու Ղարաբաղյան հակամարտությունը դարձրեցին տարածքային վեճի խնդիր։ Դրա՛ համար է հիմա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում։ Ինքնորոշումը ժողովրդի իրավունքն է՝ ինչպես տնօրինել սեփական ճակատագիրը։ Այն կարող է արտահայտված լինել նոր պետության ստեղծման, այլ պետության միացման ու ինքնավարության տարբեր աստիճանների տեսքով։ Երեկ ԱԺ-ում Փաշինյանը գիտակցված, ստորաբար նսեմացրեց Արցախի ժողովրդի անկեղծ պոռթկումը։ Արցախցիները ոտքի էին կանգնել ո՛չ թե ռազմական ճանապարհով հարցեր լուծելու, այլ խաղաղ հավաքով դիմել էին ԽՍՀՄ բարձրագույն իշխանությանը՝ ինքնորոշման իրավունքից ելնելով… Իսկ Ադրբեջանը դրան պատասխանեց Սումգայիթով։ Արցախցին ուզում էր հայերեն խոսել, իր մշակույթը պահել։ Մի եկեղեցի չէին թողել սարքեն Արցախում…
  • Չարագործություն, դավաճանություն է կատարվել։ Մի բան է, երբ հարձակվում են և հողերը զավթում, տանում, մեկ այլ բան, երբ Հայաստանի ղեկավարի աթոռին նստած անձն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանի համար դա շատ դյուրին լինի։ Օր առաջ պետք է սրանցից ազատվել։ Բոլոր սահմաններն անցել են։ Այս չարիքը պետք է վերացվի։
  • Պետք է վերացնել արևմտամետների ու ռուսամետների ճամբարները։ Մարդիկ պետք է հասկանան, որ հենց նման ճամբարների բաժանվելն է մեր դժբախտությունների պատճառը։ Մի՛ դարձեք գործիք։ Ես էլ ունեմ այդպիսի ընկերներ, գրանտներով ապրող, ովքեր առաջ համեստ, չարքաշ կյանքով էին ապրում, իսկ հիմա փողին փող չեն ասում։ Էլի ունեցեք անձնական բարեկեցություն, բայց ոչ Հայրենիքի, հայրենիքի հողերի հաշվին։ Սահմաններ գծե՛ք։ Պետք է միավորվել հայրենիքը սիրելու գաղափարի շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս