Ինդոնեզիայում ինը մարդ է զոհվել սողանքի հետևանքով
Ինդոնեզիայում՝ Արևմտյան Սումատրայի նահանգում ոսկու անօրինական արդյունահաման հանքահորից ոչ հեռու առնվազն ինը մարդ է զոհվել սողանքի հետևանքով: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 14-ի ուշ երեկոյան՝ հանքահորի մոտ գտնվող լանջին, որտեղ այդ պահին աշխատում էին հանքագործները:
«Այս վայրը անօրինական ոսկու հանք է։ Ժայռի փլուզման ժամանակ ինը մարդ մահացել է, երեքը կարողացել են փրկվել», – հայտնել է ոստիկանության խոսնակը։
Զոհերի մարմինները հայտնաբերվել և դուրս են բերվել հողի տակից։
Հանքարդյունաբերական վթարները համեմատաբար հաճախ են հանդիպում Ինդոնեզիայում հատկապես անձրևոտ սեզոնին, երբ սողանքների հավանականությունն ավելի մեծ է։



